Լրահոս
Օրվա լրահոսը

2017 թ. առաջին հնգամյակում հաշմանդամ չի ճանաչվել դիմած անձանցից յուրաքանչյուր հինգերորդը. օրինաչափությու՞ն, թե՞ կամայականություն

Հունիս 27,2017 10:37

Ամիսներ առաջ զանգվածային լրատվության միջոցներով հաշմանդամություն ունեցող անձինք ահազանգեցին, որ բժշկասոցիալական հերթական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել կամ ստացել են հաշմանդամության ավելի ցածր կարգ՝ չնայած նրան, որ այն առողջական խնդիրները, որոնց հիման վրա հաշմանդամության կարգ է սահմանվել, չեն վերացել, առողջության դրական տեղաշարժ ևս չի գրանցվել: Այդ խնդրով մի շարք քաղաքացիներ նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էին դիմել: Կազմակերպությունը համապատասխան հարցումներ էր ուղարկել, աջակցել ԲՍՓՀ որոշումների՝ վերադասության և դատական կարգով բողոքարկման հարցում:

Հաշվի առնելով ահազանգերի մեծ թիվը՝ 2017 թ. մայիսի 24-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նաև տեղեկատվության հարցում էր ուղարկել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ 2017 թ. 1-ին հնգամյակում հաշմանդամության կարգ ստանալու հարցով դիմած անձանց, հերթական փորձաքննության արդյունքում հաշմանդամ ճանաչված, վերափորձաքննություն անցած և դրա արդյունքում հաշմանդամ ճանաչված անձանց թվի վերաբերյալ: Կազմակերպությունը տեղեկատվություն էր հայցել նաև բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում անձին հաշմանդամ չճանաչելու հիմքերի վերաբերյալ: Վերլուծելով Նախարարության՝ 2017 թ. հունիսի 5-ի պատասխանով ներկայացված թվական տվյալները՝ հետաքրքիր օրինաչափություն ենք բացահայտում. նշված ժամանակահատվածում բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չի ճանաչվել դիմած քաղաքացիներից յուրաքանչյուր 5-րդը: Ընդ որում՝ օրինաչափությունը պահպանվում է նաև՝ ըստ հերթական վերափորձաքննության դիմած և առաջին անգամ դիմած քաղաքացիների թվի: Այսպես՝ 2017 թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 24-ը, համաձայն Նախարարության տրամադրած պատասխանի, հաշմանդամության սահմանման համար դիմած և վերափորձաքննված անձանց ընդհանուր թիվը 24.593 է, որից 4826-ը հաշմանդամության կարգ չեն ստացել: Համապատասխանաբար՝ հերթական փորձաքննության դիմած 19.187 անձանցից հաշմանդամ չի ճանաչվել 3454 անձ, իսկ առաջին անգամ դիմած 5406 անձանցից՝ 1114-ը: Ընդ որում՝ հաշմանդամ չճանաչված անձանց գերակշիռ մասը՝ 3305 անձ, նախկինում ընդգրկված է եղել հաշմանդամության երրորդ խմբում:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ա. Կեսոյանն իր պատասխանում նաև մեկնաբանել է հաշմանդամ ճանաչելու հիմքերը՝ նշելով, որ «անձի մոտ հիվանդության առկայությունը պարտադիր, բայց բավարար պայման չէ հաշմանդամության սահմանման համար»: Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության ներկայացուցիչ Անուշ Սիմոնյանն էլ վերջերս lragir.am-ի հետ զրույցում նշել էր, թե հաշմանդամության կարգ սահմանելու դիմումների մերժումները պայմանավորված են ոլորտի բարեփոխումներով: Նրա մեկնաբանմամբ՝ դա արվում է հաշմանդամություն ունեցող անձի անհատական կարիքը գնահատելու և նրան հետագայում անհատական ծառայություն մատուցելու նպատակով: Ինչ սկզբունքով են որոշում՝ անձը ենթակա է հաշմանդամության որևէ խմբում ընդգրկվելու, թե նրան պետք է «անհատական ծառայություն տրամադրվի», Նախարարությունը չի մեկնաբանում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930