Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վերջապես պետք է գնահատել, թե ինչ կորուստներ կունենա Հայաստանը և հայ ժողովուրդը` Սևանա լիճը կորցնելով

Օգոստոս 23,2018 19:40

«S.O.S Սևան» նախաձեռնության բաց նամակը ՀՀ Ազգային ժողովին

            «S.O.S Սևան» նախաձեռնությունը, որը միավորում է տասնյակ հասարակական կազմակերպությունների և անհատների, բաց նամակ է ուղղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանին և ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներին` առաջարկելով մերժել ՀՀ կառավարության ներկայացրած Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրենքի նախագիծը:

Բաց նամակում նշված է.

«Կառավարությունն օգոստոսի 23-ին միաձայն որոշում ընդունեց Սևանա լճից 40 միլիոն խմ հավելյալ ջրառի մասին: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը օգոստոսի 28-ին ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը արտահերթ նիստում: Քննարկման ժամանակ հիմնականում ներկայացվեց ոռոգման ջրի  խնդիրները: Ոչ մի գնահատական չտրվեց սպասվող ջրառի արդյունքում Սևանա լճին սպառնացող վտանգներին: Չներկայացվեց հասարակական կազմակերպությունների, գիտնականների և փորձագետների հիմնավորումները Սևանա լճի մակարդակի իջեցմամբ պայմանավորված լճի ճահճացման ռիսկերի վերաբերյալ, որոնք արդեն «S.O.S Սևան» նախաձեռնության կողմից բաց նամակով ներկայացված են եղել ՀՀ վարչապետին:

Կառավարությունը չանդրադարձավ Սևանա լճի ափամերձ համայնքներին սպառնացող ռիսկերին, որոնք կապված են լճի էկոլոգիական վիճակով պայմանավորված զբոսաշրջային բիզնեսի անկման և սոցիալական վիճակի վատացման հետ, ինչին ականատես եղանք այս տարի:

Քննարկման ընթացքում նշվեց Սևանա լճի բացասական հաշվեկշռի անթույլատրելիության մասին, սակայն ոչ ոք չասաց, որ Սևանա լիճը 2018թ-ի հունվարից մինչ օրս ունի բացասական հաշվեկշիռ, ինչը հակասում է «Սևանա լճի» մասին ՀՀ օրենքի և այս օրենքից բխող «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Այս փաստը վկայում է, որ Կառավարությունն ընդունեց հակաօրինական որոշում:

Նախագծի ռիսկերն են`

  1. Ներկայումս Սևանում տեղի ունեցող գործընթացները վկայում են այն մասին, որ լճում սկսվել է ինտենսիվ ճահճացման գործընթաց: Լճում կուտակվում են օրգանական նյութեր, իսկ լճի մակարդակի իջեցումը չի նպաստում Սևանի ինքնամաքրմանը, իսկ բարձր ջերմաստիճանը ակտիվացնում է նոր ոչ ցանկալի կենսաբանական գործընթացներ, ինչն արդեն հանգեցրել է լճի ծաղկմանը:
  2. Սևանում կապտականաչ ջրիմուռների ծաղկումից հետո այդ ջրիմուռները նստում են լճի հատակին` առաջացնելով թթվածնի դեֆիցիտ: Սա կարող է խիստ ծանր ազդեցություն գործել Սևանա լճի ձկնաշխարհի վրա:
  3. Սևանա լճից հավելյալ ջրառը չի լուծի Արարատյան դաշտի ոռոգման խնդիրները, քանի որ ջրի կորուստը Սևան-Հրազդան ջրատարում կազմում է 70-80 տոկոս, և ջուրը չի հասնում հողագործներին:
  4. 2018թ-ին հունիսի վերջից Սևանա լճի մակարդակը սկսեց իջնել և հետագա իջեցումը կհանգեցնի ջրի որակի փոփոխմանը: Նման իրավիճակում Սևանա լճում քաղցրահամամ ջրի փոխարեն մենք կունենանք ճահիճ, որի ջուրն ընդհանրապես անպիտան կլինի ոռոգման համար օգտագործելու:

Վերջապես պետք է գնահատել, թե ինչ կորուստներ կունենա Հայաստանը և հայ ժողովուրդը` Սևանա լիճը կորցնելով:

«S.O.S Սևան» նախաձեռնությունը դիմում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ պարոն Արա Բաբլոյանին, ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովին, բոլոր խմբակցություններին և պատգամավորներին` մերժելու կառավարության ընդունած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031