Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխան Բարսեղյանը գլխուղեղի կաթված է տարել». Փաստաբան (Տեսանյութ)

Հունվար 25,2018 14:59 Share
Աջակցեք aravot.am-ին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավորի գործով հերթական դատական նիստն էր: Հիշեցնենք՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Իշխան Բարսեղյանը մեղադրվում  է Նորիկ Հակոբյանից խոշոր չափի կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ:

Իշխան Բարսեղյանի շահերի պաշտպաններից փաստաբան Վարդուհի Էլբակյանը նիստի մեկնարկին դատավոր Վաչե Մարգարյանին տեղեկացրեց՝ Բարսեղյանը ենթարկվել է գլխի եւ անոթային հետազոտության. «Բժիշկը տեղեկացրեց, որ ըստ հետազոտությունների տվյալների՝ նա գլխուղեղի կաթված է տարել, որը յուրաքանչյուր պահի հնարավոր է՝ կրկնվի: Նրա կյանքին վտանգ է սպառնում»:

Փաստաբանը նաեւ տեղեկացրեց, որ Իշխան Բարսեղյանի վահանաձեւ գեղձում հայտնաբերվել են մի քանի միլիմետրանոց կիստաներ, նա արյան շրջանառության անբավարարություն ունի. «Նրան անհապաղ անհրաժեշտ է ստացիոնար բուժում՝ մասնագիտացված բուժհաստատությունում»:

Իշխան Բարսեղյանը դատարանին հայտնեց, որ թուլություն ունի, ճնշումը բարձր է, անգամ խոսել է դժվարանում: Նա դժգոհեց, որ բարձր ճնշում ունի, մինչդեռ այդ վիճակում իրեն կալանավայրից տեղափոխել են դատարան: Նիստն ընդմիջվեց, որպեսզի Բարսեղյանի համար շտապօգնություն հրավիրվի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: