Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ խնդիրներ կարող է ունենալ Փաշինյանն արտահերթ ընտրություններում, եթե, իր խոսքով, իրեն կընտրի բնակչության 90 տոկոսից ավելին»

Ապրիլ 26,2018 14:44

Aravot.am-ի զրուցակիցն է քաղաքագետ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի վերլուծաբան Կարեն Վերանյանը:

Կարեն Վերանյան

Պարոն Վերանյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, իրենք ակտիվ կերպով կբոյկոտեն դրանք: Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ նա չի ցանկանում արտահերթ ընտրությունների գնալ:

-Նախ պետք է նշեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասարակությանն այդպես էլ չներկայացրեց իր հեղափոխության բուն ծրագիրը, հետագա անելիքները եւ թե, ի վերջո, ի՞նչ ներքին ու արտաքին ուղղություններով է զարգանալու երկիրը։

Սկզբնական փուլում նրա շարժման հիմքում ընկած էր այլևս նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցի հրամայականը, ինչն իրականացվեց Փաշինյանի շարժման զանգվածային հետևորդների ճնշման ներքո։ Հատուկ ցանկանում եմ նշել, որ Սերժ Սարգսյանը գնաց նման քայլի՝ բռնությունից և քաղաքացիական հնարավոր առճակատումներից խուսափելու համար։

Վարչապետի հրաժարականից հետո, ինչպես գիտենք, Փաշինյանն արդեն հնչեցնում էր ՀՀԿ-ի հեռացման հարցը՝ այսպիսով իր առջև դնելով առավել լայն՝ ոչ անձնավորված ու համակարգային խնդիր։

Արտասահմանյան լրագրողների հետ կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հստակ ընդգծեց, որ բացառում է ապագա վարչապետի պաշտոնում ՀՀԿ ներկայացուցչին և դա առաջին հերթին վերաբերում էր Կարեն Կարապետյանի հնարավոր թեկնածությանը։ Այսինքն՝ հեղափոխության շարժման առաջնորդն ի սկզբանե հակված էր բացառելու ստեղծված քաղաքական ճգնաժամում իշխանությունների հետ բանակցությունների, էլ չասած՝ երկխոսության հնարավորությունը։

Ավելին, օրերս Փաշինյանն արդեն արտահայտում է այն մոտեցումը, ըստ որի՝ ինքն ու իր թիմը չեն պատրաստվում գնալ արտահերթ ընտրությունների ճանապարհով և հայտարարում են դրանք բոյկոտելու մասին։

Ինչպես նկատում ենք, չկա հստակ սահմանված քաղաքական օրակարգ. դա ավելի շուտ խոսում է կամ հանգամանքներից ու անհրաժեշտությունից բխող իրավիճակային որոշումների կայացման մասին, կամ էլ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ի սկզբանե ունեն մշակված քաղաքական օրակարգ, որով առաջնորդվում են, այսպես ասած, հարցերի փուլային լուծման տարբերակով։ Եթե նույնիսկ հիմնվենք վերջին իրողության իրատեսականության վրա, ապա դա անարդարացի մոտեցում ու վերաբերմունք պետք է համարել հե՛նց հեղափոխության շարժման հետևորդների նկատմամբ, ասել է թե՝ նրա հետևորդները չունեն հստակ և լիարժեք պատկերացումներ իրենց առաջնորդի քաղաքական օրակարգի վերաբերյալ։

Կարծում եմ, արտահերթ ընտրությունների չգնալու՝ Փաշինյանի հայտարարությունը թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ նա մինչ օրս իշխանությունների նկատմամբ հեղափոխության շարժման մասնակիցների զանգվածային ճնշումների ներքո կարողանում է գործող իշխանություններից ստանալ իր հնարավոր պահանջներից բխող հնարավոր զիջումները, հետևաբար հարց է առաջանում՝ ինչո՞ւ չգնալ մինչև վերջ, ձգտել առավելագույնին։ Հարցի հետ կապված նշեմ, որ սա կարող է լուրջ հետևանքներ ունենալ երկրի պետականության վրա այն առումով, որ Փաշինյանի առաջարկած «ժողովրդական» թեկնածուն իրավական, իրավաքաղաքական կատեգորիա չէ։

Երեկ «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում էլ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «տեսել ենք՝ ՀՀԿ-ն ինչ ընտրություններ է կազմակերպում: Մենք հաղթել ենք, եւ այդ հաղթանակը չի կարող պսակվել ՀՀԿ-ի կազմակերպած ընտրություններով»: Ըստ ձեզ, որքանո՞վ է հիմնավոր շարժման առաջնորդի այդ պնդումը: Ինչո՞վ կբացատրեք համոզվածությունը, թե ժողովրդական նման ալիքի դեպքում նա վախենում է ընտրությունների կեղծվելուց:

-Նիկոլ Փաշինյանի մտահոգությունը՝ գնալու արտահերթ ընտրությունների ճանապարհով, թերևս պետք է պայմանավորել նրանով, որ հեղափոխության շարժման զանգվածային մասնակիցների ճնշող մեծամասնությունը ներկայացնում է երիտասարդությունը, որի մի զգալի հատված անչափահասներ են, հետևաբար, մի բան է փողոցի պայքարում ունենալ լայն զանգվածներ, հետևորդներ, լրիվ այլ բան՝ ունենալ, այսպես ասած, իրավաքաղաքական հաղթանակ՝ արտահերթ ընտրությունների անցկացմամբ։

Մյուս կողմից, առաջ է գալիս այն հարցադրումը, թե հեղափոխության շարժման հետևորդների թվաքանակն օբյեկտիվորեն որքա՞ն տոկոսն է կազմում երկրի բնակչության հաշվարկում։ Այստեղից էլ բխում է նաև հաջորդ հարցադրումը՝ արդյո՞ք դա իրատեսաբար ազգային շարժում է, ինչը պնդում են Փաշինյանն ու իր թիմակիցները։ Ենթադրենք մի պահ, թե դա այդպես է. այդ դեպքում ի՞նչ խնդիրներ կարող է ունենալ Նիկոլ Փաշինյանը՝ գնալով արտահերթ ընտրությունների, եթե ըստ իր մոտեցման, իրեն պատրաստ է ընտրել ՀՀ բնակչության 90 տոկոսից ավելին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30