Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետ. «Պետգնումների մասին նոր օրենքով պատասխանատվության ենթարկելու մեխանիզմ չկա»

Հուլիս 12,2017 14:59

«Պետական գնումների մասին» նոր օրենքով չի սահմանվում գնումների մասնակիցներին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը, այսպես էր նաեւ նախկին օրենքով: Այս մասին «Մեդիա կենտրոնում» ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների փորձագետ Արսեն Համբարձումյանը: Նրա ներկայացմամբ՝ «Միայն պարտականություն է սահմանվում, պատասխանատվություն չկա: Ստացվում է մի իրավիճակ, երբ բյուջեի մուտքերը ապահովելու համար մենք տնտեսվարողներից հարկերի եւ տուրքերի տեսքով գումարներ ենք հավաքագրում, մուտքերն ապահովում են, եւ անհրաժեշտության դեպքում կիրառում ենք պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները, որպեսզի մուտքերը ապահովվեն: Սակայն երբ ձեւավորված մուտքերով պետք է տնօրինենք մեր ծախսերը, չկա պատասխանատվություն: Այսինքն՝ երբ պատվիրատուի կողմից խախտվում են խաղի կանոնները՝ պատասխանատվության չի ենթարկվում, երբ դեպք է բացահայտվում, ասում են՝ լավ, կներեք, էլ չենք անի»:

Համբարձումյանը պետական գնումների ոլորտում մեկ այլ խնդիր էլ նշեց, որը վերաբերում է գնումների բողոքարկման խորհրդին: Ըստ փորձագետի, նոր օրենքով խորհրդի անդամներին նշանակում է ՀՀ նախագահը՝ վարչապետի առաջարկով. «Խորհրդի անդամները կարող են լինել 3-ը, նրանք վարձատրվում են պետբյուջեից, իսկ նախկինում գրեթե հասարակական հիմունքներով էին, եւ մոտիվացիա չկար: Նոր օրենքը ուժի մեջ է մտել ապրիլին: Դատական կարգով դեռ շատ չեն բողոքարկվել խորհրդի որոշումները, բայց տենդենցը գնալով ավելանում է: Այստեղ կա մի խնդիր՝ բողոքարկման խորհուրդը չունի իրավաբանական անձի կարգավիճակ, նախկինում էլ չուներ: Լինելով կարեւոր ինստիտուտ, նրա որոշումը վերջնական է, բայց այսօր ունենք դեպքեր, երբ մասնակիցը վիճարկել է խորհրդի որոշումը, սակայն դատարանը վերադարձրել է հայցը, պատճառաբանելով՝ նշված չէ կազմակերպաիրավական տեսակը, որովհետեւ քաղաքացիական դատավարության օրենսգրքով հայցադիմումում պատասխանող կարող են նշվել իրավաբանական եւ ֆիզիկական անձինք: Այսինքն՝ վտանգված է Սահմանադրությամբ եւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայով ամրագրված դատական պաշտպանության իրավունքը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31