Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Անցած մեկ տարվա ընթացքում բնակչության դրամային խնայողությունները ռեկորդային աճ են ունեցել. «Հայոց աշխարհ»

Օգոստոս 01,2017 12:04

Վերջին երկու տարիներին Հայաստանի ֆինանսական համակարգում եւ արժութային դաշտում արձանագրված կայունությունը հանգեցրել է դոլարի դիրքերի թուլացմանը։ Նվազել է դոլարայնացման մակարդակը, ինչն արտահայտվել է թե՛ վարկային, թե՛ ավանդային շուկաներում։

Հակառակ դրան, ակտիվացել է դրամային միջոցների տեղաշարժը։ Իսկ դա նշանակում է, որ հասարակության շրջանում մեծացել է վստահությունը ազգային արժույթի նկատմամբ։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ նախորդ երկու տարիներին Հայաստանի արժութային շուկայում քիչ թե շատ էական տատանումներ չեն եղել, իսկ դրամը պահպանել է բավականաչափ կայուն վարքագիծ՝ շուկայի հիմնական արժույթների, մասնավորապես ամերիկյան դոլարի նկատմամբ։

Այս հանգամանքը, որն անմիջական ազդեցություն ունի ավանդների արժութային կառուցվածքի ձեւավորման հարցում, դրականորեն է անդրադարձել բնակչության խնայողությունների դրամայնացման վրա։ Ունեցած ազատ միջոցները նրանք նախընտրել են բանկերում որպես ավանդ դնել ավելի շուտ ազգային արժույթի տեսքով։

Դատելով Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից՝ անցած մեկ տարվա ընթացքում բնակչության դրամային խնայողությունները ռեկորդային աճ են ունեցել։ Դրանք ավելացել են գրեթե 38 տոկոսով, ինչը համարժեք է 116,6 մլրդ դրամի։ Ֆիզիկական անձանց դրամային ավանդները հասել են 424,5 միլիարդի։

Թեպետ համալրվել են նաեւ տարադրամային ավանդները, այնուհանդերձ այս դեպքում ակտիվությունն անհամեմատ ցածր է եղել։ Նույն ժամանակահատվածում բնակչության արժութային խնայողություններն ավելացել են ընդամենը 48 մլրդ դրամով (աճը՝ 6,5 տոկոս)։

Խնայողությունների ոլորտում դոլարայնացման թուլացումն անշուշտ ունի նաեւ այլ պատճառներ։ Պետք է ենթադրել, որ ազգային արժույթի կայունությունից բացի, դրան նպաստել է ավանդների երաշխավորման շեմի վերջին փոփոխությունը։

Ինչպես հայտնի է, ֆինանսական շուկայում 2014թ. տեղի ունեցած ցնցումներից եւ ազգային արժույթի կտրուկ արժեզրկումից հետո հասարակության շրջանում հերթական անգամ խաթարվեց վստահությունը ազգային արժույթի նկատմամբ։ Դա արտահայտվեց դոլարայնացման վերաակտիվացման տեսքով։

Հասարակության շրջանում ազգային արժույթի նկատմամբ վստահությունը բարձրացնելու նպատակով իրականացված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ կրկնակի ավելացվեց բանկային ավանդների երաշխավորման շեմը։ Ըստ այդմ, երաշխավորվեցին մինչեւ 10 մլն դրամ դրամային ավանդները, ինչը դրական քայլ էր ֆինանսական շուկայի դոլարայնացման թուլացման համար։

Ավանդների արժութային կառուցվածքում նկատվող փոփոխություններին, ըստ ամենայնի, նպաստել է նաեւ բանկային տոկոսադրույքի նվազեցումը։ Անցած մեկուկես տարվա ընթացքում Կենտրոնական բանկի իրականացրած դրամավարկային քաղաքականությունը եւ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետեւողական իջեցումը հանգեցրել է առեւտրային բանկերի ներգրաված միջոցների էժանացման։ Թեպետ նվազել է ինչպես տարադրամային, այնպես էլ դրամային ավանդների գինը, այնուհանդերձ անկումը շատ ավելի մեծ է արժութային խնայողությունների դեպքում։ Այսօր բանկերը պատրաստ են մինչեւ մեկ տարի ժամկետով ավանդների դիմաց վճարել 5¬5,5 տոկոս։ Ընդամենը մեկ տարի առաջ այն հասնում էր 8¬9 տոկոսի։

Ի տարբերություն տարադրամայինի, դրամային խնայողությունների համար տոկոսադրույքները, ձեւավորված մեծ պահանջարկի առկայության պայմաններում, դեռ բավական բարձր են։ Դրանք առնվազն կրկնակի թանկ են տարադրամային ավանդներից, ինչը չէր կարող ազդեցություն չունենալ հասարակության տրամադրությունների վրա։

 Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031