Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչները դժգոհում են՝ «Նահատակ» պոչամբարը մի շարք վնասներ է հասցնում

Հուլիս 23,2018 13:16

Արսեն Կարաբաբայանն արդեն 30 տարի է, ինչ տիկնոջ՝ տիկին Սվետլանայի հետ Ադրբեջանից եկել ու հաստատվել է Լոռու մարզի Մեծ Այրում համայնքում: Տուն ու տեղ են դրել, սկսել նոր կյանքով ապրել:

Տարածքում ոռոգման ջուր չի եղել: Արսեն պապը պատմում է, որ 20 տարուց ավել կլինի, ինչ չարչարանքով ու սեփական ուժերով ջուրը բերել հասցրել է տան բակ, սակայն այսօր ընտանիքը կրկին ջուր չունի: Պատճառն այն է, որ Կարաբաբայանների տանից մոտ 50 մետրի վրա կառուցված է Ախթալայի ԼՀԿ-ի «Նահատակ» պոչամբարը. «1995 թվականին, ես ինձ համար 1 կմ հեռու ձորից ջուր եմ քաշել, բերել մինչեւ մեր հողամասի ներքեւը: Էնտեղից էլ նասոսներով բասեին եմ սարքել, որ հողամասը ջրեմ: Էն ժամանակ պոչամբարը չէր աշխատում: Հետո բերեցին շլանգը կտրեցին, ասեցին` պապ ջան, արխեյին, քո համար ջուր կքաշենք ու չարեցին: Տասը տարի ինձ խաբել են ու ջուրս կտրել»:

Արսեն պապը սրտնեղած պատմում է ու ասում, եթե ժամանակին իրեն տեղեկացնեին, որ չեն կարողանա նոր ջրագիծ քաշել, ինքն իր գլխի ճարը կտեսներ: Իսկ հիմա արդեն ծեր են, նման գործեր անել չեն կարողանում:

Ընտանիքի համար խնդիր է նաեւ խմելու ջուրը: Հարեւանից է դույլերով ջուր վերցնում. «2 միլիոնի ծախս ենք արել, ջուր ենք քաշել, էսօր ջուր չունենք: Հարեւանից ենք վերցնում: Նա էլ մեկ տալիս է, մեկ չէ»,- ասում է տիկին Սվետլանան:

Տան տիրուհու խոսքով, խնդիրները միայն ջուր չունենալով չեն սկսվում ու ավարտվում: Բացի այն, որ ջուր չունեն, նաեւ արդեն 3 տարի է, ինչ իրենց աշխատանքի արդյունքը չեն տեսնում: Մի կողմից կարկուտը, մյուս կողմից էլ պոչամբարի հասցրած վնասների պատճառով բերք չեն ստանում: Հիմա էլ առողջական խնդիրների առջեւ են կանգնել. «Հոն, թուզ, կառալյոկ ու տենց ծառեր ունենք, մեր ուտելու միրգը: Բայց էս պոչամբարի խոնավությունից միրգը փչանում է: Ես երբեք ալերգիա չեմ ունեցել, բայց հիմա ալերգիա ունեմ, թե ինչից է չգիտենք: Ոտքերի ցավեր ունենք, ճիշտ է մեծ մարդիկ ենք, բայց այդ խնդիրները նոր են առաջացել մեզ մոտ»:

Տիկին Սվետլանան ասում է, որ իրավիճակն ավելի է սրվում հատկապես ամռան ամիսներին. «Առավոտները ոչ մի բան չի երեւում, մառախուղ է կանգնում: Անասունը կապած ենք պահում, վախենում ենք, որ կընկնի: Մի անգամ էլ ընկել է պոչամբարի մեջը, տասը մարդով հազիվ ենք հանել: Ժողովրդի հորթերը ընկել, խորտակվել են: Գոնե մի հատ սետկա չեն քաշում, երեխեքը գալիս վազում են, վախենում ենք:

50 մետր հեռավորության վրա ենք ապրում, գոնե պետք է ընկերությունը մտածի, որ այս ժողովրդին վնաս ենք տալիս, պետք է փոխհատուցում տան»:

Ախթալայի ԼՀԿ ՓԲԸ բնապահպանության բաժնի պետ Գագիկ Շահնազարյանն ասում է, որ փոխհատուցում կտրամադրեն միայն այն դեպքում, երբ կապացուցվի պոչամբարի վնասակար լինելը. «Մենք պատրաստ ենք ֆինանսապես աջակցել այն մարդկանց, ովքեր, որ իսկապես գտնվել են պոչամբարի ազդեցության գոտում: Եւ իրենք կապացուցեն, որ այն ժամանակահատվածում, որ իրենք ապրել են եւ պոչամբարից են օգտվել, այդ հողերից են օգտվել, մենք պատրաստ ենք քննարկել, տեսնենք ինչումն է խնդիրը: Մի անգամ փորձանմուշ վերցնելով չենք կարող ասել, այդ մարդը դրա հետեւանքով է ինչ-որ բան ստացել, թե ոչ»:

Ալավերդու «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ տնօրեն Օլեգ Դուլգարյանն ասում է, որ պոչամբարը տարիների ընթացքում ավելի է ընդլայնվել: Պոչամբարի տակ են մնացել հողամասեր ու գյուղը սպասարկող աղբյուր: Առաջարկում է ոչ միայն պոչամբարը ռեկուլտիվացնել, այլեւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին. «Օր-օրի այստեղ ապրող բնակչության եւ՛ սոցիալական, եւ՛ առողջապահական վիճակը վատանում է: Բողոքներն ավելի են շատացել, եթե առաջ խոսքը գնում էր գլխացավի, սրտխառնոցի մասին, հիմա արդեն լսում ենք ալերգիայի եւ այլ երեւույթների մասին; Զրո պատասխանատվություն պոչամբարը շահագործող ընկերության կողմից: Այս պոչամբարը տարիներ շարունակ գործել է նորմերից դուրս: Այդ բոլոր իրավունքները պոչամբարին վերապահել են տեղական իշխանությունները: Պոչամբարի այս վիճակի համար, որ հասել է, պետք է բոլորը պատասխանատվության ենթարկվեն, սկսած տեղական իշխանություններից, որոնք թույլ են տվել, որ դա տեղի ունենա, վերջացրած թե՛պետական, թե՛ մասնավոր այլ անպատասխանատու մարմիններից»:

«Նահատակ» պոչամբարը կառուցվել է 1972 թվականին, շահագործվել՝ վերջին 50 տարվա ընթացքում, տարբեր ժամանակահատվածներում: Գագիկ Շահնազարյանն վստահեցնում է, որ 40 հա մակերես ունեցող պոչամբարը շուտով չի շահագործվի. «Պոչամբարի շահագործմանը մնացել է շատ քիչ ժամանակ, մենք դա հասկանում ենք: Հավանաբար 6 ամիս հետո խնդիրը լուծված կլինի: Ներկայումս արտադրամասում տեղադրվում են պոչերի չորացման սարքավորումներ: Ունենք ռեկուլտիվացիայի ծրագիր, մակերեսը փակվելու է 1 մետր հաստությամբ հողի շերտով: Նախկին պոչամբարը ոնց մենք արել ենք, հիմա նույն ձեւով պոչամբարը պետք է ռեկուլտիվացվի, եւ իր հետագա ընթացքը որոշվի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031