Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայում մեր ազգային եկեղեցական կյանքն անգլուխ վիճակում է». Արա Գոչունյան

Հունիս 07,2017 16:19

Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» պարբերականի խմբագիր Արա Գոչունյանի պնդմամբ` Թուրքիայի հայկական համայնքում Պոլսի պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նկատմամբ ոչ միանշանակ, երբեմն նաև հակասական վերաբերմունք կա: Ըստ նրա` այդ պատճառով էլ Պոլսի հայոց պատրիարքարանը սկսեց ոչ հրապարակային աշխատել:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Գոչունյանը վստահեցրեց, որ եկեղեցու փակ դռները, իհարկե, բավականին տխուր երևույթ է, բայց իրավիճակն է այդպես թելադրել:

Նա պարզաբանեց. «Մասնավորապես հանրաքվեից հետո համայնքում բևեռացումներ կային: Մի կողմից Արամ Աթեշյանի ընդդիմադիրներն ասում էին, որ նա ուզում է ձգձգել, սառեցնել նախընտրական գործընթացը, մյուս կողմից, երբ պատրիարքարանն աշխատանք էր տանում այդ ուղղությամբ սայլը տեղից շարժելու համար, այս անգամ էլ ասում էին, որ այդ մարդը ցանկանում է իր դիրքն ամրապնդել: Դրա համար էլ պատրիարքարանը սկսեց ավելի ոչ հրապարակային գործել, որ արդյունք ունենա»:

Արա Գոչունյանի փաստմամբ` Թուրքիայի հայ համայնքն առհասարակ ինը տարի ի վեր ուզում է նոր պատրիարք ունենալ. «Պատրիարքական աթոռը թափուր է, և մեր համայնքի կյանքը կրոնական հունից դուրս է համարվում, այն կաթվածահար վիճակում է: Այս ինը տարվա ժամանակաշրջանում, որ գահակալ չունեինք պատրիարքարանում, Թուրքիայում չնայած մեր համայնքն ամենաբազմամարդն է, բայց այդ պատճառով փոքրամասնություններին ուղղված բարեփոխումներին նվազագույն մասնակցություն ունեցավ: Մեր ազգային եկեղեցական կյանքն անգլուխ վիճակում է»:

Դառնալով Թուրքիա-ԵՄ հարաբերություններին` պարոն Գոչունյանը նկատեց, որ որոշակի լարվածություն կա, բայց դա հարաբերությունների խզման չի հանգեցնի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930