Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԸ

Սեպտեմբեր 28,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ երեսունյոթերորդ

 

ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԸ

Հիմա Ռոլանդի անունը գրելով՝ մտածում եմ, որ Պողոսյան Հասմիկից առաջ էլ Ռոլանդն էր  Հայաստանի մշակույթի նախարարը, ավելի ճշգրիտ՝ Պողոսյան Հասմիկից առաջ ու Ռոլանդից հետո մշակույթի նախարարը բանաստեղծ Հովեյան Հովիկն էր, ով նույնպես ծագումով  սասունցի էր եւ ում ինչ-որ էլեկտրիկի հետ կապված միջադեպի պատճառով պաշտոնանկ արեցին, եւ, փաստորեն, մշակույթի էս երեք նախարարներն էլ ծագումով սասունցի են , եւ հիմա էս ուղղությամբ որ մտածում եմ, սկսում եմ հասկանալ, որ սասունցիների շառավիղները չափազանց  հաջող կարիերա են արել ու անում՝ թե՛ Սովետի օրոք, եւ թե՛ անկախության էս երկուսուկես տասնամյակների ընթացքում, եւ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանն էլ էր սասունցիների շառավիղ, եւ, բնականաբար, Տարոն Մարգարյանն էլ, եւ նմանապես Արեյան Կամոն, ինչպես նաեւ՝ Իսրայելյան Վրեժն ու Աֆոն, ինչպես նաեւ՝ սասունցի շատ ուրիշներ, ովքեր համեմատաբար ցածր պաշտոնների են, բայց միշտ ձգտում են բարձրերին, բայց սասունցիների, մշեցիների ու պաշտոնյաների թեման առանձին թեմա է, որն արժանի է հատուկ, առանձին ու խորը վերլուծության ու ուսումնասիրության, եւ հիմա էդ իմաստով պահը պատեհ չի, որովհետեւ հիմա Մուշեղ Գալշոյանի ու Ֆրունզիկ Մկրտչյանի պատմությունը պիտի պատմեմ, չնայած, դուք էլ եք վկա, որ սասունցիների ու պաշտոնյաների թեմային հենց Մուշեղ Գալշոյանի ու Ֆրունզիկ Մկրտչյանի հետ կապված պատմության առիթով անդրադարձա, եւ պիտի ավելացնեմ, որ ինքը՝ Մուշեղ Գալշոյանն էլ էր սասունցու ու մշեցու շառավիղ, ինչպես նաեւ՝ պաշտոնյա, եւ հատկապես գրողների ու բանաստեղծների համար էր պաշտոնյա, որովհետեւ ինքը մեր ջահելության տարիներին «Սովետական գրող» հրատարակչության  ժամանակակից գրականության բաժնի վարիչն էր, եւ, փաստորեն, իրենից էր կախված մեր գրքերի տպագրությունը, եւ, փաստորեն, մեր առաջին գրքերն իր աջակցությամբ ու իր շնորհիվ տպագրվեցին, եւ չնայած անձամբ իմ գրքի տպագրության հարցում հրատարակչության գլխավորներից Գեւորգ Արշակյանն էլ էր շահագրգռված, Մուշեղ Գալշոյանի շահագրգռվածությունն էլ չափազանց էական նշանակություն ունեցավ, եւ Գալշոյանը չափազանց հայրենասեր ու ազգասեր լինելով՝ արդեն «Գարունում»  կարդացել ու շատ էր հավանել իմ «Իգդիրը տատիս պատմածով» բանաստեղծությունը, ու նաեւ էդ էր պատճառը, որ Ռոլանդի միջոցով ինձ իր էդ «Ծաղկած քարեր» ֆիլմի պրեմիերայի հրավիրատոմսն էր ուղարկել, բայց եթե ուղարկած էլ չլիներ, իր էդ ֆիլմի պրեմիերային գնալու էի, որովհետեւ ֆիլմի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանից էլ էի հրավիրատոմս ստացել:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել