Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե, կլինի հուշանվեր, գլխաշոր, տակաշոր, չգիտեմ ինչաշոր…». Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն. «Հրապարակ»

Օգոստոս 29,2017 12:57

Օրերս Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի գործունեության վեց ամիսների ցուցանիշներին ծանոթանալուց հետո՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տնօրեն Կարո Վարդանյանին ասել է. «Տեսնում եմ խայտառակ պասիվություն։ Ակնկալում ու պահանջում եմ ակտիվություն։ Ձեր յուրաքանչյուր վայրկյանը պետք է ծառայի թանգարանի առողջացմանը։ Բացեք թանգարանի դռները, հանրահռչակեք անգնահատելի այն գանձերը, որոնք հավաքել եք 1955 թվականից ի վեր։ Դուք ունեք բացառիկ նմուշներ, դրանք մատուցելու ժամանակակից միջոցներ ու հնարավորություններ գտեք»։ Այս մասին տեղեկանում ենք հենց նախարարության ֆեյսբուքյան էջից։

«Կարո՞ղ է Չարենցի ձեռագրերը հանենք-ծախենք, թանգարանն ի՞նչ բիզնես կարող է անել, մեր փողո՞վ պետք է բյուջեն լցնեն»,- իր մտահոգությունն էր հայտնում նախօրեին խմբագրություն այցելած թանգարանի տարեց աշխատակիցներից մեկը։ Նա մտահոգված էր նաեւ աշխատակիցների մեջ շրջանառվող կրճատումների հարցով։ Թանգարանում քիչ չեն 60-ն անց տարեց աշխատակիցները, որոնք հնարավոր է կրճատման տակ ընկնեն։ Մինչդեռ, ըստ զրուցակցի, թանգարանում աշխատանքը շատ է. «Մենք այնքան անմշակ ձեռագրեր ունենք… եւ հետո՝ փորձի փոխանցման խնդիր կա, ավագ սերունդը պետք է երիտասարդներին»։

Տնօրեն Կարո Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է իրենց գործունեությունը նախարարը խայտառակ պասիվ գնահատել, որտեղ են թերացել։ «Այդ գնահատականն ավելի շատ վերաբերում էր արտաբյուջետային մեր եկամուտներին։ Ինչ մեղքս թաքցնեմ, ես ուրիշ ձեւ էի պատկերացնում իմ աշխատանքը, ամբողջ եռանդս, այս 5 տարիների ընթացքում, ինչ տնօրեն եմ, ներդրել էի մայր թանգարանը եւ մասնաճյուղերը հիմնանորոգելու, նոր ցուցադրություն բացելու, նոր արխիվներ բերելու ուղղությամբ։ Միայն այս վերջին 5 տարիներին 3 տասնյակից ավելի ամբողջական արխիվ մարդիկ ինձ վստահելով բերել են մեզ ու մեծ մասը՝ Սփյուռքից, երբ նույնիսկ խորհրդային լավագույն տարիներին այդպիսի ցուցանիշ չենք ունեցել։ Այստեղ խնդիրն այն է, որ ես մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե այդ ամենն ինչպես պետք է վերածել դրամի… ուղիները, փառք Աստծո, նախարարը եւ նախարարության աշխատակազմն ինձ մատնանշեցին»։ Որո՞նք ենք այդ ուղիները՝ զարգացնել հուշանվերների գործը։ «Դե, կլինի հուշանվեր, գլխաշոր, տակաշոր, չգիտեմ ինչաշոր…, դրան գումարած նաեւ այն ծառայությունները, որ մենք մատուցում ենք։ Ենթադրենք՝ ուսանողները, ասպիրանտները, գիտաշխատողները, որ օգտվում են մեր ֆոնդերից, մենք պետք է այսուհետ վճար պահանջենք, որ մինչեւ հիմա իմ պատասխանատվությամբ դա անվճար էինք անում, կարծելով, որ ինչքան շատ տարածվի, հանրահռչակվի, այնքան լավ։ Որովհետեւ ուսանողը, գիտաշխատողը հենց այնպես չի ուսումնասիրում, արդյունքում մենք ունենում ենք մի հոդված կամ մենագրություն։ Դա իմ սուբյեկտիվ մոտեցումն էր, եւ անվճար էինք սպասարկում։ Հիմա որոշ սիմվոլիկ գումար՝ 50-100 դրամ կսահմանենք եւ կտեսնենք, թե ինչ արդյունք կունենա»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031