Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական տասնյակ բժշկական, կրթական հիմնարկներ, «Հայֆիլմ» կինոստուդիան մասնավորեցվում են. ԱԺ-ում դժգոհում են (Տեսանյութ)

Հունիս 07,2017 12:07

Այսօր ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել կառավարությունը եւ առաջարկել, թե նիստը ինչ ընթացակարգով լինի, որ նախաձեռնությանը քանի րոպե տրամադրեն՝ քննարկման համար:

Հիշեցնենք, որ արտահերթի օրակարգում է հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելու փաթեթը, Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, Պետգույքի մասնավորեցման 2017-2020թթ ծրագրի մասին նախագիծը: Վերջին երկու նախագծերի քննարկման համար, օրինակ, կառավարությունն առաջարկում է տրամադրել ընդամենը 90-ական րոպե:

«Ելք դաշինքի» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մտահոգված են այս առաջարկով, որ ընդամենը 90 րոպե տրամադրվի Պետգույքի մասնավորեցման մասին նախագծի քննարկմանը, իսկ, օրինակ, Վարչատարածքային բաժանման մասին նախագծի քննարկմանը՝ 2 ժամ: Փաշինյանը դժգոհեց՝ Պետգույքի մասնավորեցման մասին նախագծով մի քանի տասնյակ պետական օբյեկտների մասնավորեցում է նախատեսվում, քիչ չի, որ հանրային քննարկումներ չեն արվել, քիչ չի, որ հանձնաժողովներում պատշաճ մակարդակով քննարկում չի եղել, հիմա էլ 90 րոպեով սահմանափակվո՞ւմ է:

Բողոքին միացավ նաեւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա ասաց, որ հանձնաժողովում պարզել են, որ, պետգույքի մասնավորեցման ծրագրով ընդամենը բյուջեն լցնելու խնդիր են լուծում, գնորդներ էլ չկան, ինչ մնացել է՝ ուզում են հանեն վաճառքի. «Բերում եք, 90 րոպեում ուզում եք սղացնեք, անցկացնեք: Մասնավորեցվում են բժշկական հիմնարկներ, մասնավորեցվում է «Հայֆիլմ» կինոստուդիան, մասնավորեցվում են կրթական հիմնարկներ եւ 90 րոպե սահմանել ընդամենը գալչկայի համար՝ սա բացարձակ անընդունելի է: Ո՞ւր մնաց խորհրդարանական կառավարումը, խորհրդարանի դերի բարձրացումը»:

ԱԺ-ում որոշվեց 20 րոպե ընդմիջում անել, որ կառավարության հետ ընդհանուր հայտարարի գան:

Ընդմիջումից հետո առաջարկվեց, որ ընդունելով Փաշինյանի առաջարկությունը, հակակոռուպցիոն հանձնաժողովի հարցի քննարկմանը տրամադրել 4 ժամ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հարցին՝ 60 րոպե, մյուս հարցերին՝ 3.5 ժամ: Փաշինյանը հայտարարեց, որ այս տարբերակին կողմ են:

Կառավարության ներկայացուցիչն առաջարկեց նաեւ հատուկ ընթացակարգով նիստն անցկացնել, օրակարգային հարցերի առաջին ընթերցումից հետո երկրորդ ընթերցումը կազմակերպել 24 ժամվա ընթացքում:

«Ելքի» պատգամավորները դժգոհ մնացին՝ ձեւական քննարկում է լինելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930