Լրահոս
Օրվա լրահոսը

Թավշյա հեղափոխությունը կզարգացնի զբոսաշրջությունը. կառավարության հույսը դա է

Հունիս 03,2018 19:06

Հայաստանի նոր կառավարությունը խոստանում է շարունակաբար զարգացնել ՀՀ տնտեսությունը: Տնտեսական զարգացման առաջնահերթություններից են բարձր տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը եւ զբոսաշրջությունը: Ի դեպ, Հայաստանի նոր կառավարիչները գտնում են, որ մեր երկրի`երկու հարեւանների հետ փակ սահմաններ ունենալու ազդեցությունը տնտեսության զարգացման վրա գերագնահատված է:

«Տևական ժամանակ փորձ է արվել Հայաստանի աշխարհագրական դիրքը, հարևաններից երկուսի հետ փակ սահմանները, Ռուսաստանի Դաշնության հետ արդյունավետ ցամաքային կապի բացակայությունը և արտաքին տնտեսաքաղաքական իրողությունները ներկայացնել` որպես տնտեսական կայուն զարգացման, մարդկային ներուժը երկրում իրացնելու և հասարակական բարեկեցության աճի ապահովման գործում ձախողումների առաջնային պատճառ։ Չնսեմացնելով տարածաշրջանային խաղաղության և հարևանների հետ բաց սահմաններ ունենալու կարևորությունը` կառավարությունն ամրագրում է, որ վերջին տասնամյակներին Հայաստանում տնտեսական լճացման հիմնապատճառը եղել է մրցակցության և համահավասար տնտեսական հնարավորությունների դեֆիցիտը»,- ասված է կառավարության ծրագրում։ 

Նաեւ` կարծում են, որ տնտեսության զարգացմանը կարող է նպաստել արդարության եւ մրցակցության ապահովումը, մենաշնորհների վերացումը, պայքարը ստվերի դեմ. «Դիտարկումները ցույց են տալիս, որ տնտեսության մեջ մենաշնորհային երևույթների գոյությունը պայմանավորված է հիմնականում երկրի բարձրագույն ղեկավարության մակարդակում համապատասխան քաղաքական որոշումների կայացմամբ։

Հետևաբար այդ երևույթների վերացումը նույնպես քաղաքական որոշման խնդիր է, և այդ քաղաքական որոշումը արդեն իսկ կայացված և հայտարարված է ՀՀ վարչապետի կողմից։ Այդուհանդերձ, գոյություն ունի վտանգ, որ շուկայի հասանելիության ոլորտում կարող են պահպանվել իներցիոն երևույթներ և կառավարությունը մտադիր է մենաշնորհային դրսևորումների նկատմամբ մշտադիտարկում իրականացնել, դրանց հետևողական վերացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար»:

Նախատեսվում է ապահովել նաեւ հարկային եկամուտների շարունակական աճ` «կամավորության սկզբունքով հարկային պարտավորությունները կատարելու մշակույթի ներդրումն  ու ամրապնդումը»:

Այս ամենի արդյունքում նախատեսվում է զբաղվածության աճ, աղքատության հաղթահարում:

Կառավարությունում նախատեսում են «հեղափոխական տեմպերով» զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը, գյուղատնտեսությունը եւ զբոսաշրջությունը: Առաջին պարագայում ուշադրություն կդարձվի ռազմարդյունաբերության զարգացմանը, կնպաստեն «վերազգային ՏՏ, ՏՀՏ, բարձր տեխնոլոգիական ընկերությունների մուտքը Հայաստան՝ հիմնելու բարձր տեխնոլոգիական գիտահետազոտական-արտադրական և կրթական կենտրոններ»։ Նախատեսում են մշակել անմշակ մնացած գյուղատնտեսական հողերը, Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի եւ տարածված դարձնել, որքան էլեկտրական հոսանքն է:

Բավականին յուրօրինակ է Հայաստանի նոր կառավարիչների` զբոսաշրջության զարգացման տեսլականը: Նրանք գտնում են, որ թավշյա հեղափոխությունն «ահռելի հեռանկարներ» է բացվել. «Վերջին մեկուկես ամսվա ընթացքում մեր երկիրը համաշխարհային մամուլի համակ ուշադրության կենտրոնում է, Հայաստան անունը գրեթե մշտապես ներկա է համաշխարհային լրատվամիջոցների գլխագրերում։ Մեր երկրում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը լուսաբանվել է հիմնականում դրական լույսի ներքո՝ աննախադեպ բարձր մակարդակի հասցնելով մեր երկրի և ժողովրդի վարկանիշը։ Սա ստեղծում է բոլոր նախադրյալները, որ տարվա երկրորդ կեսին մենք զբոսաշրջության աննախադեպ աճ ունենանք, որովհետև կանխատեսելիորեն մարդիկ պիտի ցանկանան գալ տեսնելու, թե այս ի՞նչ երկրիր է, որ կարողացել է սիրո և համերաշխության այնպիսի հեղափոխություն անել, որ հուզել և գրավել է համաշխարհային հանրությանը։ Զբոսաշրջիկների թվի այս սպասվող աճը բացառիկ հնարավորություն է ստեղծում փոքր և միջին բիզնեսի զարգացման համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vahe says:

    Այծիկ մի մեռնի գարուն կգա

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930