Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձերբակալված դատավորների մասին հետաքրքրվե՞լ եք՝ նրանք տերով էին, անտեր էին». Գլխավոր դատախազը՝ կաշառակերների մասին

Հունիս 28,2017 14:18

Այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դատախազի եւ դատավորների ձերբակալություններին՝ կաշառքի գործով:

Դիտարկմանը, որ համակարգում դեռեւս շատ կաշառակերներ կան՝ Դավթյանն արձագանքեց. «Ես խնդրում եմ բոլորի ներկայությամբ, հիմա առոք-փառոք ձեզ կհրավիրեմ դատախազություն, շատ ուրախ կլինեմ, եթե այդպիսի տեղեկություններ հրապարակեիք: Ժողովուրդ ջան, ուզում եմ վստահ լինեք՝ կոռուպցիայի գոյությունը ոչ միայն իրավական հետեւանքներ է ունենալու, դրա վկայությունը դուք տեսաք վերջին դեպքով, իմ որոշմամբ ձերբակալվեց դատախազ: Դրա մասին քաջ գիտի ցանկացած դատախազ: Բնականաբար բացառել, որ 337 դատախազներից ոչ ոք այսօր, երեկ, տասը օր առաջ ներգրավված չի եղել որեւէ կոռուպցիոն գործընթացի մեջ՝ դժվար է դա անել, բայց մի բան ակնհայտ է՝ եթե պարզ դարձավ այդպիսի իրավիճակ, եթե դրա վերաբերյալ եղավ համապատասխան հաղորդում, թույլ տվեք օրենքը խախտած ասեմ՝ վերաբերմունքը լինելու է մի քանի անգամ ավելի խիստ»:

Դավթյանը վստահեցրեց, որ դատախազներին ստուգելու համապատասխան մեխանիզմներ ունեն, եթե հաղորդումներ էլ չլինեն, կարող են իրենք ստուգել եւ հայտնաբերել:

Aravot.am-ի հարցին՝ դատավորների ձերբակալությունների հետ կապված, հաշվի առնելով, որ նրանք մարզային դատավորներ են, տպավորություն կա, որ ովքեր այսպես ասած «անտեր» են, թեւ թիկունք չունեն, վերեւներին լավ չեն «մուծվել», նրանց եք բռնում, Երեւանի երկարամյա պաշտոնավարող դատավորների հետ կապված որեւէ բան չկա: Գլխավոր դատախազը պատասխանեց՝ «Էդ տպավորությունը որտեղի՞ց է: Ձերբակալված դատավորների մասին հետաքրքրվե՞լ եք՝ նրանք տերով էին, անտեր էին»:

Մեր դիտարկմանը, որ նրանց տերերին դուք կիմանաք՝ դատախազը պատասխանեց. «Չկա այդպիսի բան, ժողովուրդ: Եթե այդ ապացույցներն ունենանք Երեւանի դատավորների վրա, Երեւանի դատախազության դատախազի վրա, նույն հաջողությամբ նույն ելքը կլինի նրանց նկատմամբ»:

Մեր դիտարկմանը, որ Էդմոն Մարուքյանը վստահեցնում է, որ եթե ուզենաք՝ ցանկացած կաշառակերի էլ կարող եք բռնել, ընդամենը քաղաքական կամք է պետք, որը չունեք՝ Արթուր Դավթյանը պատասխանեց. «Շատ շնորհակալություն, որ իմ գործընկերն էդպիսի բարձր կարծիք ունի, ես շատ կուզեի, որ էդպես լիներ, բայց ցավոք, էդպես չի: Համընդհանուր տեսական դասագրքային իրավիճակներ կան, եթե հնարավորություն ունենայինք բոլոր հանցագործությունները բացահայտելու, ուրեմն կլինեինք կատարելությանը մոտ»:

Հարցին՝ դուք դատախազների հայտարարագրերին ուշադրություն դարձրե՞լ եք, իրավապաշտպանները պնդում են, որ իրենց ստացած միլիոնները՝ որպես նվիրատվություն, դրանք կաշառք են՝ Արթուր Դավթյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, դրան ուշադրություն չեմ դարձրել, որովհետեւ դրա փաստի առկայությունն ինքնին որեւէ վարույթ հարուցելու հիմք չէ այսօր»: Նա հիշեցրեց, որ վերջերս Ապօրինի հարստացման մասին օրենք ընդունվեց, որը հիմք կտա հակասությունների դեպքում վարույթ հարուցել: Այդ ժամանակ դատախազը խոստացավ առաջինը սկսել դատախազների հայտարարագրումներից:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930