Լրահոս
Օրվա լրահոսը

«Անիմաստ գնա-արի դատարանից կալանավայր». Կարո Եղնուկյանը կասկածներ ունի, որ դա տեւելու է 4-5 տարի

Հուլիս 14,2017 17:32

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում է Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի մասը «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործից առանձնացնելը մերժելու դեմ ուղղված բողոքը: Հիշեցնենք, որ նախաքննության փուլում քննիչը մերժել էր Կարո Եղնուկյանի գործի մասը «Սասնա ծռերի» գործից անջատելը, ինչի դեմ Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը բողոքել էր, որն էլ մերժել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:

Կարո Եղնուկյանը դիտարկումներ ներկայացրեց բողոքի վերաբերյալ: Ասաց, որ եթե իր գործը չառանձնացվի, գործընթացը կվերածվի մի քանի տարվա դատավարության՝ հաշվի առնելով 14 մեղադրյալների գործոնը: «Գործում առկա հինգ գաղտնալսված զանգերից երեքը եղել են կնոջս հետ: Նա ոչ վկա է, ոչ մեղադրյալ: Մյուս երկու զանգերը եղել են Արամ Հակոբյանի եւ Վարուժան Ավետիսյանի հետ: Արամը 14 մեղադրյալների մեջ չէ, ոչ էլ վկա է: Այնպես որ, անհիմն է դատարանի պնդումը, թե իմ գործն առանձնացնելը կազդի մյուս մեղադրյալների արդար դատաքննության իրավունքի վրա»,-հայտարարեց Կարո Եղնուկյանը:

Ապա նա հարցադրում արեց. «Կա՞ն այլ փաստեր, որոնք կապում են ինձ մեղադրյալների հետ: Պատասխանեմ՝ ոչ: Դատախազն այդպես էլ չպարզաբանեց, թե ինչու նպատակահարմար չէ իմ մասը գործից առանձնացնելը»:

Կարո Եղնուկյանը համոզված է, որ եթե իր մասը չառանձնացվի, ինքը նվազագույնը 4 տարի դատական գործընթացի մեջ է լինելու. «Անիմաստ գնա-արի դատարանից կալանավայր…7-րդ դասարանցու համար էլ պարզ է, որ իմ՝ արագ դատաքննություն անցնելու իրավունքը կոպտորեն խախտվում է»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վերոնշյալ բողոքի առնչությամբ որոշում կայացնելու:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31