Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածնի նախկին քաղաքապետը՝ Մանվել Գրիգորյանի մասին. «Նա պիտի ողջ-առողջ լինի, քայլի Էջմիածնի փողոցներով, շփվի մարդկանց հետ…». «Հրապարակ»

Հունիս 21,2018 10:54

Էջմիածնի ավագանին նախօրեին միաձայն կողմ է քվեարկել քաղաքապետ Կարեն Գրիգորյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուն, եւ, ըստ օրենքի պահանջի, առաջիկայում պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն: Կարեն Գրիգորյանը պաշտոնավարում էր 2008-ից, երկու անգամ անընդմեջ վերընտրվել է: 2016-ի ՏԻՄ ընտրությունների նախօրեին էլ, հիշեցնենք, նրա մասնակցությամբ ծեծկռտուք տեղի ունեցավ՝ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվեցին քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանն ու ավագանու անդամի թեկնածու Ստեփան Աբգարյանը, ով Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին է:

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ-ի աղմկահարույց բացահայտումից հետո, ինչպես նշում են տեղի մեր աղբյուրները, ցնծություն է. մարդիկ չեն թաքցնում իրենց հրճվանքը, միմյանց շնորհավորում են «մանվելիզմից յախաներն ազատելու» համար, միաժամանակ զարհուրում ու ամոթանք են տալիս Էջմիածնի «գլխավոր դեւին»։

Մենք զրուցեցինք Էջմիածնի 2002-2005 թթ. քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի հետ՝ պարզելու, թե մտադի՞ր է արդյոք կրկին առաջադրվել քաղաքապետի պաշտոնում, քաղաքապետի հավանական թեկնածուների անուններ շրջանառվո՞ւմ են: «Առայժմ դեռ չեմ մտածում ընտրությունների մասին, հիմա էդ թեման քննարկելուն տրամադրված չեմ: Համենայնդեպս, եթե նորմալ մարդիկ առաջադրվեն, ես, հաստատ, չեմ առաջադրվի: Շրջանառվում է մի քանի անուն, մի երկու հոգի կողքից անկապ ասում են, որ առաջադրվելու են, բայց գիտեն, որ հնարավոր չէ, որ ընտրվեն: Մարդիկ են, ովքեր իրենց համար ծպտված ապրել են, հիմա ինչ-որ ակտիվացել են: Կանկրետնի մեկը, ով հարգանք ու հեղինակություն ունենա որպես հավակնորդ, դեռ չի երեւում: Եկող մեկ-երկու շաբաթվա մեջ ես Ձեզ կհայտնեմ առաջադրվելու իմ մտադրության մասին»:

– Պարոն Աբգարյան, իսկ Էջմիածնում այս օրերին ի՞նչ իրավիճակ է, հունիսի 14-ին, երբ հանրահավաք էր Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով, պատկերացնո՞ւմ էիք, որ օրեր հետո քաղաքապետը ստիպված կլինի հրաժարական տալ, այն էլ՝ այսպիսի սկանդալից հետո:

Ոչ, հույս չկար, բայց մարդիկ արդեն իսկ հույսով են լցված: Ես աշակերտներ ունեմ՝ մի 50 հոգի (Աբգարյանը «Վաղարշապատ» մարզական ակումբի հիմնադիրն է), ովքեր վերադարձել են, մտածում են Էջմիածնում գործ դնեն, բիզնես սկսեն։ Ամեն դեպքում՝ Էջմիածնի համար սա բացառիկ երեւույթ էր, որ տեղի ունեցավ: Մենք մտածում էինք, որ նման բան մենք շատ ուշ կտեսնենք կամ էլ չենք տեսնի ընդհանրապես, բայց, փառք Աստծո, տեսանք, ապրի մեր վարչապետը:

– Որպես նախկին քաղաքապետ, էջմիածնեցի՝ Դուք ի՞նչ գնահատական կտաք Մանվել Գրիգորյանի արարքին:

Այսպես արձագանքեմ՝ գնդակահարությունը նրա համար մեծ պատիվ կլինի, ուղղակի փրկություն, ինքը պիտի տանջվի ճիշտ այնպես, ինչպես տանջել է լիքը մարդկանց, ինքը պիտի անցնի այն ամենի միջով, ինչով ստիպել է այսքան տարի անցնել շատերին: Նա պիտի ողջ-առողջ լինի, քայլի Էջմիածնի փողոցներով, շփվի մարդկանց հետ… Ես տասնյակ մարդիկ գիտեմ, որոնց ինքն անտանելի վիրավորանքներ է տվել, եւ այդ մարդիկ ուզում են փոխադարձ պատասխանը տալ: Սա լավագույն պատիժը կլինի, թե չէ՝ գնդակահարվելը մեծ երջանկություն կլինի, կամ էլ գնա-մտնի մի տեղ ու մարդկանց աչքին չերեւա: Եթե ինքը չստանա իր արարքների պատասխանները, ապա իր ընտանիքի անդամներն են դա ստանալու, ցավոք սրտի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930