Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրի «սաբոտաժնիկները» ջուրը բաց են թողել ոչ ոռոգման սեզոնին՝ ՀԷԿ-երի համար

Օգոստոս 25,2018 14:00

Սեյրան Մինասյանը վստահեցնում է՝
«Սեւանից մի կաթիլ ջուր բաց թողնելն էլ վտանգավոր է»

Երեկ կառավարությունը հաստատեց՝ այս տարի Սեւանա լճից բաց կթողնվի մինչեւ 210 մլն խմ ջուր, օրենքով սահմանված 170 մլն. խմ-ից բացի, հավելյալ մինչեւ 40 մլն. խմ եւս բաց է թողնվելու: Կառավարության ներկայցուցիչները երեկ պնդում էին, թե՝ այլ ելք չկար, եթե չգնային նման քայլի, ապա գյուղացիների այգիները կչորանան, բերքը կփչանա: Վարչապետ Փաշինյանը նույնիսկ ասաց՝ այս նախագիծը կառավարության նիստի օրակարգում եղած ամենաանցանկալի հարցերից մեկն է: Մինչ որոշման նախագիծն ընդունելը լճից հավելյալ ջրառի վերաբերյալ մի շարք քննարկումներ են եղել, վարչապետն այն ժամանակ ասել էր՝ է «Սեւանա լճին չի կարելի վերաբերվել որպես ջրի տարա»: Երեկ էլ նույնը կրկնեց, բայց նախագիծն ընդունվեց միաձայն, չնայած, որ Փաշինյանը կասկած հայտնեց՝ Հայաստանում ջրային մաֆիա գոյություն ունի. «Եթե այդ ջրային մաֆիան գոյություն ունի, շատ արագ պետք է կապիտուլյացիայի ենթարկվի»:
«Ջրի մաֆիան փաստի առաջ է կանգնեցրել ամբողջ երկիրը, ինչպես որ ամեն տարի է եղել»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանը: Նա օրերս ասել էր, որ Սեւանա լիճը գտնվում է կրիտիկական վիճակում եւ անգամ օրենքով թույլատրելի 170 մլն.խմ չպետք է բաց թողնվի: Հիմա էլ պնդեց՝ լճից հավելյալ անգամ մեկ կաթիլ ջուր վերցնելը վտանգավոր է լճի համար:

Մինասյանը, որը մասնակցել է լճից հավելյալ ջրառի բացթողման շուրջ քննարկումներին, վստահեցրեց՝ «Ջուրն ապրիլից բաց են թողել: Այս տարի ջրամբարների լցվելու համար բոլոր պայմանները եղել են, ջրատվությունն 100% է եղել, բաց են թողել ոռոգման սեզոնից դուրս, հոսանքի արտադրության՝ ՀԷԿ-երի համար եւ այլն: Ուղղակի կազմակերպված ջուրը վատնել են, որպեսզի բերեն հասցնեն այս վիճակին: Քննարկմանը ես եղել եմ, փաստորեն այգիներ կան, եթե այգիներ չլինեին, միամյա բույսեր լինեին, նույնիսկ կարելի էր գնալ այլ լուծման: Բայց… մինչեւ ամբողջ կառուցվածքը չփոխվի, այդ «սաբոտաժնիկները» չփոխվեն՝ ամեն տարի այս վիճակն է լինելու»:

Ովքե՞ր են ջրային «սաբոտաժնիկները», մեր ճշտող հարցին, Մինասյանը պատասխանեց՝ «Ջրային կոմիտեի աշխատակիցները: Կոմիտեի նախագահն է փոխվել, նա շատ ինտիլիգենտ անձնավորություն է, մնացածը… մեջներն, իհարկե կան մասնագետներ, բայց մեծ մասը… ես կասեի 7-8 տարի մտածված, ծայրահեղ վատ կառավարում են իրականացնում: Ոչինչ չի արվում բարելավելու ջրային համակարգերի վիճակը, ոռոգման, ջրօգտագործման եւ այլն: Եվ եթե կտրուկ քայլեր չանեն՝ մյուս տարի նույնն է լինելու: Մյուս տարի կգա օգոստոս ամիսը ու կրկին փաստի առաջ կկանգնեցնեն կառավարությանը»:

Մասնագետն ասաց, որ քննարկման սկզբում առաջարկ է եղել լճից մոտ 80 մլն. խմ բաց թողնել, հետո՝ քննարկումների արդյունքում իջեցրել էին 25 միլիոնի. «Հիդրոմեդի տվյալներով կանխատեսվում էր, որ եթե 25 միլիոն վերցնեն՝ բալանսը կգա զրո կլինի: Իրենց՝ հաշվարկներով էլ մինչեւ 40 միլիոնի կարիք կարող է լիներ: Խորհրդակցության ժամանակ 25-ի վրա ավարտվեց քննարկումը: Իհարկե որոշում չեղավ, դե հետո, փաստորեն որոշել են 40-ով ներկայացնեն: Կրկնեմ՝ Սեւանա լճի համար ցանկացած քանակի հավելյալ ջուր վերցնելը վտանգավոր է: Բայց ջրպետկոմականները, ջրբաշխները, ՋՕԸ-երի ներկայացուցիչները ամենավատ տարբերակին են բերում՝ վատի եւ ամենավատի միջեւ ընտրության առաջ կանգնեցնում կառավարությանն ու ժողովրդին: Ասում են՝ որոշեք, Սեւանից մի քիչ էլ բաց թողնե՞նք, թե՞ էս-էս գյուղերը՝ մոտ 3,5 հազար հեկտար այգիները պետք է չորանան, ու պիտի պատասխան տանք: Ահավոր կոնֆլիկտային քննարկում էր: Իրենք ամեն տարի են այդպես անում: Իրենք ոչ ոռոգման սեզոնին բաց են թողել, չեն թողել ջրամբարները լցվեն, Արփա-Սեւան թունելը, հենց ամռանը՝ ոռոգման սեզոնին են կանգնեցրել վերանորոգման: Ու սա արդեն 2012 թվականից սկսած: Այդ ժամանակվանից Սեւանի մակարդակը չեն բարձրացնում: Հարց եմ տալիս՝ ինչո՞ւ 2002-2012 կարելի էր 3,5 մետր բարձրացնել, իսկ այս 7 տարում ընդամենը 20 սանտիմետրից մի փոքր ավել, ու սա բոլոր տարիներն իրար հետ: Ուրեմն՝ ներքին նման որոշում կա»:
Երեկ կառավարության նիստին բնապահպանության նախարարն էլ վստահեցրեց՝ մեր երկրում ջրային ռեսուրսները ճիշտ չեն օգտագործվում. «Մենք այն բացառիկ երկրներից ենք, որ ունենք ինքնաբավ ջրային պաշարներ, բայց ջուրն արդյունավետ չի օգտագործվում,…ստեղծված իրավիճակում կա որոշ անձերի գործոն: Բազմաթիվ ՀԷԿ-եր, որոնք ոռոգման սեզոնին չպետք է այդքան էլեկտրաէներգիա արտադրեին, արտադրել են: Այս տարի, բոլորս հիշում ենք, թե գարնանն ինչպիսի տեղումներ կային, սակայն կրկին ունենք ջրամբարների թերլցվածության հարցեր: Համալիր լուծում է պետք»:

Կառավարությունն իր որոշումը հիմնավորում է ջրի դեֆիցիտը մեղմելու հանգամանքով: Նախագծում նշված է՝ «2018-ի հունիսի 15-ի դրությամբ, 2016-ի նույն օրվա համեմատ, ջրամբարներում ջրի դեֆիցիտը կազմել է 155 մլն խմ, իսկ Սեւան-Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարանի, Ազատի եւ Մարմարիկի ջրամբարներում՝ 35 մլն խմ: Անխուսափելի է նաեւ ջրի դեֆիցիտ Սեւան-Հրազդան համակարգը սնող Հրազդան գետի ջրատվությունում հուլիս-սեպտեմբեր ամիսներին: Սեւան-Հրազդան համակարգի իշխման տակ գտնվող 39 հազ հա հողատարածքների ջրապահովվածության հաշվարկներում նախատեսվել է Հրազդան գետի ջրատվությունն ամբողջ ոռոգման ժամանակահատվածում 165 մլն խմ, որից հուլիս-սեպտեմբեր ամիսներին՝ 110 մլն խմ, սակայն գետերի բազմամյա ջրագրության տվյալների համաձայն սակավաջուր տարում այդ ամիսների Հրազդան գետի հոսքը կազմում է 5.8 մ/վրկ՝ 55-60 մլն խմ առանձին տարիների՝ շուրջ 70 մլն խմ, նախատեսվածից 40-45 մլն խմ պակաս: Այսպիսով, 2018 թվականին համակարգի ոռոգման ջրի դիֆիցիտը 2016-ի համեմատ կկազմի շուրջ 40 մլն խմ՝ Մխչյանի եւ Ռանչպարի պոմպակայանները լրացուցիչ ծանրաբերնվածությամբ շահագործելու պարագայում»:

Կառավարության այս նախագիծն ընդունելու համար ամսի 28-ին հրավիրվելու է ԱԺ արտահերթ նիստ: Մինչդեռ բնապահպաններն անհանգստացած են. երեկ «S.O.S Սեւան» նախաձեռնությունը հայտարարությունով դիմել է Ազգային ժողովի նախագահին եւ նախագիծը ԱԺ-ում ընդունող այլ պատասխանատուներին` մերժելու կառավարության նախագիծը: Ըստ «S.O.S Սեւան» նախաձեռնության, նախագիծը մի շարք ռիսկեր է պարունակում՝ լճի ինտեսիվ ճահճացումը, կապտականաչ ջրիմուռների ծաղկման արդյունքում լճի հատակին առաջացած թթվածնի դեֆիցիտը, ինչը կարող է ծանր ազդեցություն գործել լճի ձկնաշխարհի վրա: Մասնագետները նաեւ նշել են, որ լճից հավելյալ ջրառը չի լուծի Արարատյան դաշտի ոռոգման խնդիրները, քանի որ ջրի կորուստը Սեւան-Հրազդան ջրատարում կազմում է 70-80%, եւ ջուրը չի հասնում հողագործներին: Բացի այս, ըստ մասնագետների՝ 2018թ-ի հունիսի վերջից լճի մակարդակը սկսել է իջնել, հետագա իջեցումը կհանգեցնի ջրի որակի փոփոխմանը եւ նման իրավիճակում Սեւանա լճում քաղցրահամ ջրի փոխարեն կունենանք ճահիճ, որի ջուրն ընդհանրապես անպիտան կլինի ոռոգման համար օգտագործելու:

«Կառավարությունն ընդունեց հակաօրինական որոշում»,-ասված է հայտարարության մեջ:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

24.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031