Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրխանյանը կարծիք արտահայտելու իրավո՞ւնք էլ չունի». Ալումյանը վիճեց դատավորի հետ ու հեռացավ նիստից (Տեսանյութ)

Հուլիս 14,2017 13:03

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Նորք Մարաշում ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված զինված խմբի անդամների դատավարությունը: Դատավորն ասաց, որ գործում նոր մեղադրող է ներգրավվել՝ Էդգար Ասլանյանը:

Նիստի ժամանակ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը բողոքեց, որ դատավորը նիստի մասնակիցների անունները տալիս ընդհանրապես չի հիշատակում Վահան Շիրխանյանի անունը, չի զեկուցում նրա մասին ու դատական նիստի ձայնագրությունից կթվա, թե նա ներկա է, մինչդեռ Շիրխանյանին չեն բերել:

Հիշեցնենք, որ դատավոր Բեկթաշյանը 3 ժամով հեռացրել էր Շիրխանյանին դատական նիստերի դահլիճից: Ըստ Ալումյանի, դատարանը կոպտորեն խախտում է ժամերի հաշվարկը, ճիշտ չեն հաշվում, թե որ պահից է սկսվում հաշվարկը:

Ալումյանի խոսքերով՝ «Իմ պաշտպանյալը այստեղ չի, բայց նա ասելիք ունի դատավարության ընթացքում քննարկվող ցանկացած հարցի վերաբերյալ: Դատախազի բացարկ հայտնելու վերաբերյալ դուք իմ կարծիքն եք հարցնում, մինչդեռ ես պետք է հարցնեմ՝ իմ պաշտպանյալի կարծիքը պետք է իմանամ: Ես գտնում եմ, որ առանց պարոն Շիրխանյանի այս դատավարությունը շարունակելը կոպտորեն խախտում է նրա իրավունքները»:

Դատավորը պատասխանեց, որ Շիրխանյանը հեռացված է դատական նիստից 3 ժամով, ժամը չի լրացել: Հայկ Ալումյանն ասաց՝ «Այսինքն, նա կարծիք արտահայտելու իրավո՞ւնք էլ չունի դրանից հետո, քանի որ ես իր շահերն եմ այստեղ ներկայացնում, առանց իր հետ համաձայնեցնելու ես ոչինչ անել չեմ կարող»: Դատավորի խոսքերով՝ Շիրխանյանը հեռացված է օրինական կարգով: Ալումյանն էլ հակադարձեց՝ «Օրինական է, թե օրինական չի՝ ես ուրիշ կարծիքի եմ: Ես գտնում եմ, որ առանց նրա չի կարող այս դատավարությունը լինել»:

Դատավոր Բեկթաշյանը հարցրեց՝ ձեր նպատակը ի՞նչն է, որ ձգձգե՞ք դատական նիստը, Ալումյանն էլ դատավորին մեղադրեց՝ նիստը ձգձգելու համար. «Դատարանն է ձգձգում այս դատավարությունը, ես այդ համոզման եմ: Դատարանը 6 ամիս ձգեց՝ նրա համար, որ Շիրխանյանին կարող էիք դատարան բերել, այդ հարցը լուծել, հիմա էլ դատարանը շատ լավ գիտի, որ եթե Շիրխանյանը այստեղ չէ, ես չեմ կարող այստեղ գտնվել: Շատ լավ գիտի ու ամեն ինչ անում է, որ ձգձգի: Դատարանը գիտի, որ Վահան Շիրխանյանը չի կարողանում ոտքի վրա կանգնել: Դատարանը դա մեկնաբանեց՝ իբրեւ թե անհարգալից վերաբերմունք, ստեղծեց այս վիճակը, այնինչ այն փաստաթուղթը՝ էպիկրիզը, որ դատարանի տրամադրության տակ էր գտնվում, պարզ երեւում է այդ էպիկիզից, որ պարոն Շիրխանյանը չի կարողանում կանգնել ոտքի վրա: Ու դուք դրա համար նրան հանեցիք դատական նիստերի դահլիճից, նիստը այդ օրը ձախողեցիք, հիմա էլ ուզում եք տպավորություն ստեղծել, թե դատական նիստը մեր պատճառով ձախողվում է»:

Դատավորը հորդորեց՝ «Մի վիրավորեք, խնդրում եմ, փորձագետի եզրակացություն կա, որտեղ գրված չի, որ նա չի կարողանում կանգնել»:

Հայկ Ալումյանը հայտարարեց՝ «Դե ուրեմն ես այստեղ չեմ գտնվի» եւ հավաքեց իրերը, որ հեռանա»: Դատավորն էլ ասաց՝ ձեր իրավունքն է, հետո սկսեց դժգոհել, որ Ալումյանը խոչընդոտում է դատական նիստերի բնականոն ընթացքը:

Ալումյանն էլ պատասխանեց՝ բա դուք ասացիք՝ իմ իրավունքն է, շնորհակալություն, որ թողնում եք իմ իրավունքից օգտվել եւ հեռացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31