Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ է սպառնում Հայաստանին Քոչարյանի գործը. Մարկեդոնով

Հուլիս 30,2018 23:03

2008թ. «արյունոտ շաբաթի» պատճառով Հայաստանի նախկին նախագահի հետապնդումը ստեղծել է նախադեպ. նախկինում ոչ ոք չէր համարձակվում մեղադրանք առաջադրել իր նախորդի նկատմամբ։ Իսկ դա կասկածի տակ է դնում հանրապետությունում իշխանության փոխանցումը, ռուսական RBK պարբերականում գրում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Այսօր Հայաստանում աղմկահարույց գործերով որևէ մեկի չես զարմացնի։ Բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների, ինչպես նաև նրանց մոտ ազգականների նկատմամբ մեղադրանքները կոռուպցիայի և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ օր օրի ավելանում են։ Իշխանության մաքրման և կարգի հաստատման գաղափարները դարձել են Հայաստանի նոր կառավարության նոու-հաուն ։ Այնուամենայնիվ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի (1998-2008) կալանավորումը Երևանի քաղաքային դատարանի որոշմամբ այդ ֆոնի վրա կտրուկ տարբերվում է։ Դրա պատճառն, ըստ վերլուծաբանի, այն է, որ գործն ունի հստակ քաղաքական բնույթ։

«Արյունոտ շաբաթ»

Մեղադրանքը կենտրոնացած է ոչ թե ֆինանսական խարդախությունների կամ պետական ունեցվածքի ապօրինի յուրացման, այլ  Հայաստանի սահմանադրական կարգի բռնի տապալման վրա։ Բացառված չէ, որ «տնտեսական» պահանջները կավելացվեն հետաքննության և դատաքննության ընթացքում։ Սակայն այսօր շեշտը դրված է տասնամյա վաղեմություն ունեցող պատմության վրա։ Հայաստանում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները 1905 թվականի հունվարի 9-ի «արյունոտ կիրակիի» նմանությամբ ստացել են «արյունոտ շաբաթ» անունը։ Այդ ժամանակ նախագահական ընտրություններից հետո սկսված զանգվածային ցույցերի հետևանքով տեղի ունեցան բախումներ դրանց մասնակիցների և հանրապետության ուժային կառույցների հետ։ Նախագահության անցումը Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյանին, որը նույնպես տասը տարի անց հրաժարական տվեց բողոքի ցույցերի ազդեցության տակ, տեղի էր ունենում արտակարգ դրության և քաղաքացիական դիմադրության պայմաններում, ինչը հաջողվեց կոծկել, բայց ոչ չեզոքացնել։ Ինչի վկայությունն են Հայաստանի քաղաքացիների ծայրահեղ բևեռային, խիստ անձնական և էմոցիոնալ գնահատականները, որոնք այսօր հնչում են սոցիալական ցանցերում և բլոգներում, ինչու չէ նաև փողոցներում  և մասնավոր զրույցներում։

Պանդորայի արկղը

Քոչարյանի կալանավորմամբ ստեղծվել է կարևոր ներքաղաքական նախադեպ, շարունակում է Մարկեդոնովը։ Խորհրդային միության փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո փոխվել են չորս նախագահ և երեք Սահմանադրություն։ Երկիրն անցել է նախագահականից դեպի խորհրդարանական հանրապետության ուղի։ Եղել են բազմաթիվ զանգվածային բողոքներ և սոցիալական ցնցումներ։ Սակայն այդ ամբողջ ընթացքում նրա ղեկավարներից որևէ մեկը չի կալանավորվել, անգամ եթե իշխանության փոփոխությունը, ինչպես դա եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի և Ռոբերտ Քոչարյանի գալով, տեղի է ունեցել, մեղմ ասած, իրավական գործընթացների ոչ խիստ պահպանմամբ։ Հայաստանի ղեկավարների անձնական հարաբերությունները նույնպես հեռու են եղել կատարելությունից՝ երբեմն վերաճելով ակնհայտ հակամարտության։ Եվ իհարկե, մեծ ցանկության դեպքում այս կամ այն նախագահը կարող էր մեղադրանք առաջադրել իրեն նախորդած նախագահի նկատմամբ։ Քանի որ նրանք բոլորն էլ ունեին այս կամ այն ծանրության մեղքեր, կարծում է վերլուծաբանը։

Այնուամենայնիվ, մինչ օրս ոչ ոք չի անցել այդ կարմիր գիծը։ Եվ հենց դա էր Հայաստանը դարձնում շատ հարցերում յուրահատուկ երկիր նախկին ԽՍՀՄ տարածքում։ Միայն այստեղ պաշտոնաթող նախագահը կարող էր բախտը փորձել գլխավոր ընտրական մրցարշավում, ինչպես դա արեց Լևոն Տեր-Պետրոսյանը 2008թ., կամ, ինչպես Ռոբերտ Քոչարյանը հրապարակայնորեն քննադատեց իրեն հաջորդած Սերժ Սարգսյանին և նրա նախարարներին։

Այսօր Հայաստանի նոր իշխանությունները բացել են Պանդորայի արկղը։ Եվ դեռ փաստ չէ, որ նրանք այդքանից հետո կանգ կառնեն։ Մի կողմից նրանց տրամաբանությունը հասկանալի է և ինչ-որ տեղ նաև արդարացված է։ Նրանք ցանկանում են խորհրդանշական կերպով գիծ քաշել որոշակի դարաշրջանի վրա, նոր Հայաստանի կերպարի հայտ ներկայացնել, որում այնպիսի իրադարձությունները, ինչպիսիք տեղի ունեցան 2008թ. մարտի 1-ին, անհնար կլինեն։ Ինչպես որ անհնար կլինեն տնտեսական և քաղաքական մենիշխանությունը՝ խնամիականությունը և ընտրողական արդարադատությունը։

Պոպուլիզմը և դրա հետևանքները

Մյուս կողմից, Հայաստանում իշխանափոխության գործընթացի ավարտին դեռ շատ կա, գրում է Մարկեդոնովը: Երկրին սպասվում են խորհրդարանի և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ: Հաշվի առնելով մայրաքաղաքի քաղաքապետարանի կարևորությունն ամբողջ հանրապետության համար՝այդ արշավը ըստ էության համաժողովրդական բնույթ ունի: Կառավարությունը ժողովրդականության մեծ ռեսուրսներ ունի, բայց այսօր խորհրդարանում և քաղաքային ավագանու կազմում վարչապետ Նիկոլ Փաշինյանի համախոհները փոքրամասնություն են կազմում: Կառավարությունը ժամանակավորի կարգավիճակում չի ցանկանում ձեռնարկել իրեն ժողովրդականություն չբերող քայլեր՝ կապված կոնկրետ սոցիալ-տնտեսական առաջադրանքների հետ, և դիմում է պոպուլիզմի: «Հաշվեհարդարներն անցյալում են» արտահայտությունն արտահայտում է հենց այդ մոտեցումը: Այնուամենայնիվ, չնայած արդյունավետ խորհրդանշանական քայլերին, իշխանությունը, որը փորձում է կտրուկ նորացնել քաղաքական կարգը, ռազմավարական առումով բազմաթիվ խնդիրներ ունի:

Նախ, անխուսափելիորեն հարց է առաջանում իրավակիրառության ընտրողականության վերաբերյալ: Այո, Քոչարյանն ուժ է կիրառել 2008թ. ցուցարարների դեմ: Բայց 1996թ. նմանատիպ ճանապարհով է գնացել նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա մոտ էլ ամեն ինչ հարթ չէր ընտրությունների արդյունքների հարցում: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նրա նատմամբ նույնպես պետք է դատական քննություն սկսվի: Իսկ նրա հետ նաև Սերժ Սարգսյանի դեմ, որին նոր իշխանության համախոհները մեղադրում են բռնազավթման փորձի մեջ: Բայց այդ դեպքում ինչպես կընկալվի մի պետություն, որի բոլոր առաջնորդները պաշտոնավարման ավարտից հետո հայտնվում են մեղադրյալի աթոռին: Ընդ որում, պետությունը երիտասարդ է, անցել է հակամարտության, շրջափակման, իշխանության ինստիտուտների կայացման և պետական-քաղաքացիական ինքնության ձևավորման միջով, այսինքն` մի փուլով, երբ զարգացած ժողովրդավարական համակարգերի նորմերն ու կանոնները պարզապես չեն կարող համահունչ լինել առկա քաղաքական իրավիճակին:

Եվ նկատենք, այսօր Քոչարյանի կամ գեներալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ խստությունը առանձնապես հակասում է «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ դատական ատյանների մեղմությանը, գրում է վերլուծաբանը:

Երկրորդ, այնպիսի իրադարձությունները, ինչպիսին տեղի ունեցավ 2008թ. մարտի 1-ին, պառակտում են Հայաստանը: Ողբերգությունը պետք է համատեղ հաղթահարել՝ բախման չհանելով հասարակության մի խումբը մյուսի հետ: Չէ՞որ մեկի համար Քոչարյանը հանցագործ է, իսկ մյուսի համար՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահը, որն անցել է 1991-1994թթ. դժվարությունների միջով, երբ իր քննադատներից շատերը դեռ դպրոցական էին: Եվ նոր իշխանություններն այսօր պետք է իրենց հաշիվ տան, որ «Քոչարյանի զանգը» իրենց էլ կդիպչի: Ցանկացած սխալ և ձախողում, որոնք անխուսափելի են ձևավորման ճանապարհին, և որոնք թույլ են տալիս անգամ ամենաբարի մոտիվներով մարդիկ, կարող են հանգեցնել ներկա իշխանությունների ժողովրդականության կորստին: Եվ այդ ժամանակ չի բացառվում, որ նրա ընդդիմադիրները կցանկանան նույն կերպ պատասխանել՝ քրեական գործեր բացելով և մեղադրանքներ հարուցելով: Այդ պարագայում կասկածի տակ կդրվի իշխանության հաջորդականությունը, իսկ բուն փոխանցման գործընթացը մեկի ձեռքից մյուսը կդառնա շարունակական հեղափոխություն «մինչև հիմնադրումը, իսկ հետո… » պաթոսի տակ:

Ընդ որում, այդ ամենը ԼՂ չկարգավորված հակամարտության և հայ-ադրբեջանական սահմանին անկայունության ֆոնին, և հետևաբար չի կարելի բացառել, որ հակառակորդին «փորձարկելու» գայթակղությունը, երբ սեփական տանդ խոշոր փոփոխություններ են, շատ ծանր կլինի, եզրափակում է Մարկեդոնովը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Լավ, իսկ ի՞նչ է առաջարկվում: Ամեն ինչ թողնե՞լ այնպես, ինչպես կա: Եւ շարունակել ապրել այնպես, ինչպես կար, այդ կեղտի մե՞ջ:

  2. Գեւորգ says:

    Մարդու դիտողությունները տրամաբանական են, սակայն հայկական առածն ասում է – վիրավոր օձի գլուխն անմիջապես պիտի ջնջխես: Գործն իսկապես շատ ռիսկային է, բայց հապաղել չի կարելի:

  3. Ռուբեն Մարգարյան says:

    Հոդվածի ամենավերջին պարբերությունը սխալ եզրահանգում է:
    Ըդհակառակը, անգամ սահմանային անկայունության ժամանակ պետք է կարգի բերես սեփական տանդ վիճակը, որպեսզի մարդիկ իրենց երկիրը պաշտպանելու համար ներքին խռովքներ չունենան:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031