Լրահոս
Օրվա լրահոսը

«Էջմիածինը պիտի ընդունի, հա՞, որ երկու նույնասեռական գնան ամուսնանան» (Տեսանյութ)

Հունիս 05,2017 17:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդմանը ԼԳԲՏ-ի գովազդային պաստառների ապամոնտաժման թեմայի շուրջ բանավիճում են «Փինք Արմենիա-Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Իշխանյանը եւ քաղաքական գործիչ, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Հռիփսիմե Ջեբեջյան.- Պարոն Իշխանյան, քաղաքապետարանը որեւէ օրինական հիմք չի՞ ունեցել այդ պաստառները ապամոնտաժելու, այստեղ Դուք խտրական վերաբերմո՞ւնք եք տեսնում տվյալ համայնքի նկատմամբ:

Հովհաննես Իշխանյան.- Քաղաքապետարանի փաստարկն այն է, որ գովազդային գործակալությունը, որին մենք դիմել էինք, թույլտվություն չի վերցրել պաստառը փակցնելու համար: Էսքիզը պետք է ներկայացնեն, քաղաքապետարանը պետք է նայի՝ խախտումներ կա՞ն, թե՞ չկան, երեխայի նկար կա՞, թե՞ չկա, կամ պոռնկագրական նյութեր: Գործակալությունը 20 տարի այս բիզնեսի մեջ է, եւ պրակտիկայում եղել են դեպքեր, որ առանց էսքիզն ուղարկելու տեղադրել են, ու եթե հիմա պաստառի մեջ որեւէ խախտում չկա, ո՞րն է հիմքը հեռացնելու: Ամեն դեպքում մենք նորից դիմել ենք քաղաքապետարան, որ վերականգնեն, 5-օրյա ժամկետում պետք է պատասխանեն:

Հ. Ջ.- Պարոն Եղիազարյան, ես գիտեմ, որ Դուք համարում եք, թե քաղաքապետարանը շատ լավ է արել, որ այդ պաստառները հեռացրել է, ինչո՞վ էին այդ սոցիալական, մարդասիրական բնույթի պաստառները խանգարում հանրությանը եւ ինչո՞ւ պետք է ապամոնտաժվեին:

Գուրգեն Եղիազարյան.– Հազիվ մի պետքական բան է արել քաղաքապետարանը: Առեւտրի շարժիչ ուժը ո՞րն է՝ գովազդը, հիմա մենք ի՞նչ ենք գովազդում: Էս երկրում մի բուռ հայ ենք մնացել, լրջագույն խնդիր ունենք բանակում ծառայողների, այսօր մենք խնդիր ունենք մեր էթնոսը պահպանելու, ի՞նչ է, գենդեր-մենդերո՞վ պիտի մեր էթնոսը պահպանենք: Իբր թե մի օրի էինք, մի հատ էլ դրանք լցվեն ստեղ ու գովազդեն, հա՞, էդ ամեն ինչը: Դուք հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ է կատարվում: Դուք մի րոպե պատկերացրեք, որ մեր բանակը կանգնած է շարային, հրամանատարը դուրս է գալիս տրանսսեքսուալ՝ ունքերը քաշած, մնացածները նույնասեռականներով կանգնած են, հիմա ո՞նց ասեմ, ո՞ր բառն ասեմ, որ երեւանցուն ավելի հասանելի լինի, եւ դրանք գնալու են պատերազմի՞: Այսինքն՝ էն տղաները, որ նորմալ մարդիկ են, պիտի գնան զոհվե՞ն: Է, նորմալ մարդ էլ չի մնալու, եթե գովազդ եղավ: Համացանցը լցված է այս այլասերվածությամբ: Հիմա ի՞նչ անենք, այլասերվածությո՞ւնը գովազդենք Երեւանի կենտրոնում:

Հ. Ջ.– Դուք դա այլասերվածությո՞ւն եք որակում: Գովազդներից մեկում 2 նույնասեռական տղամարդու կերպարներ գրկախառնված են, եւ գրված է՝ «դու ուզո՞ւմ ես, որ բոլորը երջանիկ լինեն, ուրեմն մաղթիր մեզ երջանկություն»: Դուք չե՞ք ուզում մարդկանց երջանկություն մաղթել: Բա ո՞ւր մնաց մեր հանդուրժողականությունը, ո՞ւր մնացին Հայաստանի ստորագրած միջազգային կոնվենցիաները, Սահմանադրությունը, օրենսդրությամբ ամրագրված մարդու իրավունքներն ու ազատությունները:

Գ. Ե.- Վաղը գնացեք ԱՄՆ դեսպանատան մոտ մի հատ ցույց կազմակերպեք, ասեք՝ չե՞ք ամաչում, Տեխասի նահանգում ինչո՞ւ եք մարդկանց ներարկում, սպանում, բա դուք նամուս ունե՞ք, դուք մեր օրինակն եք հանդուրժողականության, ժողովրդավարության: Ներարկում եք, մնացածին էլ նստացնում եք էլեկտրական աթոռի վրա, բա ո՞ւր է ձեր հանդուրժողականությունը: Ինչի՞ համար ԱՄՆ-ը կարող է ժողովրդավարության վրա թքած ունենալ, իսկ դուք ասեք՝ մենք միջազգային պայմանագրեր ենք ստորագրել… Ո՞վ է մեր շլինքից բռնել: Ինչ է մի քանի տզրուկ գրանտներ ստանան, լափեն, գենդերային հավասարությունը, մարդասիրությունը, չգիտեմ որ զահրուզիբիլը: 1.5 մլն ենք մնացել, վաղն ի՞նչ ենք անելու, թողնելու ենք, որ նույնասեռականները պսակվե՞ն իրար հետ, մեր երեխեքը նայե՞ն էդ ամեն ինչը: Այս այլասերվածությունը երկու բան է տալիս՝ գաղութները, որտեղ ստիպողաբար իջեցնում են, հետո իջեցվածին ձեռքով բարեւ չեն տալիս, օգտագործում են տարիներ շարունակ, նա այնտեղից դուրս է գալիս խեղաթյուրված հոգեբանությամբ: Դա հիվանդություն է, դուք պատկերացնո՞ւմ եք՝ քաղցկեղը գովազդվի Երեւանում, ՁԻԱՀ-ը գովազդվի:

Հ. Ի.- Այնքան միֆեր ասվեցին: Նույնասեռականները բանակում ծառայում են, ազատամարտիկներ կան նույնասեռական: Ապրիլյան պատերազմին նույնասեռականներ գնացին առաջին գիծ՝ թե՛ աղջիկներ, թե՛ տղաներ: Այդ գովազդները հենց այս միֆերը կոտրելու համար են, գրված է՝ նրանք հանդիպում են ամեն տեղ: Նրանք կարող են լինել բանակում, պառլամենտում, կարող է լինել ձեր վարսավիրը, տաքսու վարորդը… Մարդուն եթե դու ճնշում ես իր հատկանիշի համար, մարդը պետք է դուրս գա ու ասի՝ հա, ես հոմոսեքսուալ եմ, ու դու պետք է ինձ հարգես, որովհետեւ ես ունեմ իրավունք երջանիկ լինելու, ես կատարում եմ իմ պարտականությունները, 18 տարեկանում գնում եմ բանակ, ծառայում եմ, չնայած ինձ այնտեղ կարող են նվաստացնել իմ սեռական կողմնորոշումն իմանալու համար, բայց ես գնում եմ: Ինձ համար ավելի հայկական արժեք է դիմացինին՝ քո հայրենակցին հարգելը: Ասում եք՝ քիչ ենք մնացել: Հա, քիչ ենք մնացել, ուզում եք էն մնացա՞ծն էլ գնան, ուզում եք այդ մարդիկ, որոնք այս երկրում արարում են, հարկ են վճարում, ստեղծագործում են, իրե՞նք էլ գնան: Այ, այդպես ճնշելով՝ մենք հեռացնում ենք մեր հայրենակիցներին մեզնից:

Գ. Ե.- Այսինքն՝ Դուք տրանսգենդերի հետ հավասարության նշա՞ն եք դնում սովորական այն հայ ընտանիքին, որ իր երկու երեխային առնում է, հայրենիքը սրանց երեսից լքում է:

Հ. Ի.- Իսկ ինչո՞ւ պետք է չդնեմ, այս պետության պարտավորությունն է ստեղծել իր քաղաքացու համար ապահով միջավայր:

Գ. Ե.– Եթե թողնենք գովազդը, որ մի վահանակ թեկուզ ունենան Երեւանում, դա մեր ողբերգության առաջին քայլն է: Քրեական օրենսգրքում քրեական հետապնդումը հանված է, էլ ի՞նչ են ուզում, ուզում են մի հատ էլ գովազդեն, սենց կպցնեն պատերին, հա՞, Երեւանում: Իբր թե մի օրի է ժողովուրդը, ամեն խաղ խաղացել են, մնացել է սարի սմբո՞ւլը խաղան:

Հ. Ի.- Նայեք՝ քրեակատարողական հիմնարկներում՝ դժոխք, բանակում, հենց իմանում են սեռական կողմնորոշումը, դժոխք է դառնում, ընտանիքներում տներից հանում են, էդ երեխեքը մնում են դրսերը, ոչ մի տեղ չունեն գնալու: Դպրոցում իմանում են, տնօրենին են ասում, էդ երեխեքի ուսումը դժոխք դարձավ, էլ միջավայր չկա, ամեն տեղ այդ իրավիճակն է: Առողջապահության ոլորտում էլ մարդուն ծեծել են, գնում է, ասում է՝ ի՞նչ ստուգում պետք է հանձնեմ, ասում են՝ մի հատ արյունդ տուր տեսնեմ՝ ինչ շեղում ունես, տեսնենք՝ ինչից ես տրանս, բա էդ մարդիկ ի՞նչ անեն: Պետք է մի ձեւ հասարակության հետ խոսենք:

Գ. Ե.– Բա եթե գովազդեք, դպրոցում նույնասեռականներ կլինեն:

Հ. Ի– Պետք է քարոզենք, որ երեխան ոչ թե արյունարբու մեծանա, այլ հասկանա, որ հասարակությունում նման մարդիկ էլ կարող են լինել: Ոչ թե երեխան նայելու է՝ դառնա, նման բան գոյություն չունի: Դուք ձեզ հետերոսեքսուալ եք, չէ՞, համարում, Դուք կարո՞ղ եք տղայի սիրել:

Գ. Ե.– Ես չեմ կարող նույնիսկ չար երազում ինձ նույնասեռական համարեմ, վե՛րջ:

Հ. Ի.- Դա միֆ է, որ գաղութում դառնում են նույնասեռական: Եթե դու ատում ես ինչ-որ մեկին, մի հատ ուսումնասիրիր: Դուք հետերոսեքսուալ եք, նա նույնասեռական է, բիսեքսուալ է: Նույնասեռականները նույն զգացմունքներն են ունենում, ինչ հետերոսեքսուալները՝ այլ սեռի նկատմամբ, նրանք էլ այդ սերը, ռոմանտիկ զգացողություններն ունենում են: Պետք է տարբերել նույնասեռական զոռով դառնալը: Որ ասում եք՝ գովազդներին կնայեն՝ կդառնան, դա զավեշտ է, անհեթեթություն է… Ո՞ր ազգն է ոչնչացել մինչեւ հիմա նույնասեռականներից: Հոմոսեքսուալությունը մարդկության ծնված օրից կա: Եվրոպան ոչնչացե՞լ է: Ամենաշատ գիտնականը եվրոպական ո՞ր երկիրն է տվել… Գեյերն ի՞նչ վնաս են տվել, սիրում են մարդիկ իրար, ուզում են երջանիկ լինել, ուզում են նույն իրավունքներն ունենալ, եթե քրիստոնյա գեյ է, թող գնա եկեղեցիով թեկուզ ամուսնանա:

Գ. Ե.– Այսինքն՝ Էջմիածինը պիտի ընդունի, հա՞, որ երկու նույնասեռական գնան ամուսնանան:

Հ. Ի.- Քրիստոսը, չե՞ք հիշում, Մագդաղենացուն բերեց իր կողքը կանգնեցրեց: Քրիստոսն է, չէ՞, էդ ամեն ինչը… Քրիստոսն ինչի՞ համար մեռավ՝ իր գաղափարների, համոզմունքների համար, որովհետեւ սեր էր քարոզում, չէ՞, կղերականները տարան խաչեցին:

Գ. Ե.- Այ մարդ, Քրիստոսի հետ գործ չունեք, հանկարծ Քրիստոսին էլ դրա մեջ չխառնեք:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

03.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930