Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Մենք, օգտվելով առիթից, էն մյուս գողերին կհարցնենք, դե եկեք ասեք՝ ձե՞զ որտեղից բնակարան Հյուսիսային պողոտայում»

Սեպտեմբեր 10,2018 20:07

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այսօր Էրեբունի համայնքում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա իր ելույթում անդրադարձավ այն քննադատություններին, թե որտեղի՞ց Հայկ Մարությանին այդքան փող, որ Հյուսիսային պողոտայում տուն ունի. «Այսօր շատերը հարցնում են, իբր իրենց արեւին հակաքարոզչություն են անում, ասում են՝ բա ո՞նց ա Հայկ Մարությանը Հյուսիսային պողոտայում տուն ունի: Դուք հարցրե՞լ եք՝ էդ ոնց ա, բա էս բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք ամբողջ կյանքում 200 հազար դրամ փող են ստացել, բա էդ ո՞նց ա, որ Հյուսիսային պողոտայում տուն ունեն: Բոլորդ գիտեք, թե որտեղից Հայկ Մարությանին Հյուսիսային պողոտայում տուն, որովհետեւ դուք եք գնել այդ տունը Հայկ Մարությանի համար, ինքը իր աշխատանքով վաստակել է այդ բարեկեցությունը, որովհետեւ սիրելի է եղել ժողովրդին: Սա է հաջողության մոդելը Հայաստանում, գողերը ՀՀ-ում այլեւս տեղ չունեն: Հայաստանում տեղ ունեն աշխատող մարդիկ, Հայաստանում տեղ ունեն միայն արարող մարդիկ»:

Վարչապետն ասաց, որ այդ ընթացքում Հայկ Մարությանը երբեք ու երբեք չի քծնել իշխանություններին ՀՀ-ում. «Չի քծնել կոռումպացված իշխանություններին, միշտ եղել է քաղաքացիական ակտիվության դիրքերում, հիշում եք 150 դրամի շարժումը, երբ թողած իր աշխատանքը՝ նա ծառայեց ժողովրդին ու համոզված եղեք, ծառայելու է իր ժողովրդին: 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, դրանից էլ առաջ նա ոչ թե տասովկա էր անում, այլ գնացել դիտորդություն էր անում, որ պաշտպանի ձեզնից յուրաքանչյուրի ձայնը, յուրաքանչյուրի իրավունքը: Հայկ Մարությանը օրինապաշտ քաղաքացի է, քաղաքացիական իրավունքներին պաշտպան, փայլուն կազմակերպիչ եւ մենեջեր: ՀՀ-ում այսօր շատ քիչ դեպքեր կան, այս մարդը իր տունը գրավ է դրել, վարկ է վերցրել, կինոֆիլմ է նկարահանել ու այդ կինոֆիլմը այնքան սիրելի է եղել բոլորիդ, որ այդ տունը ոչ թե կորցրել է, այլ այդ տունը գրավից հանել է, որովհետեւ դուք որոշել եք, որ նրա աշխատանքը արժանի է գնահատանքի: Հակ Մարությանը ոչ թե «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն է, Հայկ Մարությանը ժողովրդի՛ թեկնածուն է: Այսօրվա թեկնածուներին բոլորին հարգում են, բայց չկա մեկը, որ ավելի սիրելի լինի, ավելի մոտիկ լինի ժողովրդին այնքան, ինչքան Հայկ Մարությանն է մոտիկ: Նա լինելու է այնպիսի քաղաքապետ, ես երաշխավորում եմ, այսինքն, ես չէ, որ պիտի երաշխավորեմ, նա իր խստապահանջությամբ դա կապահովի…»:

Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի՝ Հյուսիսային պողոտայում ձեռք բերած տանը՝ Փաշինյանն ասաց՝ «Ես ուրախ եմ, որ էդ թեման հիմա պտտում են, թե որտեղից Հայկ Մարությանին բնակարան Հյուսիսային պողոտայում: Չնայած հիմա Հյուսիսային պողոտայում չես, չէ՞: Հիմա ուրախ եմ, որ այդ թեման պտտում են: Շատ լավ, եկեք պայմանավորվենք, Հայկ Մարությանը ձեզ ցույց կտա որտեղից իրեն բնակարան Հյուսիսային պողոտայում ու մենք օգտվելով առիթից՝ էն մյուս գողերին կհարցնենք, դե եկեք ասեք՝ ձե՞զ որտեղից բնակարան Հյուսիսային պողոտայում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930