Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն Ամուլսարի մասին․ «Այս պահին անառարկելի փաստեր չկան»

Սեպտեմբեր 02,2018 22:45

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին, անդրադարձավ Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդրին։ Փաշինյանն ասաց, որ բնապահպանական տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել Ամուլսարի հանքավայրում, որի արդյունքները հնարավորություն են տալիս գալ միջանկյալ եզրակացության։

Ամուլսարի հանքի շահագործման դեմ մեկ ամսից ավելի է բողոքի ցույց է իրականացվում, ցուցարարները փակ են պահում հանք տանող ճանապարհը։

Փաշինյանն ասաց, որ հանքը  շահագործել-չշահագործելու առնչությամբ, այսինքն՝ վերջնական եզրակացության համար անհրաժեշտ է իրականացնել միջազգային փորձաքննություն։

Վարչապետը հիշեցրեց՝ Ամուլսարի հանքի շահագործման խնդրի առթիվ քրեական գործ է հարուցված, քննչական կոմիտեն պետք է նշանակի փորձաքննություն․ «Կարեւոր է, որ այն իրականացնի միջազգային հեղինակավոր կազմակերպություն, որի արդյունքները ընդունելի լինեն թե Հայաստանի, թե միջազգային հանրության կողմից»։

Ըստ վարչապետի, կառավարությունն այս խնդրի վերաբերյալ ուզում է փարատել բոլոր կասկածները՝ կամ դրական կամ բացասական, եւ միայն փորձաքննության հիման վրա կայացնել որոշում․ «Այս պահին անառարկելի փաստեր չկան, կան որոշակի խախտումներ, մտահոգություններ, բայց մեզ հարկավոր են փաստեր, եւ այդ փաստերի հավաքագրումը շարունակվում է»։

Կառավարության որոշումները, ինչպես հայտարարեց վարչապետը, կարող են հիմնված լինել միայն անառարկելի փաստերի վրա։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930