Ի՞նչ է փոխվել ապրիլյան քառօրյայից 2 տարի անց, ի՞նչ հետեւանք այն թողեց քառօրյայի մասնակից հերոսների կյանքում, ի՞նչ դասեր պետք է քաղել այս ամենից: Այս թեմայով այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ՀՅԴ ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն ասաց, որ ցավոք, 2016-ն իր վատ հետեւանքները թողեց՝ պայմանավորված մեծ կորստով, բայց նաեւ մեծ դաս եղավ մեզ, այն թմբիրից դուրս եկանք, որում կայինք զինադադարից հետո. «Ասում եք ինչ է փոխվել՝ շատ բան է փոխվել, սկսած սպառազինության որոշ տեսակների թարմացումից, նոր միավորների ձեւավորումից, մինչև մարտական դիրքերի վերազինումն ու վերապատրաստումը։ Վերջին 2 տարվա ընթացքում, եթե նկատել եք, հակառակորդի կողմից շատ քիչ դիվերսիոն գործողություններ են եղել եւ ոչ մի անգամ հաջողություն չեն ունեցել, սա արդեն խոսում է այն մասին, որ մենք դասեր ենք քաղել»:
Քառօրյայի մասնակից Ժորա Աֆրիկյանի խոսքով՝ «Ապրիլյան պատերազմը բացահայտեց մեր թույլ եւ ուժեղ կողմերը, հայ զինվորի տոկուն ոգին: Երկու կարեւոր դասեր կառանձնացնեմ իմ համար, առաջինը՝ մենք համոզվեցինք, որ ունեք ոչ ադեկվատ հակառակորդ, որ ԼՂՀ հարցի լուծումը տեսնում է միայն ռազմական ճանապարհով, ոչ թե խաղաղ բանակցությունների միջոցով, երկրորդ դասն այն է, որ մենք հասկացանք, որ մեր բանակաշինությունը հոսող գետի նման չպետք է դադարի, մենք մեր ամբողջ ուժը պետք է ուղղենք դեպի բանակաշինությունը, ինչպես մայրն է հոգ տանում իր երեխայի մասին»:
Նա վստահեցրեց, որ սպառազինության մրցավազքից այս երկու տարում հետ չենք ընկել, վերազինել ենք մեր բանակը. «Եթե նորից Ադրբեջանը փորձի քայլերի դիմել, մեր ԶՈՒ-ն պատրաստ է արժանի հակահարված տալ հակառակորդին: Մենք ուժեղացրել ենք հետախուզական հնարավորությունները եւ կարող ենք ասել, որ հակառակորդի ցանկացած գործողություն մեր զինվորների տեսանելիության դաշտում է գտնվում»:
«Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգեւատրված Հարություն Բադալյանն ասաց, որ քաղաքացին ռազմական ոլորտում չկա ու շատ նորմալ է, որ հարցադրումներ է անում, թե ինչու այն խնդիրները, որ ի հայտ եկան, մինչեւ քառօրյա պատերազմը չէին լուծվել: Բայց, ըստ նրա, ռազմական խնդիրները ի հայտ են գալիս պատերազմի մեջ. «Պատերազմն է խնդիրներն ի հայտ բերում եւ պատերազմից հետո այդ խնդիրները լուծվեցին միանգամից, ամբողջ ուժը դրվեց այդ թույլ կողմերի վրա: Այժմ սպառազինության գծով, թե հետախուզության, թե կապի ոլորտում մեր բանակը բարձր մակարդակի է հասել եւ շարունակում է զարգանալ»:
Կես ժամում հակառակորդի 3 տանկ ոչնչացրած Շուլի Հակոբյանն էլ ասաց. «Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ բոլորս մաս ենք կազմում ազգ-բանակի, որը ապագայում սպասվող ռազմական գործողությունների ժամանակ մի մաս է դառնալու: Բոլորս պետք է գիտակցենք, որ մեր ցանկացած արարք անդրադառնում է բոլորի վրա: Պետք չէ խուճապի մատնվել՝ Ադրբեջանից սխալ լուրերի տարածումից, ունենք մարտունակ բանակ, ժամանակակից սպառազինություն, ունեցանք տեխնիկական նորամուծություններ»: Բայց, անկախ այս զենքերից՝ Շուլի Հակոբյանը համոզվել է՝ զենքը ամենը չէ:
Հարություն Բադալյանն էլ հավելեց. «Ասե՞մ, թե ինչու է Ադրբեջանը միշտ պարտվել՝ չունի լավ մասնագետ, այսինքն, ունի զենք, բայց չունի խելամիտ զինվոր ու ինքը միշտ պարտվողի դերում է լինելու»:
Ըստ Արթուր Եղիազարյանի, մարտական ոգին շատ կարեւոր է ու ապրիլյան պատերազմի ժամանակ եթե հենց սկզբից խուճապային տրամադրություն լիներ, դա կարող էր վարակիչ լիներ, բայց մենք տեսանք հակառակը՝ Հայկական բանակի ոգին կայուն էր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ






















































