Լրահոս
Օրվա լրահոսը

Ճնշումներ` ԵԽԽՎ նախագահի թեկնածուի նկատմամբ. վեհաժողովը նախագահ է ընտրում

Հոկտեմբեր 09,2017 16:12

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի հոկտեմբերի 9-ի լիագումար նիստում պատվիրակները փակ քվեարկությամբ ընտրում են նոր նախագահ: Առաջադրված են Ստելլա Կիրիակիդեսի (Կիպրոս, ԵԺԿ) և Էմանուելիս Զինգերիսի (Լիտվա, ԵԺԿ) թեկնածությունները: Այս պահին քվեարկությունն ավարտված է, արդյունքները կհայտարարվեն լիագումար նիստի երկրորդ հատվածում` Երևանի ժամանակով 17.00-ին:

Նշենք, որ ԵԺԿ խմբում քննարկվել է ԵԽԽՎ նախագահի հարցը: Երկու թեկնածուներն էլ կանոնակարգի համաձայն` կարող էին թեկնածություն առաջադրել. ընթացակարգային առումով դրա իրավունքն ունեին:

Սակայն Aravot.am-ին պարզ դարձավ, որ Կիպրոսը ներկայացնող թեկնածուի` Ստելլա Կիրիակիդեսի նկատմամբ ճնշումներ են գործադրվել:

Aravot.am-ը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանին խնդրեց պարզաբանել` ո՞րն է խնդիրը: Պատվիրակության ղեկավարն ասաց. «Ճնշում այն առումով, որ եթե ԵԺԿ խմբում քվեարկության արդյունքում Ստելլա Կիրիակիդեսը չստանա ձայների մեծամասնությունը, հանի իր թեկնածությունը: Բայց ես այն տեսակետի կողմնակիցն եմ, որ այս երեք ամսվա ժամանակահատվածի համար երկու թեկնածուներն էլ տասը և ավելի ստորագրություն հավաքելու դեպքում կարող էին առաջադրվել, հետևաբար նախօրոք պետք է ԵԺԿ խումբը որոշում կայացներ, ինչի ժամանակը չի ունեցել, քանի որ Ագրամունտը հայտնել է իր հրաժարականի մասին ուրբաթ օրը: Ուրբաթ օրվա երեկոյից մինչև շաբաթ առավոտյան պիտի լինեին ստորագրություններն ու առաջադրումներ: Կիպրոսի պատվիրակության ղեկավարը վճռորոշ է իր դիրքորոշման մեջ: Նա չհանեց իր թեկնածությունը, թեև ձայների` 37/32 հարաբերակցությամբ պարտվեց ԵԺԿ խմբում կազմակերպված քվեարկության ժամանակ»:

Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է ձայների մեծամասնություն` այսինքն` 152 «կողմ»: Դա չապահովելու դեպքում անցկացվի 2-րդ փուլ, բայց եթե այդ դեպքում էլ այդ մեծամասնությունը չհավաքվի, վաղը հավանաբար կկազմակերպվի հարաբերական մեծամասնություն պահանջող քվեարկություն:

Այս ընթացակարգից ելնելով` Արփինե Հովհաննիսյանը հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, վաղն առավոտյան կիմանանք մինչև հունվար` երեք ամսվա ժամանակահատվածի համար ԵԽԽՎ նախագահի անունը:

Հետաքրքրվեցինք` առաջադրված անձանցից որի՞ թեկնածությունն է առավել ձեռնտու հայկական պատվիրակությանը, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Այս պահին ԵԽԽՎ-ի համար անհրաժեշտ է ունենալ անկաշառ, իր հայացքներում անաչառ թեկնածու: Այս տեսանկյունից առավել նախընտրելի է Կիպրոսի պատվիրակության ղեկավարը»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031