ՀՀ նախագահի թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ այսօր նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին հարց ուղղեց նաեւ «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանը: Նա հետաքրքրվեց, թե ինչ գնահատական կտա Արմեն Սարգսյանը կոռուպցիայի դրսեւորման հայտնի դեպքերին, օրինակ՝ ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելուն, օֆշորային սկանդալներին:
«Ես դատավոր չեմ, իմ գնահատականն ընդհանրական է: Ես պետք է իմ ներդրումն ունենամ կոռուպցիայի դեմ պայքարում, որը մեր երկրում պետք է լինի ինստիտուցիոնալ: Կաշառք տվողն ու վերցնողը երկուսն են, բայց բոլորս ենք մեղավոր, քանի դեռ նման բացասական երեւույթներ կան մեր երկրում»,-պատասխանեց Արմեն Սարգսյանը:
Ապա Լենա Նազարյանը հարցրեց. «Մեկ տարի առաջ, երբ Լոնդոնում հանդիպեցինք ձեզ հետ, ասացիք, որ դուրս եք եկել Ամուլսարը շահագործող ընկերության տնօրենների խորհրդի կազմից, որովհետեւ վտանգավոր եք համարել հանքի շահագործման ձեւը: Պատրաստվո՞ւմ եք բարձրաձայնել այդ վտանգավորության մասին»:
Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Չէի կարող նման բան հստակ ասել, իմ պատասխանը դիվանագիտական է եղել: Ես խորհրդատվական մարմնի անդամ եմ եղել: Դիմում եմ ներկայացրել, որտեղ նշել եմ ծրագրի մասին իմ վերաբերմունքը: Այն դրական է, թե ոչ, չեմ ասել ու չեմ ասի, քանի որ դա իմ հինգ տարվա վաղեմության վերաբերմունքն է: Եթե ընտրվեմ, վստահեցնում եմ՝ բնապահպանությունը կարեւորում եմ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ