Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի նախկին խորհրդականը վիրավորված է (Տեսանյութ)

Օգոստոս 04,2017 14:00

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը տպավորություն ունի, որ Հայաստանը ոչ վարչապետ ունի, ոչ էլ կառավարություն: «Մի ամիս առաջ Սիսիանում կարկտահարության հետեւանքով ավերվել էին մարդկանց այգիներն ու ցանքատարածությունները, մի քանի համայնքներ ընդհանրապես կորցրել են իրենց տարվա բերքը: Ու այդ ծանր պայմաններում, երբ մարդիկ պետության օգնության ու հոգատարության կարիքն ունեն, վարչապետի այցն անգամ նրանց չհուզեց, որովհետեւ մարդիկ կորցրել են պետության զգացողությունը՝ որպես իրեն օգնական, վարչապետի եւ կառավարության կարեւորությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային այցով գտնվում էր Սյունիքի մարզում, եղել է նաեւ Սիսիանում: Այդ օրերին Սիսիանում է եղել նաեւ մեր զրուցակիցը, որը պնդում է, որ վարչապետի այցի օրը Սիսիանի դատարկ հրապարակը եւ վարչապետի պահվածքը ցույց են տալիս, որ նա կտրված է իրականությունից եւ ժողովրդից: Վոլոդյա Հովհաննիսյանը հիշում է 2015 թվականի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Սիսիան, երբ 600 հոգանոց հանդիպում կայացավ վարչապետի հետ, որին մասնակցում էին տարածաշրջանի համայնքների ներկայացուցիչները եւ 3 ժամից ավելի քննարկում էին առկա խնդիրները: Ասում է՝ այդ հանդիպման արդյունքում 3-4 շենքի տանիքի վերանորոգման հարց լուծվեց, համայնքային ճանապարհների վերանորոգման հարց լուծվեց, որոշ համայնքներում՝ խմելու ջրի եւ այլն: Ինքն այն ժամանակ տեսել է՝ կա պետություն, կառավարություն, վարչապետ՝ իրենց բոլոր թերություններով հանդերձ, իսկ մարդիկ էլ հույս են ունեցել, որը կապել են պետության, կառավարության ու վարչապետի հետ: Հիմա նա կարծում է, որ ունենք «կառավարման ունայնության եւ քաղաքական ժամավաճառության փայլուն օրինակ»:

Նրան դուր չի եկել, որ Կարեն Կարապետյանը, իր պնդմամբ՝ նեղ շրջանում է խորհրդակցություն անցկացրել եւ ասել, որ պետք է բիզնես ծրագրեր կազմել:

«Այդ «պետք»-ի մեջ մարդիկ չգիտեն, որ պետք է անել, ու երբ վարչապետն ասելու ոչինչ չունի, անցնում է սոփեստության, ոչինչ չանելով՝ ցույց է տալիս, թե բան է անում»,- ասում է Վոլոդյա Հովհաննիսյանը՝ հիշեցնելով Կարեն Կարապետյանի առաջին հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է գտնվում: Շուտով կլրանա այդ հայտարարության մեկ տարին: Վոլոդյա Հովհաննիսյանը չի տեսել որեւէ քայլ, որն ուղղված է ծանր տնտեսական իրավիճակը շտկելուն. «Այս մեկ տարում Հայաստանում արտադրողական ուժ չի ստեղծվել»: Սրանից էլ հետեւություն է անում, որ այս մեկ տարվա ընթացքում Կարեն Կարապետյանը ոչինչ չի արել իբրեւ կառավարիչ: Ավելին՝ ասում է, որ այս մեկ տարվա ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը ավելացել է մոտ 1 մլրդ դոլարով՝ կազմելով ՀՆԱ-ի 65%-ը: Համեմատության համար նշում է, որ Ադրբեջանի արտաքին պարտքը այդ երկրի ՀՆԱ-ի 20%-ն է կազմում, Վրաստանում՝ 10%-ը: «ՀՀ-ի արտաքին պարտքի 10%-ն ավելացել է այն վարչապետի օրոք, որը խոստանում էր միլիարդավոր ներդրումներ եւ հսկայական ծավալի աշխատատեղեր»,- ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը: Արդյունքում այնքան է վիրավորվել ՀՀ քաղաքացի Վոլոդյա Հովհաննիսյանի ինքնասիրությունը, որ հայտարարում է. «Կարեն Կարապետյանը ծանր հարված է հասցնում մեր պետականությանն ու նրա ընթացքին, մինչդեռ հայերը միակ ազգն են, որ էթնիկական գոյության խնդիր ունեն, ու փոխանակ Իսրայելի նման ազգային համահավաք ուժով պայքարենք մեր գոյության համար՝ փոշիացնում ենք այդ ուժը»:

Նա կարծում է, որ դրանում մաս ունի նաեւ Կարեն Կարապետյանը, եւ զարմանում է հանրապետության նախագահի վրա, որն այս կարեւոր ժամանակաշրջանում կառավարման ղեկը հանձնել է նրան:

Վոլոդյա Հովհաննիսյանին վիրավորել է նաեւ այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Սիսիանում չի այցելել Արցախյան ազատամարտում տարբեր ժամանակաշրջաններում զոհվածների պանթեոն, մինչդեռ այնտեղ վարչապետին եւ Սյունիքի մարզպետին սպասել են մի քանի ազատամարտիկներ, որպեսզի տարբեր հարցերով զրուցեն նրանց հետ: Հիշեցնենք՝ ապրիլյան պատերազմում Սիսիանից 9 զոհ եղավ:

«Առավոտի» դիտարկմանը, որ իր գնահատականներում նկատելի է սուբյեկտիվ մոտեցում, եւ իր նշած «բոլոր ձեռքբերումները» միայն կամ բացառապես վարչապետ Կարեն Կարապետյանի վաստակը չեն. մինչ այս էլ ունեցել ենք տարբեր վարչապետներ, կառավարություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք իրենց գործունեությամբ հասցրել են այս վիճակին, մեր զրուցակիցն ասաց, որ համաձայն է. «Սակայն Կարեն Կարապետյանի մուտքը, որպես վարչապետ, հույսեր ներշնչեց, Կարեն Կարապետյանը խոստումներ տվեց»: Դիտարկմանն էլ՝ խոստումներ բոլորն են տվել, հակադարձեց. «Կարեն Կարապետյանը նոր պատմական ժամանակաշրջանում, նոր ընտրությունների, նոր Սահմանադրությամբ օժտված իր իրավունքներով ու պարտականություններով պետք է նոր խոսք ու տեմպ հաղորդեր: Նա դա չարեց: Նա արժանացավ ժողովրդի հավանությանն ու վստահությանը եւ դաժանորեն չարդարացրեց սպասելիքները»:

Վոլոդյա Հովհաննիսյանը համաձայն չէ մեր դիտարկման հետ, որ գուցե ժողովրդի սպասելիքները համաչափ չէին նոր վարչապետ Կարեն Կարապետյանի կարողությունների հետ: «Ոչ, ժողովրդի սպասելիքները այնքան էին, որքան Կարեն Կարապետյանը խոստացել էր: Եվ եթե Կարեն Կարապետյանը իր խոստումները չի կատարել, դա ծանր բարոյական հարված է ժողովրդին ու բացասական է բնութագրում հենց Կարեն Կարապետյանին»:

«Առավոտի» հարցին՝ ճի՞շտ է համարում Հայաստանի 25 տարիների քաղաքական եւ տնտեսական իշխանությունների մեղքերը բարդել Կարեն Կարապետյանի վրա եւ հարցերը համարել լուծված, Վոլոդյա Հովհաննիսյանն ասաց, որ Կարեն Կարապետյանը պատասխանատվություն պետք է կրի ի՛ր «մասնաբաժնի» համար. «Հիմնական պատասխանատուները պետք է լինեն Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, որոնք ճիշտ չեն կառավարել, եւ ստեղծվել է այս վիճակը: Սակայն այսօր գերխնդիրն այն է, որ այս պատմական ժամանակաշրջանում, երբ մենք պատերազմի շեմին ենք կանգնած, չպետք է ունենանք այնպիսի վարչապետ, որը մեր երկիրը տանում է դեպի կործանում»:

Ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնին Վոլոդյա Հովհաննիսյանը: Ասաց՝ չգիտեմ, բայց հաստատ չի ուզում Կարեն Կարապետյանի նման, իր բնորոշմամբ՝ միայն սոփեստական խոսքի մասնագետի, այլ կառավարման լուրջ գիտելիքներով եւ ունակություններով օժտված մարդու: Հարցին՝ Սերժ Սարգսյանին տեսնո՞ւմ է վարչապետի պաշտոնում՝ մանավանդ, որ խոսակցություններ կան, որ 2018-ին հենց նա էլ զբաղեցնելու է այդ պաշտոնը, Վոլոդյա Հովհաննիսյանն ասաց. «Ես չէի ցանկանա, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ»: Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ, քանի որ Սերժ Սարգսյանն իր մարտական ընկերներից է: «Սերժ Սարգսյանը փայլուն կերպով դավաճանել է իր բոլոր քաղաքական եւ մարտական ընկերներին. նա իմ մարտական ընկերը չէ»: Ըստ Վոլոդյա Հովհաննիսյանի՝ նախագահը դավաճանել է իր մարտական ընկերներին՝ նրանց հեռացնելով տարբեր պաշտոններից: Նկատեցինք՝ իսկ որ նախագահի մարտական ընկերները այդ պաշտոններում չարաշահումներ են կատարել՝ երկիրն այս վիճակին հասցնելով, պետք է ա՞չք փակել դրա վրա: Մեր զրուցակիցը հակադարձեց. «Չարաշահումների դեպքում մեծ հաջողությամբ նրանց դատում են, եւ այդ գործընթացում ինքը ոչ մեկին չի ներում: Եվ հետո մի ասեք, որ նախագահի մարտական ընկերները մասսայաբար հանցագործ են: Մեկ-երկու սխալներ եղել են, բայց մարտական ընկերներն իրենց կյանքով ու արյամբ այս երկիրը պաշտպանել են եւ բանակ են կերտել, ու նախագահը համարյա բոլորին դավաճանել է»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

03.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031