Լրահոս
Օրվա լրահոսը

102-րդ ռազմաբազայի ավերած ճանապարհների վերանորոգումը մնաց Հայաստանի կառավարության ուսերին

Հուլիս 22,2018 22:39

Ինչպես հայտնի է՝ Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը գրություն էր հղել Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանին՝ ներկայացնելով, որ դեպի Ալագյազի ուսումնառազմական բազա գնացող ռուսական 102-րդ ռազմաբազայի գերծանր տեխնիկան ամեն օր անցնում է Փանիկով ու քարուքանդ  անում գյուղի ճանապարհները։ Նա պահանջել էր կամ գյուղի ճանապարհները դարձնել միջպետական, որպեսզի կառավարությունը վերանորոգի․ համայնքն այդքան  բյուջե չունի, կամ ռուսական կողմը գույքահարկ վճարի համայնքին իր ամեն մի տեխնիկայի համար։

Այսօր Փանիկում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանն ու 102-րդ ռազմաբազայի հրամանատարական կազմը փակ քննարկում անցկացրեցին, որի ժամանակ շոշափվել է նաև այս թեման։

Նախարարը քննարկումից հետո լրագրողներին ասաց․ «Ճանապարհների հետ կապված հարցերում մենք լուծումներ ենք տալու, որովհետև չկա այդպիսի պարտավորություն ռուսաստանյան կողմից։ Մեր կառավարությունն ունի խնդիր իրականացնելու, բայց համայնքներն ու այն ճանապարհները, որով որ անցնում են,  կառավարությունը պետք է  որոշակի որոշումներ ընդունի, որոնք որ այս պահին չեն իրականացվում։ Հիմա որոշումները կիրականացվեն, մենք կփորձենք լուծումներ տալ, որպեսզի ճանապարհների վերաբերյալ լինի ավելի մեծ հոգատարություն կառավարության կողմից»։

Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը ևս որոշակի մանրամասներ հայտնեց քննարկումից։ «Նախարարի ու մարզպետի մակարդակով քննարկվեց ու որոշվեց, որ համապատասխան նամակներով ու կառավարության նիստով հնարավորության սահմաններում վերցվի պետական հովանավորության տակ, սպասարկումը պետությունն անի, միջպետական բալանսի տակ վերցնեն։ Համայնքներն այդ բյուջեն չունեն, որ այդ ճանապարհները վերանորոգեն, տեսաք փոսալցումներն արել եմ, բայց մի ամիս հետո նորից նույն բանն է, որովհետև գերծանր տեխնիկաներն անցնելով՝ քայքայում են  ասֆալտի շերտը»,-ասաց գյուղապետը։

Ի դեպ, Փանիկ գյուղի բնակիչները տեսանկարահանել են, թե ինչպես է ռազմաբազայի գերծանր տեխնիկան վնասում իրենց ճանապարհները։ Նրանք իրենց տեսանյութը տրամադրել են նաև մեզ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Փանիկ գյուղի բնակիչների

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հրաչյա says:

    ԱՎԻՐԱԾ, թե ԱՎԵՐԱԾ…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031