Կապիտալի 80 տոկոս բաժնեմասի սեփականատերը
հանդիսացել է ՀՀ պաշտպանության նախարարությունը
«Առավոտի» տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ «Ավտոմատիկա» ՓԲ ընկերության դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ՝ 1. Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս»: ՀՀ քննչական կոմիտեից «Առավոտին» տեղեկացրին, որ նախաքննությունը շարունակվում է, իսկ թե ինչ էր պարզվել, ներկայացնեմ ստորեւ:
Քրեական գործը հարուցվել էր «Ավտոմատիկա» ՓԲ ընկերության նախկին գլխավոր տնօրենի հաղորդման հիման վրա:
«Ավտոմատիկա» ՓԲ ընկերությունն առեւտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է «Ավտոմատիկա» պետական ձեռնարկության վերակազմավորման հիման վրա, ՀՀ գերագույն խորհրդի նախագահության 1994թ. մայիսի 6-ի «Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման եւ այդ ձեռնարկություններն ընկերությունների վերակազմավորելու կարգի» եւ ՀՀ կառավարության 07.03.1995թ. թիվ 127 որոշումների համաձայն ու հանդիսացել է «Ավտոմատիկա» փորձնական գործարանի, «Ավտոմատիկա» պետական ձեռնարկության իրավահաջորդը։
Նախնական քննության ժամանակ պարզվել է, որ ընկերության կանոնադրական կապիտալի 80 տոկոս բաժնեմասի սեփականատերը հանդիսացել է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ պաշտպանության նախարարության: Ներկայումս 80 տոկոսի կառավարումը հանձնված է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը, իսկ 20 տոկոս բաժնեմասի սեփականատերը հանդիսանում է երեւանաբնակ Զավեն Թումանյանը: Վերջինս անծանոթ մեկը չի եղել ոլորտում, նա 1992 թվականից մինչեւ 2009 թվականի հուլիսի 1-ը «Ավտոմատիկա» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենն է եղել, եւ 2009 թվականի հուլիսի 1-ին իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Ի դեպ, 2009թ. հուլիսի 27-ին «Ավտոմատիկա» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել ՀՀ ՊՆ հակաօդային պաշտպանության զորքերի պետի նախկին տեղակալ, գնդապետ Գագիկ Միշայի Սարգսյանը:
Նախնական քննության ժամանակ հայտնի է դարձել նաեւ, որ 2007թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ-ի՝ ի դեմս պատվիրատուի ներկայացուցիչ ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Ա. Միրզաբեկյանի եւ «Ավտոմատիկա» ՓԲԸ-ի՝ ի դեմս ընկերության տնօրեն Զ. Թումանյանի, միջեւ կնքվել է ՄԱՇՁԲ-5-4 պայմանագիրը: Նշեմ, որ գեներալ-լեյտենանտ Ա. Միրզաբեկյանը 2007-2016թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ՝ Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ։ Պայմանագրի առարկան հանդիսացել է 60 միավոր ՕՍԱ-ԱԿ բլոկների վերանորոգում: Թիվ ՄԱՇՁԲ-5-4 պայմանագիրը կնքելուց հետո որպես կանխավճար ՊՆ-ի կողմից ընկերության հաշվին փոխանցվել է 12.000.000 ՀՀ դրամ, սակայն նշված պայմանագրի շրջանակներում ընկերությունում պայմանագիրը չի գրանցվել, զին. ներկայացուցիչը չի ծանուցվել, պատվեր չի բացվել եւ աշխատանքներ չեն կատարվել: Մինչդեռ նույն թվականի դեկտեմբերին ձեւավորվել էր հանձնաժողով, կազմվել էր հանձնման-ընդունման արձանագրություն, համաձայն որի՝ կատարված աշխատանքներն ընդունվել են, որը առանց հիմքերի որպես պատվիրատու հաստատել է ՀՀ ՊՆ փոխնախարար Ա. Միրզաբեկյանը եւ պայմանագրի առարկան համարելով կատարված՝ ընկերությանն է փոխանցվել պայմանագրով նախատեսված գումարի մնացած մասը՝ 12.000.000 ՀՀ դրամը: Վերոնշյալ պայմանագրով փոխանցած ամբողջ գումարը՝ 24.000.000 ՀՀ դրամը ծախսվել է ոչ նպատակային, այն ուղղվել է ընկերության այլ կարիքների համար:
Բացի այդ, պարզվել է, որ ՀՀ ՊՆ-ի՝ պատվիրատուի ներկայացուցիչ ՀՀ ՊՆ փոխնախարար Ա. Միրզաբեկյանի եւ «Ավտոմատիկա» ՓԲԸ-ի՝ ի դեմս ընկերության տնօրեն Զ. Թումանյանի, միջեւ կնքվել է ՄԱՊՁԲ-5-2 պայմանագիրը: Պայմանագրի առարկան այս անգամ հանդիսացել է Պ-18 ՌԼԿ-ի ընդունիչ կայանի պատրաստում, իսկ պայմանագրային գումարը կազմել է 35.000.000 ՀՀ դրամ: Այս պայմանագիրն էլ կնքելուց հետո որպես կանխավճար ՊՆ-ի կողմից ընկերության հաշվին փոխանցվել է 17.500.000 ՀՀ դրամ: Ընկերությունը պատրաստել է թվով 6 բլոկ, սակայն նախատեսված ժամկետում չի հասցրել ավարտել, իսկ տնօրեն Զ. Թումանյանի բազմաթիվ դիմումներին, այն է՝ ընդունել անավարտ աշխատանքների տեսքով, որպես պատվիրատու՝ Ա. Միրզաբեկյանի կողմից չի հաստատվել եւ զիններկայացուցչի կողմից եզրակացություն չի տրվել, հետեւաբար պայմանագրով նախատեսված մնացած գումարը չի փոխանցվել ընկերությանը:
13.07.2009թ. կնքվել է թիվ ՄԱՇՁԲ-5-16 պայմանագիրը, որը հանդիսացել է 07.04.2008թ. թիվ ՄԱՊՁԲ-5-2 պայմանագրի շարունակությունը, այսինքն, վերջին պայմանագրով պետք է վերջնականապես պատրաստվեր Պ-18 մոդեռնիզացված ՌԼԿ-ն, պայմանագրային պարտավորությունները ստանձնել է կատարել ընկերության նորանշանակ տնօրեն Գ. Սարգսյանը: Պայմանագրային գումարը կազմել է 85.000.000 ՀՀ դրամ՝ ներառյալ 07.04.2008թ. թիվ ՄԱՊՁԲ-5-2 պայմանագրով չփոխանցված գումարը, սակայն պայմանագրային պարտավորությունները չեն կատարվել: Ըստ նախնական վարկածի, պայմանագրային պարտավորություններին հետագա ընթացք է տրվել հետեւյալ կերպ՝ ընկերության տնօրեն Գ. Սարգսյանը պատվիրատու Ա. Միրզաբեկյանին ներկայացրել է ստեղծված իրավիճակը, վերջինս տնօրենին հանձնարարել է իր անվամբ գրություն գրել հետեւյալ բովանդակությամբ. «Խնդրում եմ ձեր համաձայնությունը աշխատանքները ընդունել ըստ փաստացի կատարվածի»: Գ. Սարգսյանը նշված գրությունը ներկայացրել է Ա. Միրզաբեկյանին, վերջինս գրության վրա մակագրել է՝ «Համաձայն եմ», որն էլ հիմք է հանդիսացել զիններկայացուցչի համար տալ եզրակացություն, իսկ հանձնաժողովի համար կատարել հանձնում-ընդունում 25.12.2009թ.-ին: Ըստ էության, պայմանագրի շրջանակներում աշխատանքներ չեն կատարվել, ընդունվել են պայմանագրով պատրաստված թվով 6 բլոկները, իսկ մեկ այլ պայմանագրով փաստացի փոխանցված գումարը՝ 68.000.000 ՀՀ դրամը նույնպես ծախսվել է ոչ նպատակային եւ ուղղվել է ընկերության այլ կարիքների համար:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. ՀՀ կառավարության անցյալ տարվա մայիսի 25-ի նիստում հավանություն էր տրվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Մասնավորեցման ծրագրում ընդհանուր առմամբ ընդգրկվել է 47 ընկերություն: Այդ ընկերությունների մեջ է նաեւ «Ավտոմատիկա» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը: Ընկերությունների վաճառքից նախատեսվում էր ստանալ 35-36 մլրդ դրամ:
«Առավոտ»
06.07.2018



















































Այդ փոխնախարարը միշտ խանգարել է ռազմաարդյունաբերական համալիրի կազմակերպությունների աշխատանքին: Տարիներ առաջ նա արհեստականորեն չթույլատրեց ականանետերի փորձարկումների իրականացումը Բաղրամյանի պոլիգոնում: Առանց հիմնավորման նա հրահանգել էր պոլիգոնի հրամանատարին չթույլատրել իրականացնելու պլանավորված ու նախօրոք համաձայնեցված փորձարկումը, որի համար Երևանի հաստոցաշինական միավորումը ամբողջ անձնակազմով ներկայացել էր փորձարկումների՝ անցնելով հարյուրից ավել կիլոմետր մեկ ուղղությամբ: Իսկ պատճառը անձնական էր, քանի որ նման ձևով փորձում էր իր հարցերը լուծել ՊՆ պաշտոնատար որոշ մարդականց հետ: Որտեղ մնաց պետական մոտեցումը պետական պատվերների կատարմանը: Դրա պատճառով ՀՀ ՊՆ կորցրեց նման խոշոր ու բազմապրոֆիլ կազմակերպությունը, որը հետագայում ՀՀԿ ներկայացուցիչների կողմից ամբողրությամբ փոշիացվեց: