Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահը գաղտնի է պահում, թե որ խոշոր հարկատուին է դուրս բերել ստվերից. «Շտկվել են, ինչո՞ւ եք ուզում ցեխ շպրտել»

Հունիս 27,2017 12:06

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ձեզ հաջողվո՞ւմ է խոշոր օլիգարխներին դուրս բերել ստվերից եւ հարկային դաշտ բերել, որ երկրում չլինեն արտոնյալներ, մենաշնորհներ: Վարդան Հարությունյանը պատասխանեց, որ դա իրենց ամենօրյա գործառույթն է, ամեն օր դրա դեմ պայքարում են. «Ունենք արդյունքներ, թե ոչ՝ բյուջեի կատարողականի 5 ամիսների թվերը փաստում են, որ դրական միտում կա»:

Հարցին՝ «Քեթրին գրուպի» ստուգումները եւս կարո՞ղ ենք այդ համատեքստում դիտարկել, որ ուզում եք հարկային դաշտ բերել՝ նա պատասխանեց. «Քեթրին գրուպը» տնտեսվարող սուբյեկտ է, որտեղ կարող է առաջանալ ցանկացած խնդիր՝ ինչպես բոլոր սուբյեկտներում: Եթե ունենք որոշակի ռիսկեր որեւէ ընկերությունում, բնական է, որ պետք է ստուգվեն»:

ՊԵԿ նախագահն ասաց, որ ստվերը որեւէ երկրում 100 տոկոսով չեն վերացնում. «Եթե ձեզ հետաքրքրում է կոնկրետ «Ալեքս տեքստիլը»՝ բոլորն ենք ստուգելու, ոչ միայն դա: Մի ֆիքսվեք կոնկրետ մի ձեռնարկության վրա»:

Հարցին՝ խախտումներ եթե հայտնաբերեք, պատիժներ կլինե՞ն՝ Վարդան Հարությունյանը քմծիծաղ տվեց՝ ասելով. «Իհարկե, կլինեն»:

Սերժ Սարգսյանին եւ նրա մերձավորներին պատկանող ընկերություններում ստուգումների մասին հարցին ի պատասխան՝ Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Եթե ունեք նման ընկերությունների ցանկը, տրամադրեք»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ եղե՞լ է մի խոշոր հարկատու, որին դուք, երբ եկել եք այս պաշտոնին, տեսել եք, որ ստվերում է, նրան բերել եք հարկային դաշտ: Վարդան Հարությունյանի պատասխանը զարմանալի էր. «Իմ աշխատանքի արդյունքը տեսել եք, երբեւիցե ես չեմ փորձել մեր ձեռքբերումները հանրայնացնել եւ բարձրաձայնել, դրա համար թույլ տվեք այդ հարցին չպատասխանել»: Լրագրողները զարմացան՝ ինչո՞ւ, գաղտնի՞ք է: Վարդան Հարությանն ասաց, որ միայն արձանագրենք՝ վերջին 8-9 ամսում հարկային եկամուտների աճ կա, դրանով կարելի է փաստել այն հաջողությունները, որ ՊԵԿ-ն ունի:

Դիտարկմանը, որ մենք կարող ենք պնդել, որ դուք մանր բիզնեսմեններին եք տուգանել, բյուջեն լցրել եք եւ դա ներկայացնում եք հաջողություն՝ Վարդան Հարությունյանը արձագանքեց. «Պնդեք: Դուք ամեն ինչ կարաք անեք, պնդեք, պնդեք»:

Վարդան Հարությունյանը թե ինչու չի ուզում ասել, թե որ խոշոր տնտեսվարողին է բերել հարկային դաշտ՝ այսպես մեկնաբանեց. «Հարկային գաղտնիք կա, ես չեմ ուզում: Ցանկացած տնտեսվարող իր աշխատանքի ընթացքում կարող է թույլ տալ սխալներ: Ստուգման արդյունքում այդ սխալներն ի հայտ են գալիս, շտկվում են, տուգանքի տեսքով պետբյուջե գումարներ են վճարվում: Եթե վճարվել է, այդ մարդիկ շտկվել են, ինչո՞ւ եք ուզում այդ մարդկանց վրա ցեխ շպրտել»:

Լրագրողների դիտարկմանը, որ վարչապետը կոչ է անում թափանցիկ աշխատել, հրապարակային՝ Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Ես վարչապետի կոչին համահունչ այսօր ձեր հետ զրուցում եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930