Լրահոս
Օրվա լրահոսը

Դեդն ասել է, որ պատրաստվում են երկրում հեղափոխություն անել. Որդու ցուցմունքը հոր դեմ. aysor.am

Հուլիս 14,2017 11:09

«Սասնա ծռեր» խմբում բացի Մանուկյաններից, հայր ու որդի են նաև Դեդ մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանն ու Կարեն Հակոբյանը։ Դեդը արցախյան պատերազմի մասնակից է, Արցախի Աղավնո գյուղի գյուղապետն է եղել, ապրել Քաշաթաղում, պարբերաբար եղել նաև Երևանում։ Նրանք երկուսն էլ եղել են ՊՊԾ գունդը նախորդ տարի ամռանը գրաված «Սասնա ծռեր» խմբում։ Մարտիրոս Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ չընդունելով իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն որդին՝ Կարեն Հակոբյանը, տվել է ցուցմունք և դրա մի մասը նաև՝ հոր դեմ։

Նա, մասնավորապես, պատմել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հայրը Քաշաթաղի բնակիչների հետ կամավոր մեկնել է առաջնագիծ: Ինքն էլ ցանկություն է ունեցել մեկնել սահման և գնացել է նախ Երկրապահ կամավորների միության՝ Երևանում գտնվող կենտրոնական գրասենյակ, գրանցվել։

Երբ ապրիլի 20-ից հետո հայրը վերադարձել է Երևան, հանդիպել են հայր ու որդի, Դեդը բարկացել է որդու վրա, թե ինչո՞ւ է գնացել և դիմել ԵԿՄ-ին՝ առաջնագիծ մեկնելու համար։

«Ասել է, որ ջոկատ են կազմել և անհրաժեշտության դեպքում ինքը կգնա նրանց հետ: Հայտնել է նաև, որ ջոկատի հրամանատարը Ժիրայր Սեֆիլյանն է, իսկ ջոկատի կազմում են ինքը, Պավլիկ Մանուկյանը և այլոք», – ցուցմունքում նշել է Կարեն Հակոբյանը: Բացի այդ, հայրը որդուն խնդրել է հայրենասեր ծանոթների հորդորի, որ միանան իրենց։

Կարենը պատմել է, որ այդ գիշեր Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ նստել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեծ մեքենա, որտեղ եղել է մոտ տասը քաղաքացի՝ հատակին նստած, քանի որ մեքենայի մեջ նստատեղեր չեն եղել։ Մեքենայի մեջ նստածներից միայն մեկին է Կարենը ճանաչել, որը եղել է Գևորկ Իրիցյանը, որը նույնպես այս գործով մեղադրյալ է։

Մի քանի ժամ քաղաքում շրջելուց հետո ուշ գիշերին մեքենան կանգնել է Սևանի փողոցում և իջնելուց հետո տեսել է «ԿռԱԶ» մակնիշի մեքենան, որով մուտք են գործել ՊՊԾ գունդ։

«Դրսում հավաքված են եղել մեծ թվով անձինք, ովքեր պետք է մասնակցեին հեղափոխությանը», – ասել է Կարեն Հակոբյանը և նկատել, որ նրանցից հիշել է Պավլիկ Մանուկյանին, Հովհաննես Վարդանյանին: Ցուցմունքում Կարեն Հակոբյանը նաև նկատել է, որ պատահաբար դիպել է Գևորկ Իրիցյանի բռնած պարկին և զգացել, որ դրա մեջ զենքեր են լցված։ Դրանցից ավտոմեքենայում եղել են երկուսը, նշել է Կարենը։

Այնուհետև, Կարենի ցուցմունքով, անցել են գործի, լսել է ուժգին ձայներ, բղավոցներ, մեկը բացել է իրենց մեքենայի դուռը ու ասել՝ «հելե՛ք, շու՛տ արեք»: Նույն պահին մյուսների հետ վազքով դուրս են եկել մեքենայից և դրսում լսել է կրակոցների ձայներ: Այդ պահին Վահեի հետ գտնվել են ՊՊԾ գնդի դիմացի հատվածում:

Ասել է, որ լսել է բղավոցներ՝ «կանգնի՛, չե՛մ սպանելու»: Մեքենայից իջնելու պահին Կարենն ասել է, թե նկատել է, որ պարկերը դատարկ են, ինչից հասկացել է, որ մինչև իջնելը զենքերը մեքենայում բաժանվել են, սակայն մութ լինելու պատճառով չի տեսել բաժանման գործը։ Իրեն զենք չեն տվել:

Այնուհետև Կարենը ցուցմունքում ներկայացրել է, թե ով ինչ է արել. Պավլիկ Մանուկյանը, Էդվարդ Գրիգորյանը, Արմեն Լամբարյանը և հայրը՝ Մարտիրոս Հակոբյանը, կրել են «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներ: Տեսել է նաև, որ «ԿռԱԶ» մակնիշի ավտոմեքենան, գնդի դարպասներին հարվածելով, դրանք կոտրելով՝ կիսով չափ մտել է գնդի տարածք: Մի քանի րոպե հետո «ԿռԱԶ» մեքենայի և դարպասների արանքով Վահեի հետ մտել է ներս, որտեղ նկատել է թևից վիրավոր մի ոստիկանի:

Կարենի պատմելով՝ ոստիկանն ասել է՝ «… արա, էս ի՞նչ արիք, սկոռի կանչեք, թող գան, գոնե ինձ տանեն, լավ չեմ», ինչին Վարուժան Ավետիսյանը պատասխանել է, «…սպասի, բանակցություններ են ընթանում»: Հսկիչ անցագրային կետում արդեն, Կարենի պատմելով, կատարել է Մխիթար Ավետիսյանի հանձնարարությունը՝ պարանով կապել է այնտեղ գտնված ոստիկանների թևերը։ Որոշ ժամանակ անց կատարել է արդեն հոր հանձնարարությունը՝ արձակել է նրանց թևերը։

Պատմել է նաև, որ երբ վիրավոր ոստիկանի մոտ են գտնվել էդվարդ Գրիգորյանը և Արմեն Բիլյանը, ոստիկանը, նայելով Բիլյանի ուղղությամբ, հարցրել է. «Խի, ախպեր, ի՞նչ էի արել, որ կրակեցիր», Արմեն Բիլյանը պատասխանել է. «Քեզ ասի՝ կայնի՛, չե՛նք սպանելու, գոնե բախտդ բերելա, որ ձեռքից ես վիրավորվել», ապա ավելացրել է. «ձեռքից վիրավորվելով՝ դեռ ոչ ոք չի մեռել»:

Կարենն ասել է, որ իրեն ու իր ընկերոջը՝ Վահեին էլ են «Բռոնիժիլետ» տվել, որ հագնեն ու բացի այդ, տեսել է՝ ինչպես են Էդվարդ Գրիգորյանը, Թորոս Թորոսյանը, Վարդան Գերավետյանը և Արամ Հակոբյանը «պլաշ-պալատկային» նմանվող իրերով զենքեր բերել և դրել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի մեջ:

Զենքերը մեքենայում տեղավորելուց հետո, Կարենի ասելով, մոտեցել է Արմեն Բիլյանը և ասել՝ «ժողովո՛ւրդ, մեքենայից զենքերը վերցրե՛ք, խփե՛ք վրեքներդ և ինչքա՛ն կարաք, ջեբներդ պատրոն լցրե՛ք»: Այդ հրահանգից հետո ինքն ու Վահեն ատրճանակներ են վերցրել։

Կարեն Հակոբյանն ու իր ընկերը ՊՊԾ գնդում երկար չեն մնացել. Կարենը ցուցմունքում հիշում է նաև Օսիպյանի՝ պատանդ վերցնելու դրվագը ու էլ ոչ մի բան, քանի որ ինքն ու ընկերը որոշում են փախչել ՊՊԾ գնդից։ Երկար ուսումնասիրել են և նկատել, որ գնդի ավտոպարկի տանիքում կա բաց հատված ու հանելով իրենց հագի «բռոնեժիլետները», գետնին գցելով ինքնաձիգը՝ պարիսպն անցել են ու փախչել։

Կարենն ասել է նաև, որ իր մոտի ատրճանակները գցել է խոտածածկ տարածքում, իսկ ատրճանակի փամփուշտատուփերը դրել է ճանապարհին հանդիպած սեփական տներից մեկի մոտ, քարի արանքում:

Նկատենք, որ Կարեն Հակոբյանն այժմ ազատության մեջ է։ Նա անազատության մեջ է եղել միայն ձերբակալման օրերին ու նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի կիրառվել։

Նյութի մանրամասները կարդացեք aysor.amի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31