Լրահոս
Օրվա լրահոսը

«Անսովոր է, որ մենք կարող ենք խալաթով կամ բիգուդիները գլխին գնանք աղբ թափենք». Հրանուշ Հակոբյան (Տեսանյութ)

Հունիս 30,2017 13:05

Այսօր լրագրողները սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում խոսելով հայրենադարձների մասին՝ ուշագրավ հայտարարություններ արեց: Ըստ նրա, մարդիկ, որոնք Հայաստան են գալիս՝ որպես տարանցիկ երկիր, էլ չեն ուզում այստեղից գնալ. «Շատ գրավում են մեր երկրում անվտանգության հարցերը: Նրանք երբ գիշերը, երեկոյան հանգիստ քայլում են մեր փողոցներում, դա ամենամեծ գրավիչ մասն է, որովհետեւ շատ-շատ երկրներում ժամը 8-10-ից հետո վտանգավոր է քայլել: Երկրորդ գրավիչ մասը մեր դպրոցներն են, իրենց երեխաներին մեր դպրոցներ տալով՝ մեր դպրոցներում չկան այն վատ սովորույթները, որոնք կան այլ երկրներում»:

Նախարարն ասաց, որ սիրիահայերը հարկերից երբեմն դժգոհում են, իրենց թվում է, թե եկել են այստեղ՝ բոլոր կանոնները պիտի իրենց ենթարկվեն: Դիտարկմանը, որ սիրիահայերը ոչ թե հարկերից, այլ «ատկատներից» են դժգոհում՝ նախարարը պատասխանեց. «Իհարկե, նման դեպքեր կան: Դրա համար ես իրենց խորհուրդ եմ տալիս՝ գործը սկսելիս սկսեք փաստաբանով, իրավախորհրդատուով, երբեք մեկի հետ մի գնացեք կերեք-խմեք ու դարձրեք ձեզ գործընկեր, անպայման դիմեք համապատասխան կառույցներին, թող ձեզ խորհուրդ տան»:

Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց հայրենադարձներից մեկի դժգոհությունը, թե բլուր է գնել, ասում է՝ ինչի պիտի փող մուծեմ. «Հարկային արտոնություն տալիս են կոնկրետ ծրագրին, ոչ թե ընդհանրապես: Էդ դեպքում բոլորն իրենց հարազատներին կբերեն այստեղ՝ որպես հայրենադարձ, կձեւակերպեն նրանց անունով, հետո նրան կուղարկեն ու հարկ չեն մուծի»:

Նախարարը ներկայացրեց, թե Հայաստանում հայրենադարձները ինչ խոչընդոտների են հանդիպում, այստեղ ամենաուշագրավն է. «Իհարկե, սկզբից իրենց համար անհավանանական էր, որ կարող ենք մենք խալաթով կամ բիգուդիները գլխին գնանք աղբ թափենք, իրենց համար էդպիսի բաները անսովոր են, բայց կամաց-կամաց սովորում են մեր կյանքին, մեր պայմաններին, մեր կենցաղին, մեր վարվելաձեւին: Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ վերադարձածները գոհ են»:

Հրանուշ Հակոբյանը վստահեցրեց, որ մեր հայրենակիցների հայացքները բոլորի այստեղ է. «Բոլորը տուն են առնում, բոլորը փորձում են այստեղ փոքրիկ գործ դնել, իրենց կյանքը կապել Հայաստանի հետ, հարսանիքները այստեղ են անում, ծնունդները այստեղ են անում, փորձում են այդ ճանապարհով կապվել հայրենիքի հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930