Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում բացվեց «Ֆիշեր» շախմատի ակումբը (ֆոտոշարք)

Մարտ 09,2018 23:35

Ըստ լեգենդի, պատերազմի աստված Մարսը սիրահարվում է շախմատային Կաիսա աստվածուհուն: Իսկ Կաիսան դեմ է պատերազմին: Եվ ի վերջո, աստվածուհու սիրտը նվաճել Մարսին հաջողվում է պատերազմական հակումները շախմատի տախտակի վրա տեղափոխելով:

Այսօր LOFT ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում բացվեց, թերեւս, բոլոր ժամանակների մեծագույն շախմատիստ Ռոբերտ Ֆիշերի անունը կրող ակումբը: Ակումբի հիմնադիր, ՖԻԴԵ-ի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Հովիկ Խալիկյանը հյուրերին տեղեկացրեց, որ այսօր լեգենդար շախմատիստի ծննդյան 75-ամյակն է:

«Ֆիշեր լեգենդը անցյալ դարի 70-ական թվականներին շախմատային աշխարհ մտավ այն ժամանակ, երբ ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ սառը պատերազմը կիզակետում էր: Այդ տարիներին շախմատն ավելի քան քաղաքականացված էր: Մի կողմում, ի դեմս Բորիս Սպասկու, ԽՍՀՄ-ն էր Լեոնիդ Բրեժնեւով եւ խորհրդային հզոր շախմատային բանակով, մյուս կողմում՝ Ռոբերտ Ֆիշերը, որին աջակցում էր ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը:

Ֆիշերի ֆենոմենալ հաղթանակը Սպասկու նկատմամբ ընկալվեց որպես խորհրդային գաղափարախոսության առաջին ցուցադրական պարտություն: Այսօր նույն այս սառը պատերազմը ավելի քան առարկայական է դարձել: Այն նույնիսկ խաթարում է օլիմպիական խաղերի սրբագույն սկզբունքները: Օլիմպիական խաղերի ժամանակ պատերազմները դադարում են: Այս առումով շախմատը կարող է դեր խաղալ «պատերազմների աստվածներին»՝ երկրների իշխանություններին սանձելու գործում: Թող բոլոր պատերազմները լինեն շախմատային խաղատախտակի վրա», – ասաց Հովիկ Խալիկյանը:

Նա նաեւ կարեւորեց  ակումբի գործունեության շրջանակներում «Պապ եւ թոռ» ծրագիրը՝ նշելով. «Սա ունի իր տրամաբանությունը, իր փիլիսոփայությունը: Քանի որ մրցաշար է, իսկ մրցաշարը ենթադրում է հակադրություն, հակամարտություն, մրցակցություն, մենք մրցակցության դաշտ ենք բերում փորձը, հմտությունը, ավանդույթը՝ ի դեմս պապիկների, եւ ուժը, նորարարության մղումը, ամեն տեսակի ավանդույթ քանդելու պատրաստ կամքը, երիտասարդությունը՝ ի դեմս թոռնիկների… Մեր նպատակը նորի արարումն է, նոր մտածողության բացահայտումը՝ միաժամանակ պահպանելով եւ կարեւորելով ժառանգականության դերը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031