Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանին հաջողվել է տարբեր միջոցներով օրակարգից հանել տարածքների վերադարձի մասին խոսակցությունները». «168 ժամ»

Մայիս 25,2017 11:45

Մեր զրուցակիցն է Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, քաղաքական վերլուծաբան Դենիս Դվորնիկովը

– Պարոն Դվորնիկով, ԵԱՀԿ Մինսկի  խմբի  համանախագահները հասցեական  հայտարարությամբ են հանդես եկել և Ադրբեջանին մեղադրել հայկական դիրքերը հրթիռակոծելու և շփման գծից այն կողմ նպատակակետի հարվածելու մեջ։ Սակայն այդ հայտարարությունը կարծես զսպող նշանակություն չունեցավ Բաքվի համար։ Ձեր կարծիքով՝  սահմանին  իրադրությունն ինչպե՞ս կզարգանա, հնարավո՞ր է նոր էսկալացիա։

– Իրադրության սրացում, ցավոք, հնարավոր  է ցանկացած պահի։ Խնդիրն այն է, որ ադրբեջանական էլիտայի ներսում սուր պայքար է ընթանում  գոյատևման  համար՝ ներկայիս   տնտեսական   լուրջ ճգնաժամի պայմաններում։ Շատերին արդեն հասկանալի է, որ ոչ մի Ղարաբաղ  Ադրբեջանին  վաղուց պետք չէ։ Զուտ այն պատճառով, որ այդ տարածքն օրգանապես ոչ մի անգամ կապված չի եղել այն ազգերի հետ, որոնք բնակվում են Ադրբեջանի Հանրապետությունում։ Սակայն որպես քաղաքական գործիք, որպես միջոց, որը շեղում է բնակչության ուշադրությունն  իրական խնդիրներից, պատերազմը բավականին արդյունավետ  գործիք է։ Պատկերացրեք, որ Ալիևի շրջապատից որևէ մեկը ցանկանում է նրան գահընկեց անել կամ ստեղծել քաղաքական ճգնաժամ։ Դրա համար բավարար է երկիրը ներքաշել նոր զինված  հակամարտության  մեջ, որում մեծ է ցավոտ պարտությունների  հավանականությունը։  Սա՝ մտորումների համար։ Իրականում ամեն ինչ կարող է  լինել ավելի բարդ, ավելի ցինիկ և ավելի վտանգավոր։ Անխոս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները,  մասնավորապես նաև Ռուսաստանը, պետք է շատ  լուրջ  ազդեն  Բաքվի  վրա, ցույց տան, որ սադրանքների շարունակվելու դեպքում դիվանագիտական լուրջ պատասխան կլինի։ Պատերազմը ոչ մեկին պետք չէ։

– ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կարո՞ղ է այս իրավիճակում Ադրբեջանին ագրեսոր ճանաչել, քանի որ նա ձախողում է խաղաղ կարգավորման գործընթացը։ Եվ դա կարո՞ղ է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը։

– Կարծում եմ՝ դրանք 2 տարբեր գործընթացներ են Ադրբեջանի որպես ագրեսոր ճանաչումն ու Արցախի անկախության ճանաչումը։ Առաջին հերթին, ամեն ինչ կախված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։ Չի կարելի նստել և սպասել, որ ՄԱԿ-ը կամ պետություններից որևէ մեկն ինչ-որ բան կճանաչի։ Պետք է գործել, հավաքել հավաստի տեղեկություններ, ձեռք բերել դրանց անհերքելի ապացույցները։ Պետք է սկսել աշխատել փորձագիտական շրջանակների հետ, և ոչ թե՝ հարյուր-հազարավոր դոլարներ ծախսել հայկական ազգանուններով ռուսական գործիչներին Ստեփանակերտ տանելու վրա, որ հետո նրանք վախենան հրապարակային ասել, որ այցելել են չճանաչված հանրապետություն։ Ես լսել եմ նման հիմար և անիմաստ նախագծերի մասին։ Դեռևս լուրջ, մտածված և համակարգային աշխատանք չեմ տեսնում։ Կան առանձին երիտասարդ էնտուզիաստներ, ինչպես, օրինակ՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը կամ ԵԽ

ԽՎ-ում ՀՀ պատգամավոր Նաիրա Կարապետյանը, բայց նրանք ավելի շուտ վառ բացառություններ են։ Մյուս ինստիտուտներն աշխատում են կարծրատիպային եղանակներով, ոչ բավարար մոտիվացված, զգուշավորությամբ և վերապահումներով։ Այդ կերպ հնարավոր չէ արդյունքի հասնել։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031