Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այս փակուղային վիճակը երկար շարունակվի՝ նրանք ի վերջո, «դատական պրոցեսների մեջ էլ կներքաշեն», խոշոր պահանջներ էլ կներկայացնեն. «Հայոց աշխարհ»

Հուլիս 07,2018 11:11 Share

«Լիդիան ինթերնեյշնլի» տնօրեն Ժոաո Կարելոն, օրինակ, ասում է, որ չաշխատած ամեն օրը կես միլիոն դոլարի կորուստ է ընկերության համար: Իսկ «Լիդիան Արմենիան» արդեն 26 օր չի աշխատում՝ ցույցերի ու տարածք տանող ճանապարհների շրջափակման հետեւանքով: Հաշվել գիտեն բոլորը, չիմացողները կարող են հաշվիչից օգտվել, թե՝ քանի միլիոն է անում վնասը:

Ընկերության ներկայացուցիչն ասում է, թե՝ ներդրողները հարցնում են. պետք է աշխատե՞նք, թե՞ թողնենք-գնանք:

Չմոռանանք նկատել, որ նրանք՝ այդ օտարերկրյա ներդրողները, այնպիսի «վրեդնի» կերպարներ են, որ ոչ միայն հաշվում են կրած վնասը, այլեւ սովորաբար գնում ու միջազգային դատարաններ, նախապես սահմանված արբիտրաժային ատյաններ էլ են դիմում, թե՝ այսպես ու այսպես, էսքան վնաս ենք կրել այսինչ երկրի կառավարության անգործության կամ որոշման հետեւանքով, ու վնասի փոխհատուցում ենք պահանջում:

Ըստ ավելի վաղ շրջանառված խոսակցությունների, կոնկրետ այս դեպքում ընկերության հնարավոր պահանջը կարող է կազմել մոտ 2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Սկզբունքորեն իրենց համար ձեռնտու տարբերակ է. մի 400 միլիոն դոլար ծախսել են արդեն, որ մի 10-15 տարում կամաց-կամաց հետ բերեն այդ ներդրումն ու նաեւ շահույթ ստանան, իսկ այսպես՝ ընկերությանը չեն թողնում աշխատել, դիմում են դատարան, Հայաստանից ու, վերջնահաշվում՝ ՀՀ քաղաքացիներից 2 միլիարդը վերցնում-գնում են:

Դե, հո ճանապարհ փակող բնապահպան-ակտիվիստների՞ց չեն գանձելու այդ գումարը կամ, օրինակ, այն բնակիչներից, որ իրենց սեփականությունը թանկ վաճառել են «Լիդիանին», իսկ հիմա էլ փակում են ճանապարհը, որ այդ ընկերությունը չաշխատի:

Իսկ տույժ-տուգանքի հեռանկարը, բացի նրանից, որ ամենեւին չի համընկնում «նոր Հայաստանի» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ու իր գլխավորած թավշահեղափոխական կառավարության գծած քարոզչական պատկերին, այլեւ կարող է երկիրը ֆինանսական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել: Ու թերեւս հենց դա էր պատճառը, որ երեկ Նիկոլ Փաշինյանը «Լիդիանի» ներկայացուցիչներից հետաքրքրվել է, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ ընկերությունը պետությանը փորձում է ներքաշել դատական գործընթացների մեջ: Ասում են, բնապահպաններն անգամ ծափահարել են՝ հարցի համար: Հա, իսկ «Լիդիանի» ներկայացուցիչներն էլ ասել են՝ չէ, ի՞նչ եք ասում, նման բան չկա, դա չի համապատասխանում իրականությանը:

Հնարավոր է, որ «Լիդիան Արմենիան» իսկապես էլ առայժմ չունի նման մտադրություն: Ենթադրենք: Հնարավոր է, որ նրանք իսկապես ցանկանում են շարունակել իրենց աշխատանքը, ինչի համար էլ, ընդհանուր առմամբ, սկսել են ներդրումային ծրագիրը: Բայց եթե այս փակուղային վիճակը երկար շարունակվի, իսկ դատելով ամենից, հենց այդպես էլ կլինի, նրանք ի վերջո, «դատական պրոցեսների մեջ էլ կներքաշեն», խոշոր պահանջներ էլ կներկայացնեն:

Թեպետ, գործող իշխանության դեպքում մի տարբերակ էլ կա, այն, որ իր ամենագործող կառույցը՝ ԱԱԾ-ն, մի հատ էլ սկսի օտարերկրյա ներդրողներին «քննել»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031