Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի ռեժիսորի համարձակ քայլը. թատրոնում դարձյալ հերթեր են (Ֆոտոշարք և տեսանյութ)

Հունվար 27,2018 23:44

Երեք ամիս է՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճում պարբերաբար խաղում են Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» պատվածքի հիման վրա բեմադրված ներկայացումը։ Հետաքրքիրն այն է, որ տոմսերը 15 օր առաջ սպառվում են։

Այսօր ներկայացվեց 10-րդ անգամ ու ականատես եղանք, որ դահլիճում նստելու տեղ չկա, փոխարենը աթոռներ էին շարել պատշգամբում ու նեղ միջանցքում՝ այն դիտելու համար։

Թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Մարկես ներկայացնելու միտքը, մտահղացումը մի երիտասարդի է, որը մեր դերասաններից է, իմ նախկին ուսանող Արսեն Միքայելյանինն է, որը դեռ ուսանողական տարիներից մտածում էր Մարկեսի մասին։ Ինքը ներկա պահին այստեղ չէ, իր ռեժիսոր ընկերը կյանքի կոչեց իր միտքը, մեր թատրոնում որոշեցինք  անդրադառնալ այս թեմային ու խնդրին, ու որոշեցինք պարտադիր կյանքի կոչել փոքր բեմում, որովհետև ինքը էքսպերիմենտալ ներկայացում է։ Գիտեք, որ մեր երիտասարդները ընթերցում են Մարկես, սկզբում մտածեցինք, թե հասցեատերը կլինեն միայն երիտասարդները, բայց սխալվեցինք, նաև միջին սերնդի ներկայացուցիչներ են գալիս նայելու ներկայացումը և անհանգստանում էինք, որ իր ձևաչափով, բեմադրաոճով մի քիչ տարբերվում է՝ ավելի էսքպերիմենտալ  է։ Բայց գյումրեցի հանդիսատեսն ապացուցեց, որ ինքը կարող է տարբեր ժանրերի ու տարբեր մոտեցումներով ներկայացումներ նայել։

10 անգամ խաղացել ենք, միշտ դահլիճը լեփ-լեցուն է եղել, դրամարկղից են գնում այս ներկայացման տոմսերը ու գալիս- նայում են։ Ուրախ եմ, որ ժողովուրդը ընթերցում է Մարկես, ընկալում է նոր մոտեցումները, եթե դու անում ես ճշմարիտ ու ազնիվ, եթե հավատաց, կսիրի ու կընկալի։ Կարծում եմ, որ այս ներկայացումը դեռ երկար կմնա մեր թատրոնի խաղացանկում, մարկեսյան շունչը երկար ժամանակ կման մեր թատրոնում ու քաղաքում։ Այս նույն ներկայացումով պատրաստվում ենք հյուրախաղերի մեկնել Հայաստանի սահմաններից դուրս։ Ներկայացումն ունի երկու կազմ, մենք այս ներկայացմամբ պիտի մասնակցենք նաև «Արտավազդ» մրցանակաբաշխության»:

Ներկայացման ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանից էլ հետաքրքրվեցինք, թե համարձակ քայլ չէ՞ր արդյոք Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործությունը ներկայացնելը։ «Մարկեզին անդրադառնալը ընդհուպ վախենալու համարձակ քայլ է, ուղղակի իմ մեջ ներսից եկող վստահություն կար, որ ինքն ապրելու է, ստացվելու է։ Միտքը եղել է Միքայելյան Արսենինը, նա է տարիներ առաջ մտածել, իմ մտերիմ ընկերն է, նա հիմա ծառայում է բանակում։ Ինքը պատմվածքից վերածել էր պիեսի, բեմականացումն իրենն է, ուղղակի որոշակի բաներ փոխվեցին, ուսանողական դահլիճ է, պետք էր որոշակի բաներ փոխեինք, բառեր, լուծումներ․․․Ստացվեց, շատ վախենալու էր մեզ համար սկզբում, մտավախություն կար, որ չի ընկալվելու, չի հասկացվելու, մոգական ռեալիզմը տեղափոխելը փոքր բեմ, մի քիչ բարդ պրոցես է, չի պահանջում սովորական մոտեցում։ Փորձը սկսելուց անընդհատ այս խոսակցություններ էր՝ Ռաֆ, սովորական չէ, նորմալ չէ, մոգականություն պետք է լինի, իր մեջ հեքիաթ պետք է լինի, երազ պետք է լինի, ցանկություն պետք է լինի, ապրումներ պետք է լինեն և չափից ավել կարևոր էր խոսքի մատուցման ձևն ու դերասանների պլաստիկան։ Գործող անձինք երկուսն են, բայց զբաղված են չորսը,  չեմ կարողացել առանձնացել, թե որ զույգի դուետն է  ավելի լավը, մի օրը մեկն է ավելի լավը, մյուս օրը մյուսն է ավելի լավը»։

Ռեժիսորը պատմում է, որ թատրոն են եկել սփյուռքահայեր ու ներկայացումը դիտելուց հետո զարմացած իրեն հարցրել են՝ ինչպե՞ս եք կարողացել Մարկեսին տեղավորել բեմում, ընդ որում փոքր տարածքում։

«Ասում էին՝ ինչպե՞ս եք կարողացել այդ փոքր պատմվածքը վերածել հսկայական պիեսի։ Բոլորը զարմացած են Մարկեսին բեմում տեղավորելուց, ինչպե՞ս է արվել, լուծումները, գրատախտակի  միտքը, կավիճը․․․ Մենք խնդիր ունեինք և լիներ դեկոր-ռեկվիզիտ, և չլիներ դեկոր-ռեկվիզիտ, ի՞նչ տարբերակ կա, ի՞նչն է գաղտնիքը, նկարն է, և՛ կա, և՛ չկա, հանդիսատեսը ասենք  ռեալ տեսնում է գինու բաժակները, բայց դրանք չկան, նկար են, իմ մտքերը,մտորումները բերեցին, հանգեցրեցին դրան»,- ասում է ռեժիսորը։

Նա ասում է, որ հանդիսատեսի մեծ մասը Մարկես ընթերցում է․ ինքը կանգնում, լսում է հանդիսատեսի խոսակցությունները ու հասկանում է, որ նրանք պատվածքը կարդացել են մինչև թատրոն գալը։ Մեր դիտարկմանը, թե ինչքան դժվարընկալելի հեղինակներ կան, հենց Գյումրիո՞ւմ են ընկալվում, ռեժիսորը ծիծաղելով արձագանքում է․ «Չեմ ուզում գոռոզ լինել, բա էլ որտե՞ղ ընկալվի»։

Նշենք, որ այս ներկայացումը նայելու հատուկ նպատակով Գյումրի են եկել Տիգրան Մանսուրյանն ու մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարիամ says:

    Ձեր հայերին էլ անդրադարձեք: Մեռանք օտար անունների հետևից գնալով:

  2. Մելանյա says:

    21-րդ դարում ո՞նց կարելի թատրոնում մի բանանել ու 37-թվականի պես ասել համարձակ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031