Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-ադրբեջանական ընդհանուր շահեր ընդդեմ ԵԱՀԿ-ի

Հունիս 03,2017 12:00

Ինչպես Բաքուն զրկեց ԵԱՀԿ-ին
Հարավային Կովկասում իր առաքելության ներկայությունից

Մինչ Հայաստանը ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման է նախապատրաստվում նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում` մեկ այլ իրադարձություն տեղի ունեցավ, որը, միանշանակ, Հայաստանի շահերից չէր բխում:

Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն էր, որտեղ գործում էր ԵԱՀԿ գրասենյակը։ 2015-ին փակվեց Բաքվի գրասենյակը: Ադրբեջանի իշխանությունները ուղղակի չերկարացրին ԵԱՀԿ գրասենյակի մանդատն Ադրբեջանում: Վրաստանում ԵԱՀԿ առաքելության մանդատը ավարտվեց 2008թ. դեկտեմբերին` ռուս-վրացական պատերազմից ամիսներ անց՝ ռուսական կողմի պահանջով։ Ադրբեջանը խոչընդոտեց Հարավային Կովկասում ԵԱՀԿ վերջին գրասենյակի բյուջեի հաստատմանը՝ անհնարին դարձնելով 2000-ից գործող երեւանյան գրասենյակի հետագա գործունեությունը: Այն իր աշխատանքը կդադարեցնի օգոստոսի 31-ից:

Մայիսի սկզբին Եվրահանձնաժողովը հայտարարություն տարածեց Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակի հայտարարության մեջ ասվում էր. «Մենք գնահատում ենք ԵԱՀԿ-ում նախագահող երկրների` Գերմանիայի, իսկ այժմ արդեն Ավստրիայի շարունակական ջանքերը Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատը երկարաձգելու վերաբերյալ ԵԱՀԿ որոշման մեջ տեղ գտած ձեւակերպումների շուրջ ծագած խնդիրը հարթելու ուղղությամբ: Մենք աջակցություն ենք ցուցաբերել այդ հարցում: Մանդատի երկարաձգման հարցում համաձայնության հասնելը մեծագույն կարեւորություն ունի: ԵԱՀԿ առաքելությունները կարեւոր դեր են խաղում ԵԱՀԿ սկզբունքները կյանքի կոչելու հարցում: Եվրոպական միությունը լիովին հանձնառու է եւ աջակցում է ԵԱՀԿ-ի գործունեությանը: Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը, որը մեծ արժեք ունի ԵԱՀԿ-ի համար առհասարակ, այժմ վտանգված է: Երեւանի գրասենյակը Հարավային Կովկասում ԵԱՀԿ վերջին ներկայացուցչությունն է:

Եվրամիությունը աջակցում է Հարավային Կովկասի բոլոր երկրներում ԵԱՀԿ-ի նշանակալից ներկայությանը: Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը կարեւոր դեր ունի իրեն հյուրընկալող երկրի` Հայաստանի կարիքները բավարարելու տեսանկյունից»: Այնուհետեւ հայտարարության մեջ նշվում էր. «Ադրբեջանի բարձրացրած մտահոգությունը, թե Երեւանի գրասենյակը չպետք է ներգրավված լինի հակամարտության հետ առնչվող գործունեության մեջ, իր արտացոլումն է գտել ավստրիական նախագահության առաջարկած ձեւակերպումներում, եւ հյուրընկալ երկիրը ընդունել է այդ լուծումը: Այն, որ դա եւս արդյունք չի տվել, հիասթափեցնող է: Ստեղծված փակուղային իրավիճակին հանգեցրած ձեւակերպումների խնդիրը չպետք է Երեւանի գրասենյակի մանդատի երկարաձգման խոչընդոտ դառնա: Մենք կոչ ենք անում կողմերին հավելյալ կամք դրսեւորել հնարավորինս շուտ խնդրի լուծում գտնելու ուղղությամբ»:

ԵԱՀԿ Մշտական խորհրդում ԱՄՆ գործերի հավատարմատար Քեյթ Բայրնեսն իր հերթին շեշտեց, որ ԱՄՆ-ը ափսոսանք է հայտնում Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի մոտալուտ փակման կապակցությամբ. «Ցավում ենք, որ փակվում է Հարավային Կովկասում ԵԱՀԿ վերջին գրասենյակը: Այդ գրասենյակները անգնահատելի աջակցություն են ցուցաբերում այն երկրներին, որտեղ գտնվում են՝ օգնելով ամրապնդել նվիրվածությունը ԵԱՀԿ սկզբունքներին եւ հանձնառություններին, ապահովելով վաղ նախազգուշացում եւ ճգնաժամերի կառավարում, խրախուսելով երկխոսություն կառավարության եւ քաղաքացիական հասարակության միջեւ»:

ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության հայտարարության տեքստում այնուհետեւ նշվում էր, որ բարձր են գնահատում ԵԱՀԿ-ի գերմանական եւ ավստրիական նախագահությունների վճռական ջանքերը՝ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ ստեղծված փակուղուց դուրս գալու ուղղությամբ. «Ափսոսում ենք, որ Ադրբեջանը հրաժարվեց համաձայնել մանդատի երկարաձգմանը, քանի դեռ գրասենյակը շարունակում է իր մարդասիրական ականազերծման հետ կապված գործունեությունը: Հայաստանը, հավատարիմ մնալով փոխհամաձայնության ոգուն, համաձայնեց գրասենյակի այդօրինակ գործունեության դադարեցմանը: Չնայած նախագահության՝ ամիսներ շարունակ գործադրած ջանքերին, հնարավոր չեղավ հասնել այնպիսի ձեւակերպման, որը կբավարարեր բոլոր անդամ երկրներին եւ թույլ կտար ընդունել մանդատի երկարաձգման մասին Մշտական խորհրդի որոշում»:

Մայիսի 30-ին Երեւանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի համատեղ մամլո ասուլիսում արձանագրվեց, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակմամբ Հայաստանի հետ համագործակցությունը չի դադարի: Չնայած Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը՝ համագործակցությունը կազմակերպության եւ Հայաստանի միջեւ կշարունակվի, եւ այժմ քննարկվում են այդ համագործակցության ձեւերը՝ վստահեցրեց Լամբերտո Զանիերը: Նա հայտնեց, որ Երեւան է ժամանել գրասենյակի աշխատակիցների հետ հանդիպելու եւ նրանց հետ գրասենյակի փակման հետ կապված հարցերը քննարկելու համար: «Գրասենյակի փակումը չի նշանակում, որ Հայաստանի հետ համագործակցությունն ավարտվելու է: Մեր օրակարգում բազմաթիվ կետեր կան, որոնք կարեւոր են, ուստի աշխատելու ենք տարբեր ճանապարհներ գտնել միասին աշխատելու եւ վստահեցնելու համար, որ գրասենյակի փակումը միայն նշանակում է՝ փակվել է համագործակցության ընդամենը մեկ գլուխ, սակայն բացվել են համատեղ աշխատելու նոր ճանապարհներ: ԵԱՀԿ-ն շարունակելու է ներգրավված լինել՝ տարբեր եղանակներով աջակցելով ընտրությունների անցկացմանը: Կան նաեւ ընթացքում գտնվող կարեւոր ծրագրեր, որոնց մենք մասնակցում ենք միայնակ կամ այլ միջազգային գործընկերների հետ: Մենք նաեւ ձգտում ենք օգտագործել այդ գործընկերությունը ապագայում մեր ներգրավվածությունը շարունակելու համար»,- ասաց Լամբերտո Զանիերը:

ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի բնորոշմամբ՝ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի փակման ուղղությամբ Բաքվի քայլերն ուղղված էին միջազգային այդ կառույցի դեմ. «ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցելությունը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ կազմակերպությունը ստիպված է փակել մեր տարածաշրջանում իր վերջին գրասենյակը, քանի որ ԵԱՀԿ մասնակից պետություններից մեկը՝ Ադրբեջանը, չարաշահելով վետոյի իրավունքը, փաստացի արգելափակեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգումը: Բաքուն սա փորձում էր ներկայացնել Ադրբեջան-Հայաստան հարթության վրա, սակայն իրականում դա վերաբերում է ԵԱՀԿ-Ադրբեջան հարաբերություններին, մի գործունեություն, որն ուղղված է ԵԱՀԿ-ի դեմ»: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը եւս Լամբերտո Զանիերն ափսոսանք էր հայտնել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության մանդատի կասեցման կապակցությամբ՝ նշելով, որ կազմակերպությունը, այնուհանդերձ, պատրաստակամ է եւ շահագրգիռ շարունակելու հետագա համագործակցությունը Հայաստանի հետ:

Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքն, իհարկե, ակնհայտ էր, ոչ ոք դա չի վիճարկում, սակայն նաեւ փաստ է, որ Ադրբեջանին հաջողվեց հասնել Հայաստանի որոշակի մեկուսացմանը, ուղղակի վնաս հասցնել Հայաստանին:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը հիմնադրվել էր ԵԱՀԿ Մշտական խորհրդի որոշմամբ 1999թ. հուլիսի 22-ին, իսկ գործունեությունը սկսել 2000թ. փետրվարի 16-ից` ՀՀ ԱԺ կողմից ՀՀ ԱԳՆ եւ ԵԱՀԿ միջեւ Փոխըմբռնման հուշագրի վավերացումից հետո:
Մի քանի ամիս ԵԱՀԿ-ն փորձում էր լուծում գտնել կառույցի երեւանյան գրասենյակի գործունեությունը շարունակելու հարցում, սակայն Ադրբեջանը վերապահումներ ուներ եւ, օգտվելով կոնսենսուսի ընթացակարգից, ուղղակի խոչընդոտեց կառույցի ծրագրերի իրականացմանը Հայաստանում: Ամիսներ շարունակ ձգվող այս գործընթացի առիթը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ծրագրերից մեկն էր: Խոսքը Ականազերծման իրազեկվածության կրթական ծրագրի մասին էր: Ադրբեջանը բողոքներ էր ներկայացրել այդ ծրագրի առնչությամբ։ Գերմանական, ապա ավստրիական նախագահությունը փորձեց Ադրբեջանին համոզել, որ այդ բողոքները անհիմն են, սակայն ապարդյուն։
Այսինքն՝ Վրաստանի դեպքում` Ռուսաստանի քայլով, Ադրբեջանի դեպքում` իրենց իսկ նախաձեռնությամբ, իսկ Հայաստանի դեպքում` Բաքվի արգելափակման արդյունքում փակվեց Հարավային Կովկասում ԵԱՀԿ միակ գրասենյակը: Պաշտոնական Բաքուն ուղղակի զրկեց ԵԱՀԿ-ին Հարավային Կովկասում իր առաքելության ներկայությունից: Որո՞նք էին պաշտոնական Բաքվի իրական շարժառիթները: Թերեւս, տարբեր` Հայաստանը որոշակիորեն մեկուսացնելու, քաղաքակիրթ աշխարհից կտրելու ձգտումներից մինչեւ Բաքվի ռազմատենչ նկրտումները` ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու փորձերում պոտենցիալ դատապարտողների թիվը նվազեցնելը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակման առիթով շատ են հնչել տեսակետներ, որ դա միանշանակ ձեռնտու քայլ էր Ռուսաստանի համար: Այս կարծիքն ամրացնելու համար արժե ընդամենը դիտարկել վերջին տարիներին ռուս-ադրբեջանական կուռ համագործակցությունը միջազգային հարթակներում: Ադրբեջանը ոչ մեկ անգամ է պաշտպանել ԵԽԽՎ-ում Ռուսաստանին` բացահայտ դեմ հանդես գալով ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, իսկ Մոսկվան հստակ պաշտպանել է Ադրբեջանին ԵԱՀԿ ԽՎ-ում` քննադատելով եվրոպացի գործընկերներին:

2015թ. նոյեմբերի 1-ին Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ դիտորդներ չուղարկելու որոշման առիթով Բաքվին պաշտպանում էր Մոսկվան: Ընտրությունների դիտորդության ոլորտում միջազգային ամենահեղինակավոր կազմակերպություններից՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հրաժարվել էր Ադրբեջանում կայանալիք ընտրությունների դիտորդությունից՝ Բաքվի կողմից իր դիտորդների քանակը սահմանափակելու պատճառով: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի օրինակին հետեւելով՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը նույնպես հրաժարվել է դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջան: ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկկա Կաներվան հայտարարել էր՝ «քանի որ Ադրբեջանի կառավարությունը սահմանափակումներ է դրել իրենց ավանդական գործընկեր ԺՀՄԻԳ-ի վրա, իրենք նույնպես հրաժարվում են այդ ընտրությունների դիտորդությունից»: Մինչդեռ Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինն այդ փուլում ուղղակի հայտարարեց, որ Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանին եւ բարձր է գնահատում, որ «Բաքուն հանդես է գալիս որպես ինքնիշխան պետություն»:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

02.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930