Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասկացա, որ իստերիչկա եմ կամ ինձ համար պարզ էր՝ ինչ տափակ եմ, երբ խոսում եմ անձնական հարաբերությունների մասին». «Նախկինների խրոնիկան»

Հունիս 29,2018 23:23

«Նախկինների խրոնիկան» վավերագրական ֆիլմի հեղինակներ Սոնա Սիմոնյանը և Հովհաննես Իշխանյանը հանդիպում են իրենց նախկիններին՝ քննարկելու բաժանվելու պատճառները և ժամանակակից հարաբերությունների դժվարությունները։

«Մեդիա կենտրոնում» ֆիլմի ցուցադրությունից հետո հեղինակները պատմեցին, թե ինչպես ծնվեց ֆիլմի գաղափարն ու որն է ֆիլմի ուղերձը: Նշենք, որ ֆիլմի հեղինակներն այն կարծիքին են, որ ամուսնությունը Հայաստանում այլևս հարաբերություններ ամրագրելու միակ ձևը չէ։ Քաղաքաբնակ երիտասարդ հայաստանցիներն այժմ ավելի լայն հնարավորություններ ունեն իրենց կյանքը տնօրինելու, քան խորհրդային տարիներին։ Ոմանց համար մեկ հոգու հետ ամբողջ կյանքն ապրելն այլևս իրագործելի չէ, երբ ակնկալիքները չեն բավարարվում: Ի վերջո, նրանք բաժանվում են՝ շարունակելով հարաբերությունների այլ ձևերի փնտրտուքը:

«Նախկինների խրոնիկան» նկարահանվել է Մեծ Բրիտանիայի կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ` տարածաշրջանային chai-khana.org մուլտիմեդիոն հարթակի համար:

Ֆիլմի հեղինակներից Հովհաննես Իշխանյանը նկարահանել է ստալինյան բռնաճնշումների մասին «Ընտանեկան ալբոմ» ֆիլմը, ԼԳԲՏ համայնքի մասին պատմող «Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» ֆիլմի սցենարի հեղինակն է և ունի նկարահանած մի քանի կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր։ Քննարկման ընթացքում Հովհաննեսը պատմեց՝ կար մի շրջան, երբ իր շրջապատում անընդհատ զույգեր էին բաժանվում: Դա Հովհաննեսին բերել է այն մտքին, որ ժամանակակից հարաբերություններում ՀՀ-ում ինչ-որ խնդիր կա: Հովհաննեսն այս առիթով նշեց. «Երբ փորձում էի հասկանալ, թե որն է այդ խնդիրը, հանգեցի նրան, որ մեր սերունդը կարողացել է վերջ դնել ստիպողական հարաբերություններին: Այստեղից էլ միտք ծնվեց՝ մի քանի զույգ ընտրել ու նման ֆիլմ նկարել: Սոնային առաջարկեցի, ինքն էլ ասաց, որ նման միտք ունի, և իրար հետ արեցինք»:

Ֆիլմի մյուս հեղինակը՝ Սոնա Սիմոնյանը, նկարահանել է դաունի սինդրոմ ունեցող աղջկա մասին «Նինա» վավերագրական ֆիլմը։ Այժմ աշխատում է իր առաջին երկարամետրաժ ֆիլմի վրա։ Նկարահանել է մի քանի կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր:

Խոսելով ֆիլմի ուղերձի մասին՝ Սոնան նշեց. «Մեզ համար էր փորձ, որ նկարենք, տեսնենք կարո՞ղ ենք: Այնպես էլ չէ, թե քանի որ մենք ենք նկարել, մեզ լավ լույսի տակ ենք ներկայացրել, մյուսներին՝ ոչ»:

Հարցին՝ ի՞նչ չափանիշներով էին ընտրում մնացած զույգերին, Հովհաննես Իշխանյանը պատասխանեց. «Չափանիշն էր այն, որ մյուսների մոտ էլ է խնդրահարույց հարաբերություններ եղել, բաժանումների միջով են անցել: Ֆիլմի նկարահանման շրջանում մարդիկ կային, որ նոր հարաբերություններ էին սկսում, ասում էինք, որ իրենց չենք վերցնի, քանի որ ընտրում ենք նրանց, որոնք բաժանվել են»:

Հարցին ֆիլմն օգնե՞լ է բաց հարցերը փակելու առումով, Հովհաննեսը պատասխանեց. «Ինձ համար պարզ էր, թե ես ինչ տափակ եմ, երբ խոսում եմ անձնական հարաբերությունների մասին: Մյուս կողմից էլ անձնական հարաբերությունները նենց բան են, որ միշտ էլ տափակ եմ մնալու»:

Սոնան էլ կես կատակ կես լուրջ հավելեց. «Ես հասկացա, որ իստերիչկա եմ»: Կրկին անդրադառնալով հարցին՝ Հովհաննեսը հավելեց. «Բաժանման էներգիան նենց կայֆ բանա, որ դու դա պետք է օգտագործես ստեղծագործական կամ աշխատանքի մեջ, բայց միանգամից չպետք է օգտագործես, որ մուռ չհանես: Չգիտեմ՝ կարող է մո՞ւռ եմ հանում»:

Տաթե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930