Լրահոս
Օրվա լրահոսը

Ամառը եկավ, Այրում կայարանում գարշահոտ է

Հունիս 13,2018 23:23

Երկաթուղային Այրում կայարանի տարածքում, երկհարկանի շենքում է գտնվում կայարանի պետի աշխատասենյակը: Այդ շենքի տակ, դեպի հանդիպակաց բլրին գտնվող դարավանդի այգիները, կոյուղաջրի արտահոսք կա: Կոյուղաջրի հոսք կա նաեւ Այրում կայարանի ոստիկանության շենքի բակում:

Կոյուղու խնդիրը լուծելու համար Այրում կայարանի պետ Սամվել Օհանյանը 2010թ.-ին դիմել է այն ժամանակ Տավուշի մարզից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր Միքայել Վարդանյանին: 2010թ. աշնանը Մ. Վարդանյանը այդ նպատակով 1 միլիոն 300 հազար դրամ է նվիրաբերել:

Այդ գումարով Այրումի քաղաքապետարանը կոյուղագծում մի քանի հոր է կառուցել, կոյուղագծի խողովակաշարր փոխվել է, տեղադրվել են պլաստմասսայից խողովակներ: Կայարանի պետը հայտնեց, որ այդ աշխատանքներից մոտ կես տարի անց կոյուղագծում նորից խնդիրներ առաջացան: Սամվել Օհանյանն ասաց, որ Այրում կայարանում տիրող գարշահոտը անտանելի է դառնում անձրեւոտ եղանակին: Խնդրի մասին տեղյակ են «Վեոլիա ջուր» ընկերության Նոյեմբերյանի տեղամասում, Հարավկովկասյան երկաթուղու վարչությունում, Տավուշի մարզպետարանում, Այրումի համայնքապետարանում:

Ս. Օհանյանն ասաց, որ կոյուղագիծը նորոգելու համար ինքը նամակով դիմել է «Վեոլիա ջուր» ընկերություն,ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հարավկովկասյան երկաթուղու վարչություն: Կայարանի պետն ասաց,որ շինտեխնիկայի համար դեպի կայարան ժամանակավոր անցում է բացվում, որպեսզի այդ տեխնիկան բերվի կայարան եւ կոյուղագիծը նորոգվի:

Ս. Օհանյանի վկայությամբ`կոյուղագիծը կնորոգվի «Վեոլիա ջուր» ընկերության կողմից: Ներկայումս երկու օրը մեկ գործում է Երեւան-Թբիլիսի մարդատար գնացքը, հունիսի 15-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ամեն օր կգործի Երեւան-Բաթումի մարդատարը: Այդ ժամանակ Այրում կայարանում ուղեւորների շարժը մեծ է լինում: Եթե կոյուղու խնդիրը չլուծվի, ամռան ընթացքում Հայաստանի երկաթուղային դարպասում գարշահոտ է տիրելու:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930