Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառայությունն իր ողջ գործիքակազմով պայքարելու է հովանավորչական ցանկացած դրսևորման ուղղությամբ»

Հուլիս 16,2018 23:03

2018թ. հուլիսի 16-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցած խորհրդակցությամբ ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն ամփոփեց ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների կողմից 2018թ-ի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքները, որին մասնակցում էին կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու քրեակատարողական հիմնարկների պետերը:

Բացելով խորհրդակցությունը՝ ծառայության պետն առաջարկեց համառոտ ներկայացնել կարևորություն ներկայացնող իրավա-կազմակերպչական միջոցառումները, իրականացված բարեփոխումներն ու հեռանկարային ծրագրերը:

Լսելով հաշվետու զեկույցը, որում, ի թիվս կարևորություն ներկայացնող այլ ոլորտների, անդրադարձ կատարվեց նաև քրեակատարողական ծառայության հաստիքային միավորների համալրվածությանը, անազատության մեջ պահվող անձանց շարժին, կատարված հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերին, հայտնաբերված և առգրավված արգելված իրերին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 186-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված վարույթների և այդ հիմքով պետբյուջե կատարված գանձումներին, իրականացված ծառայողական քննություններին և «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացված ահազանգերին, ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանը քրեակատարողական հիմնարկների պետերի ուշադրությունը հրավիրեց ծառայողական կարգապահության ամրապնդման վրա՝ շեշտելով, որ իրականացված աշխատանքների արդյունավետությունն առաջին հերթին պայմանավորված է բարձր ծառայողական  կարգապահությամբ:

Այնուհետև անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Ա. Մխոյանը  վստահեցրեց, որ ծառայությունն իր ողջ գործիքակազմով պայքարելու է հովանավորչական ցանկացած դրսևորման, այդ թվում՝ քրեակատարողական ծառայողների կողմից անազատության մեջ պահվող անձանց ապօրինի ծառայություններ մատուցելու, միջնորդություններ կատարելու և նմանատիպ այլ հակաօրինական վարքագծի բացահայտման և դատապարտման ուղղությամբ:

Ծառայության պետն առանձնահատուկ շեշտեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը չի սահմանափակվելու վերը նշվածով, իրականացվելու են բազմապրոֆիլ և ծավալուն միջոցառումներ՝ բացառելու գնումների ապահովման, հանձնուքների ընդունման, տեսակցությունների տրամադրման, բուժսպասարկման, պայմանական-վաղաժամկետ ազատման ներկայացնելու, ռեժիմների փոփոխության և այլ թիրախային ոլորտներում ցանկացած կոռուպցիոն դրսևորում:

Արգելված իրերի հայտնաբերման և առգրավման դեպքերի քանակական աճը ծառայության պետը գնահատեց իրականացվող նախականխման աշխատանքների անարդյունավետությամբ՝ նշելով, որ այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների որակն ու համաչափությունն անկասկած կնպաստեն ներթափանցման ուղիների բացահայտման ու այդպիսիք իսպառ բացառելուն, ուստի քրեակատարողական հիմնարկների պետերին հանձնարարեց ակտիվացնել աշխատանքները կալանավորված անձանց և դատապարտյալներին տեսակցելու եկած անձանց խուզարկությունների և հանձնուքի տեսքով բերված իրերը զննելու, ինչպես նաև չնախատեսված խուզարկությունները ոչ աշխատանքային օրերի ևս իրականացնելու ուղղությամբ:

Արդարադատության գնդապետ Ա. Մխոյանն անդրադարձավ նաև կալանավորված անձանց և դատապարտյալների հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքներին՝ նշելով, որ անազատության մեջ պահվող անձանց դրական վարքագծի ձևավորման գործընթացում անընդունելի է հիշյալ աշխատանքների պասիվությունն ու ցածր արդյունավետությունը, ուստի քրեակատարողական հիմնարկների պետերին հանձնարարեց ձեռնարկել գործուն միջոցներ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար:

Խորհրդակցության ընթացքում կարևորվեցին նաև բժշկական սպասարկում իրականացնող ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների պատշաճության հիմնախնդիրները ևս, որի կապակցությամբ տրվեցին հստակ հանձնարարականներ:

Ա. Մխոյանը քրեակատարողական հիմնարկների պետերի և ծառայության կենտրոնական մարմնի պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց նաև անազատության մեջ պահվող անձանց սննդի որակի պահպանման, բազմազանության ապահովման, ինչպես նաև մատակարարների կողմից տեխնիկական բնութագրերին համապատասխանող սննդամթերք ընդունելու անհրաժեշտության վրա՝ նշելով, որ քրեակատարողական ծառայողների կողմից հիշյալ ոլորտում դրսևորած անգործության յուրաքանչյուր դեպք դառնալու է քննարկման առարկա և հիմք է հանդիսանալու կարգապահական վարույթ հարուցելու համար:

Խորհրդակցության ընթացքում Ա. Մխոյանն անդրադարձավ նաև տարբեր հիմնախնդիրների առնչությամբ քրեակատարողական հիմնարկների պետերի կողմից բարձրացված հարցերին, որոնցով տրվեցին հստակ պարզաբանումներ և հանձնարարականներ:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանը 2018թ-ի առաջին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքներն, ընդհանուր առմամբ գնահատեց բավարար՝ նշելով, որ հետևողական է լինելու տրված բոլոր հանձնարարականների պատշաճ կատարմանը և անհրաժեշտության դեպքում ձեռնարկելու է համապատասխան միջոցառումներ՝ աշխատանքում թերացած ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031