Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոդոսյան օրագիր (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 06,2017 13:00

Բրուտ սիրեկաններից մինչեւ հունական Վենետիկ

Հունական Հռոդոս կղզում զբոսաշրջության բում է: Հռոդոսի ափերը ողողում են երկու ծով` Միջերկրական եւ Էգեյան: Այստեղ ոչինչ չեն խնայում զբոսաշրջիկներ ներգրավելու համար: Հռոդոսը Հունաստանի` մեծությամբ չորրորդ կղզնին է, որը հրաշալի բնակլիմայական պայմաններ ունի, մասնավորապես տարվա 310 օրն այստեղ արեւոտ է: Հին աշխարհի 7 հրաշալիքներից 6-ը` Հռոդոսի կոթողը, որը նվիրված էր Հելիոս աստծուն, հենց այստեղ է կանգնեցված եղել: Հույներն ասում են, որ այդ արձանը Ամերիկայի ազատության աստվածուհու նախատիպն է եղել:


Միջնադարյան Հռոդոս քաղաքն իր բերդով գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, այն քաղաք-թանգարան է, սակայն այսօր այնտեղ մարդիկ են ապրում: Հին քաղաքի դիմագիծը բնավ չի աղավաղվել ժամանակակից շինություններով`ամենուր հին շինություններ են, նեղլիկ փողոցներ: Իսկ քաղաքի Հիպոկրատի հրապարակում երեկոները լույսերի ու երաժշտության հրավառություն է: Մինչ ուշ գիշեր այստեղ եռում է կյանքը՝ խանութներն ու ռեստորանները: Տեղացիները հպարտանում են Հին քաղաքի Ասպետների փողոցով, որը տանում է դեպի Մեծ Մագիստրոսների տաճար: Հին քաղաքում նաեւ Սոկրատեսի փողոց կա, որն էլ հենց Հիպոկրատի հրապարակ է տանում:


Հռոդոս կղզու Լինդոս քաղաքում էլ գտնվում են հռոդոսյան Ակրոպոլիսի ավերակները, որտեղ մշտապես մարդկանց բազմություն կա: Լինդոսը կոլորիտային, ձյունաճերմակ քաղաք է: Լինդոսյան տաքսին էլ յուրահատուկ է, այստեղից Ակրոպոլիս կարելի է բարձրանալ էշերով: Այստեղ վաճառվող ամեն ինչի վրա իշուկներ են նկարված: Ոչ միայն Լինդոսում, այլեւ Հռոդոսում ամեն խանութից կարելի է ձեռք բերել Պյութագորասի գավաթներ` գեղեցիկ նկարազարդումներով: Գավաթի մեջ որոշակի քանակության հեղուկ է տեղավորվում, ավելին լցնելու դեպքում, այն թափվում է տակից: Հույներն ասում են, որ գավաթը Պյութագորասն է հորինել՝ իր աշակերտների մոտ չափի զգացողություն դաստիարակելու համար:
Հույները սիրում են խոսել իրենց կերամիկայի մասին: Էքսկուրսիաներ են կազմակերպվում հռոդոսյան կերամիկայի արտադրամասեր: Հռոդոսում կարծում են, որ բրուտները լավագույն սիրեկաններ են, քանի որ միայն մեծ էներգիա ու ռոմանտիզմ ունեցող մարդը կարող է բրուտագործությամբ զբաղվել:


Հռոդոս կղզում է գտնվում նաեւ Ֆիլերիմոս պատմական բլուրը, որը հույները սրբազան են համարում: Վերջինիս բարձրությունը 267 մետր է: Վերեւից շատ գեղեցիկ տեսարան է բացվում: Հնում Ֆիլերիմոսի բարձունքում է եղել Յալիսոսի Ակրոպոլիսը, ասպետներն այստեղ ամրոցներ են կառուցել: Թուրքական տիրապետության շրջանում այստեղ է ամրացել Սուլեյման Մեծը, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆիլերիմոսում իտալական հրետանին էր պատսպարվել: Բլուրը կրում է հոգեւորական Ֆիլերիմի անունը, որը 13-րդ դարում այստեղ էր բերել Ղուկաս առաքյալի ձեռքով ն կարված սրբապատկերը:

Ֆիլերիմոս բլուր տանող ճանապարհը Գողգոթայի նմանակումն է: Տարբեր քանդակների վրա պատկերված են Հիսուսի չարչարանքները: Էքսկուրսավարները հատուկ զգուշացնում են` Հիսուսն այստեղ չի խաչվել: Չմոռանանք նշել, որ տարածքում սիրամարգեր են շրջում: Տարածքի աշխատակիցներից մեկը, որ բոլորին հարցնում էր, թե որ երկրից են, իմանալով, որ հայաստանցի ենք, բացականչեց. «Օ՜, Արմենիա… բաստուրմա, փիլավ»: Տխրեցի, որ մեզ այդ ուտեստներով գիտեն:


Դոդեկանեսյան կղզիախմբի մեջ է նաեւ Սիմին, որը Հռոդոսի ամենագեղեցիկ անկյուններից է: Սիմիում գտնվող Միքայել հրեշտակապետի մենաստանը հույների Երուսաղեմն է: Շատերը եկեղեցու մուտքին ծնկաչոք են մոտենում: 17-րդ դարի այս եկեղեցին երազանք կատարող է համարվում: Այստեղ է պահվում Միքայել հրեշտակապետի ոսկյա սրբապատկերը:


Փոքրիկ Սիմի կղզում 100 եկեղեցի եւ 9 մենաստան կա: Հարեւանությամբ գտնվող կղզյակները անմարդաբնակ են: Դրանցից մեկում ընդամենը մեկ մարդ է ապրում, որը եկեղեցու համար բանջարեղեն է աճեցնում, իսկ մյուս կղզյակում տարեց ամուսիններ են ապրում, նրանց եւս եկեղեցին է վճարում, որպեսզի այդ տարծքում գտնվող սրբավայրը խնամեն:


Սիմի կղզու վրա գտնվող համանուն քաղաքը Վենետիկն է հիշեցնում, այն ավելի մոտ է Թուրքիային (ընդամենը 7-8 կիլոմետր), քան Հռոդոս քաղաքին:
Հույն էքսկուրսավարներն ասում են, որ Սիմիի նավահանգստում հաճախ են լինում արաբ շեյխերի ու աշխարհի գերհարուստների զբոսանավերը: Ժամանակին Սիմի էր գալիս նաեւ Աբրամովիչի զբոսանավը: Տեղացիները մի անգամ էլ զարմացել են` տեղեկանալով, որ շքեղ զբոսանավերից մեկը պետպաշտոնյայի` Ֆրանսիայի ֆինանսների նախարարին է պատկանում:


Ի դեպ, Սիմին համարվում է ողջ Դոդեկանեսյան կղզիների կենտրոնը եւ ծովային սպունգի գլխավոր արտադրողը: Հենց այդ բիզնեսի շնորհիվ է կղզին բարգավաճել: Ամեն սրճարանի կողքին ջրասուզակի արձան կա, հենց ջրասուզակներն են ծովի խորքերից ծովային սպունգ հանում ու վաճառում:


Հռոդոսից 30 կմ հյուսիս-արեւմուտք գտնվող Սիմի կարելի է հասնել նավով` Մանդրակի նավահանգստից:

Ընդհանրապես Հռոդոսը տեսարժան վայրերի պակաս չունի, սակայն բոլորի մասին մեկ հոդվածում անհնար է գրել:


ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Հռոդոս-Երեւան

Լուսանկարները` հեղինակի:

 

«Առավոտ»

05.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930