Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանը կհաղթահարի հեղափոխական էյֆորիան». Վահրամ Աթանեսյան

Մայիս 04,2018 21:44

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը կարծում է, որ ՀՀԿ-ականները Արցախի հարցը չեն շահարկում. անհանգստանալու հիմնավոր պատճառ կա

– Հայաստանում, վարչապետի ընտրության հարցում, շատ է շահարկվում Արցախի եւ  հայկական երկու պետությունների ազգային անվտանգության հարցը: Ձեր կարծիքով այդ վտանգները որքանո՞վ են իրական:

– Դա շահարկում չէ: Անհանգստանալու հիմնավոր պատճառ կա: Առայսօր Նիկոլ Փաշինյանը տվյալ հարցերի շուրջ հստակ եւ ծրագրային մոտեցում չի արտահայտել: Մինչդեռ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության վերաբերյալ գրեթե բոլոր արտաքին գնահատականներն աշխարհաքաղաքական ենթատեքստ ունեն: Շատերը նույնիսկ համարում են, որ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի մասին Փաշինյանի հայտարարությունները տակտիկական են, իշխանության գալով՝ նա կփոխի Հայաստանի արտաքին կողմնորոշումը: Այս եւ այլ հարցերի պատասխանը նա չի տալիս:

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը

Ուստի, եթե բնական է, որ կան հեղափոխությամբ ոգեշնչված հարյուր հազարավորներ, ապա պետք է ընդունել, որ կան եւ լինելու են նաեւ սկեպտիկներ, կասկածողներ: Նոր եկողների խնդիրն է, որ կարողանան համոզել եւ գործնական քաղաքականության մեջ հասնեն տեսանելի հաջողությունների:

– Հավանական համարո՞ւմ եք, որ Ադրբեջանում էլ իշխանափոխություն տեղի ունենա եւ երկու պետությունները վիճելի հարցերը սկսեն քննարկել նոր էջից եւ ազատ ձեռքերով:

– Ռուսաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Հիքմեթ Հաջիզադեն իր երկիրն անվանել է  «պաշարված ամրոց»: Որքա՞ն կդիմանա Ալիեւը՝ չափազանց դժվար է գուշակել: Բայց ես անկեղծորեն չէի ցանկանա, որ Ադրբեջանում ներքին բախումներ սկսվեին: Դա կբերեր տարածաշրջանային մեծ անկայունության, պատերազմի եւ ավերումների: Այսօրվա ադրբեջանական էլիտայի այլընտրանքը միայն արմատական իսլամականությունը կարող է դառնալ: Իսկ դա չափազանց վտանգավոր է:

– Ձեր կարծիքով, ամսի ութին`վարչապետի ընտրության երկրորդ փուլի ժամանակ ի՞նչ հավանական սցենարներ կարող են գործել, թեեւ ՀՀԿ-ն հայտարարել է, որ աջակցելու է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ:

– ՀՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, կպահի խոստումը, եւ Նիկոլ Փաշինյանը կընտրվի եւ կնշանակվի վարչապետ: Խմբակցության դիրքորոշումը, սակայն, կմնա նույնը: Եւ կունենանք իրավիճակ, երբ պառլամենտական մեծամասնությունն ընդդիմադիր է: Կմնա մեկ տարբերակ՝ համաձայնության գալ արտահերթ ընտրությունների հարցում: Եւ որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ:

– Ամսի ութից հետո`նոր Հայաստանում, ի՞նչ է սպասվում:

– Մեծ սպասումներ չպետք է ունենալ, որովհետեւ Փաշինյանի վարչապետ նշանակվելով ամեն ինչ միայն նոր կսկսվի: Նրան սպասում են լրջագույն փորձություններ: Գլխավորն այն է, թե նա ինչպե՞ս կհաղթահարի հեղափոխական էյֆորիան, ինչպե՞ս կադապտացվի պետության ղեկավարի դերին, ինչպե՞ս նրան կընդունի հրապարակը: Խոստումներն այլ են, գործը՝ այլ: Պետք է հուսալ, որ Փաշինյանը կկարողանա պետական կառավարման համակարգը զերծ պահել ամբոխավարությունից: Հակառակ դեպքում նա կպարտվի, եւ Հայաստանը կբախվի ավելի ծանր մարտահրավերների: Սա, երեւի, այն դեպքն է, երբ Փաշինյանին պիտի ասենք. «Եւ մի տանիր մեզ փորձությունների…»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Այ Աթանեսյան Վահրամ 2016 թ ապրիլի2-ին երբ վտանգվեց Արցախը որև է մեկ գերագույն գլխավոր հրամանատարին հարցրեց ինչու այդպես եղավ? ու նորից ընտրեցիք հիմա անհիմն անհանգստացած էս երբ ՆԻԿՕԼԸ հայտարարում է որ դա լինելու է իրենց գլխավոր մտահոգությունը

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031