Լրահոս
Օրվա լրահոսը

Եղնուկյանը պահանջում է պատժել դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ անմարդկային վերաբերմունքի համար

Օգոստոս 21,2017 12:42

Այսօր «Հայացք» ակումբում փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ Կարո Եղնուկյանը «Սասնա ծռերի» գործով չի ուզում մասնակցել դատական նիստերին: Նա դիմում է գրել ՀՀ գլխավոր դատախազին, ոստիկանապետին, ՀՔԾ-ին, արդարադատության նախարարին, որ անիմաստ տեղն իրեն վատ պայմաններով տեղափոխում են կալանավայրից եւ 8 ժամ դատարանի նկուղում պահում, ինչն անմարդկային վերաբերմունք է եւ արժանապատվությունը ոտնահարող հանգամանք:

Տիգրան Հայրապետյանն ասաց, որ դատական սանկցիա կա Եղնուկյանի նկատմամբ եւ նրան չպետք է ուղեկցեն դատարան, բայց Եղնուկյանին տեղափոխում են, անտեղի պահում նկուղում եւ հետ բերում:

Ի պատասխան Եղնուկյանի դիմումի՝ Քրեակատարողական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռ. Հովհաննիսյանը պատասխանել է, որ դատական սանկցիայի առկայության պայմաներում Կարո Եղնուկյանը պարտավոր չէ ներկայանալ նիստին: Սակայն, միեւնույն է, դատավոր Ա. Գաբրիելյանը ցուցում է տալիս քրեակատարողական հիմնարկին, որ Եղնուկյանին տեղափոխեն դատարան:

Ըստ Եղնուկյանի՝ «Սա սադրանք է իշխանությունների կողմից, դատավորի կողմից արհեստականորեն ստեղծվում է այնպիսի վիճակ, որ ՔԿՀ եւ ոստիկանության ծառայողները ստիպված են ուժ կիրառել իմ նկատմամբ եւ հակառակ իմ կամքի ինձ տեղափոխեն դատարան: Սա շարունակությյունն է այն բանի, որ նույն դատավորը դատարանում ջուր ունենալու համար իմ նկատմամբ կիրառեց դատական սանկցիա»:

Եղնուկյանը հայտնել է. «Ես վճռականորեն եմ տրամադրված եւ պաշտոնապես հայտարարում եմ, որ չեմ ենթարկվելու նման դատարանի ապօրինի կարգադրությանը, եթե դա կարելի է դատարան համարել, ես չեմ տեղափոխվելու դատարան: Եթե իմ նկատմամբ ուժ գործադրվի, ապա դրա բոլոր անդառնալի հետեւանքները եւ ողջ պատասխանատվությունը ընկնում է պաշտոնատար անձանց վրա, ում դիմում է ուղարկվել»:

Ըստ Եղնուկյանի, ինքը որեւէ հակաիրավական արարք չի կատարել, ուստի իր դեմ նման արհամարհական եւ անմարդկային վերաբերմունքը խոշտանգում է քաղաքացու նկատմամբ:

Եղնուկյանը դիմումում պահանջում է պատասխանատվության ենթարկել նման ակնհայտ ապօրինի որոշումներ կայացնող դատավոր Արտուշ Գաբրիելյանին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031