Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխություն և աշխատանք

Օգոստոս 05,2018 12:00

Ցանկացած հեղափոխության շնորհիվ (կամ՝ պատճառով) կտրուկ փոխվում է քաղաքացիների (նաև՝ գյուղացիների) կենցաղը, կարելի է ասել՝ կյանքը: Հավասարապես փոխվում է թե՛ հեղափոխության ջատագովների և թե՛ հակահեղափոխականների կյանքը: Հատկապես փոխվում է հեղափոխության առաջնորդների և առանձնապես անձամբ հեղափոխության առաջնորդի և նրա մերձավորների կյանքը:

Բնականաբար, հեղափոխության առաջնորդների և նրանց մերձավորների կյանքը դեպի լավն է փոխվում (ֆինանսական, սոցիալական և զանազան այլ իմաստներով):

Բայց կյանքը ցույց է տվել, որ հեղափոխության առաջամարտիկներից ոչ բոլորն են շահել: Ասված է նույնիսկ, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին: Այս ամենն առայժմ չի վերաբերում Փաշինյանի թավշյա հեղափոխության զինակիցներին, որովհետև, փաստորեն, Նիկոլի և նրա գաղափարակիցների (զինակիցների) սկսած հեղափոխությունը դեռևս ընթացքի մեջ է. չի ավարտվել:

Եվ ընդհանրապես՝ որևէ հեղափոխություն երբևէ չի ավարտվում: Ավելի ճիշտ՝ ցանկացած հեղափոխություն ավարտվում է աշխատանքով: Նիկոլի ու նրա գաղափարակիցների հեղափոխության առանձնահատկությունն այն է, որ չնայած իրենց սկսած հեղափոխությունը չի ավարտվել, բայց աշխատելու ու աշխատանքի գործընթացը սկսված է: Ընդ որում՝ չափազանց բարդ ու չափազանց պատասխանատու աշխատանքի:

Մենք բազմիցս տեսել ենք ու գիտենք, որ լավ հեղափոխականը ոչ միշտ է լավ նախարար կամ լավ պաշտոնյա լինում: Հակառակն ավելի հաճախ է պատահում: Տա Աստված, որ այս անգամ չպատահի կամ՝ հազվադեպ պատահի: Եթե նոր նախարարներն ու պաշտոնյաներն իրենց ղեկավարած տարածքներում կոռուպցիան վերացնեն կամ թեկուզ զգալիորեն պակասեցնեն, դա արդեն մեծ աշխատանք ու մեծ արդյունք կարելի կլինի համարել:

Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները և հատկապես Հայաստանի վարչապետները չափազանց շատ են խոսում կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Պայքարում, պայքարում էին, բայց Հայաստանում կոռուպցիան ոչ մի կերպ չէր վերանում: Նույնիսկ չէր էլ պակասում: Նույնիսկ ավելանում էր: Որովհետև ավելի շատ խոսում էին, քան գործում:

Թավշյա հեղափոխությունից հետո նոր Հայաստանում նույնպես պայքարում են կոռուպցիայի դեմ: Առաջամարտիկը վերստին վարչապետն է: Բայց հիմա արդեն ավելի շատ գործով են պայքարում, քան խոսքով, և դա ակնհայտ ու անժխտելի է: Դա արդեն իսկ աշխատանք է, ընդ որում՝ միանգամայն լուրջ ու շնորհակալ աշխատանք, և համոզված եմ, որ այդ աշխատանքի պտուղները շատ շուտով ի հայտ կգան:

Կոռուպցիայի դեմ պայքարը՝ մանավանդ իրական ու իսկական պայքարը, իսկապես անհրաժեշտություն է, և անհրաժեշտություն է ոչ միայն թալանչիներին պատասխանատվության կանչելը և թալանածը պետբյուջե վերադարձնելը, այլև հարկավոր է ստեղծել այն նախահիմքերն ու պայմանները, որոնց առկայության պարագայում բացառվի թալանը: Որովհետև թալանի ու կոռուպցիայի պատճառը ոչ միայն մարդ արարածն է, այլև այն պայմանները, որոնք տվյալ մարդ արարածին հնարավորություն են տալիս թալանելու և կոռուպցիայով զբաղվելու:

Իհարկե, պաշտոնյայի բարոյական կերպարը հույժ կարևոր է, և այն պետք է բոլորի ուշադրության առարկան լինի, բայց պետության կառուցման գործում ոչ միայն նախարարների, փոխնախարարների ու այլ պաշտոնյաների բարոյական նկարագիրն է կարևոր, այլև նույնքան կարևոր են տվյալ պաշտոնյաների պրոֆեսիոնալիզմն ու մասնագիտական պատրաստվածությունը, և հիմա, երբ երկրում հեղափոխություն ու հեղաշրջում է տեղի ունեցել, նորարարության պահանջ կա բոլոր բնագավառներում, և եթե հեղափոխության ընթացքում հեղափոխականների «դուխով» կարգախոսը գտնված ու պահանջված էր, հեղափոխության նպատակներն ու գաղափարներն իրագործելու ու կյանքի կոչելու գործընթացի ընթացքում «դուխով» կարգախոսից առավել նախընտրելի ու պահանջված պետք է լինի «խելքով» կարգախոսը:

Կարևոր պետք է դիտարկվի նաև նոր Հայաստանում հին Հայաստանի լավագույն կադրերի օգտագործումը, իսկ որ այդպիսիք կան՝ չենք կասկածում: Գուցեև քանակով ոչ շատ, բայց հաստատ կլինեն: Կլինեն օրինակելի ու արհեստավարժ մասնագետներ, ովքեր նույնիսկ կոռուպցիայի մեջ թաթախված չեն լինի: Գուցեև քանակով շատ քիչ, բայց հաստատ կլինեն: Պարզապես հարկավոր է փնտրել և գտնել այդ քչերին: Այնպես, ինչպես ներքին գործերի բնագավառում Օսիպյանին գտան:

Որովհետև միայն համազգային, միասնական ու համընդհանուր ջանքերով է հնարավոր իրականություն դարձնել մեր երազած պետության տեսլականը:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031