Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ը խոստանում է կորուստները կրճատել, էներգահամակարգերի հուսալիությունն էլ բարձրացնել

Հունիս 06,2017 21:01

Հայաստանի էլեկտրական ցանցերը՝ ՀԷՑ-ը որոշել է արտադրվող էլեկտրաէներգիայի կորուստները կրճատել, ինչի համար ՌԴ-ում գրանցված ընկերության միջոցով որոշ  ենթակայաններ կվերակառուցվեն:

Կառավարության հունիսի 8-ի նիստի օրակարգում ներառված որոշման նախագծով նախատեսվում է Ռուսաստանում գրանցված «Կասկադ-Էներգո» ՍՊԸ-ին  լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տալ:

Կառավարությունն, ըստ նախագծի, կորոշի էներգահամակարգերի հուսալիության բարձրացման, լրացուցիչ հզորությունների ավելացման եւ էլեկտրաէներգիայի կորուստների կրճատման նպատակով ՀԷՑ-ի եւ «Կասկադ-Էներգո»-ի միջեւ 2016-ին կնքված պայմանագրերով ռուսական այս ընկերությանը թույլատրել իրականացնել լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման եւ փորձաքննության (էներգետիկ), ինչպես նաեւ շինարարության իրականացման (էներգետիկ) գործունեություն:

Նախագծի հիմնավորման մեջ գրված է, որ ՀԷՑ-ի՝ պատվիրատուի՝ եւ «Կասկադ-էներգո»-ի՝ կապալառուի միջեւ կնքվել են «Շինարարական կապալի» պայմանագրերը, որոնց համաձայն կապալառուն պարտավորվել է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ պատվիրատուի նշած վայրերում իրականացնել ենթակայանի վերակառուցման շինմոնտաժային (Պուրակ 35/6 կՎ), բաշխիչ կայանի կառուցման (ք. Երեւան, Ագաթանգեղոսի 1), էլեկտրամատակարարման շինմոնտաժային (ք. Երեւան, Ագաթանգեղոսի 1, «Երեւանյան Կրկես»), տրանսֆորմատորային ենթակայանի կառուցման (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի) աշխատանքներ:

«Կասկադ-Էներգո»-ն Հայաստանում ստեղծել է մասնաճյուղ, որի միջոցով էլ իրականացնում է գործունեությունը:

Կառավարություն ներկայացրած նախագծում նշված է, որ այս որոշման ընդունումով եւ նշված աշխատանքների իրականացման արդյունքում ակնկալում են, որ պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացումը կնպաստի էներգահամակարգերի հուսալիության բարձրացմանը, լրացուցիչ հզորությունների ավելացմանը, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի կորուստների կրճատմանը:

Նշենք, որ Ռուսաստանում գրանցված «Կասկադ-Էներգո» ընկերությունը ռուսաստանցի գործարար եւ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ»-ի կազմում է գտնվում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930