Լրահոս
Օրվա լրահոսը

Աչք մի փակեք, երբ ձեր երեխան հարվածում է, այլ սովորեցրեք հաշտեցնել

Հոկտեմբեր 07,2018 23:44

Մայրերը հզոր չեն, երբեք կյանք են պարգևում, մայրերը հզոր են, երբ հոգևոր արժեքներով հարուստ մարդ են կրթում։ Այնպիսի արժեքներով, որտեղ չկան նախանձություն, ագահություն, չարախնդություն, եսասիրություն, … այլ իշխում է բարությունն ու մարդասիրությունը, կամեցողությունն ու ճկուն միտքը։

Աչք մի փակեք, երբ ձեր երեխան հարվածում է, այլ սովորեցրեք հաշտեցնել, մի ուրախացեք, երբ ձեր փոքրիկն իր հասակակցի խաղալիքն է խլում, այլ վայելեք, երբ փոքրիկ մարդն իրեն խաղընկերներ է գտնում, օտարի մոտ մի ձևացրեք թե երեխայի անտակտ քայլի համար ապշած եք և նկատողություն եք անում, իսկ օտարի հեռանալուց անմիջապես հետո ձեր գոհունակությունը հաղորդեք երեխայի անբարեկիրթ վարքագծին։

Եվ պետք չի հետևել թե ինչ սկզբունքներով են իրենց երեխաներին դաստիարակում այն ծնողները, որոնց կարծիքով մանկապարտեզը երեխային կոտրում է։ Չի կոտրում, այլ կրթում է։

Պետք չի հետևել մեծամասնության մտածելակերպին, թե այս թվի մարդ ենք մեծացնում՝ երեխայի մեջ սերմանելով էգոիզմ ու նախանձ։ Իրենք դժբախտ մարդ են մեծացնում, ով երբեևէ չի գոհանալու իր ունեցածով, իսկ դժգոհ մարդը երբեք իրեն բավարարված չի զգալու, իսկ երջանկությունը բավարարվածության մեջ է։

Ինչպես գրել է մեծանուն լոռեցին՝ Հովհաննես Թումանյանը՝

«Անց ենք կենում… միայն անմահ

Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա

Ու մարդ կերթա անարատ»։

Այո մարդասիրությունը պահպանվող զգացմունք է, որը մենք ակամայից կիսում ենք մեզ այդ  հաճելի իրողությունը պարգևած մարդու արարքը լսելով, տեսնելով կամ կարդալով։

Մեր ազգի բարերարներին ու անձնվեր մարդկանց թվարկել և բաց թողնել որևէ մեկի անունն արդարացի չի լինի։ Քանի որ նման մարդիկ տարբեր դարաշրջաններում եղել են և ներկայումս էլ կան, արարում են  թե մեր երկրում, թե սահմաններից դուրս և հայի անունը բարձր դիրքերում պահում։

Վերջերս, սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի բոթը արտասահմանյան մամուլում կարդալուց աչքովս ընկավ մի հոդված, որը պատմում էր 21- ամյա Անտոնիուս Գունավան Ագունգի մասին, ով իր կյանքն է նվիրել, որպեսզի մարդկանցով լի մի ամբողջ օդանավ փրկի: Այս երիտասարդ ավիոդիսպետչերը աթոռից չշարժվեց երբ հզոր երկրաշարժը ցնցում էր շենքը, որպեսզի հնարավորություն տա վերջին օդանավին թռչի ու փրկվի: Արդյունքում ինքը մահացու վիրավորվեց: Մինչդեռ իր կոլեգաները վազեցին ճոճվող աշտարակից դուրս, որ փրկեն իրենց կյանքերը, այս 21 տարեկան անձնվեր տղան մնաց իր տեղում մինչև որ վերջին օդանավը կթռներ արդեն ճաքած վազքուղու վրայով: Հենց օդանավը թռավ, ինքն էլ հնարավորություն չուներ դուրս գալու և միակ ճանապարհը ցած նետվելն էր, որ փրկվեր: 4 հարկի բարձրությունից թռավ ու մահացու վիրավորվեց:

Մի գուցե և այդ ինքնաթիռում չլիներ մեկը, ով իր մարդկային արժեքներով հավասար լիներ այդ 21-ամյա տղային ում համար արժեր, որ նա իր կյանքը զոհեր, բայց վստահ եմ, որ կլինեին մարդիկ ում տանը սպասում են փոքրիկներ և որոնց սպասումներն իրենց ծնողին հանդիպելու ու գրկելու արդարացվեցին և երկկողմանի կարոտն ու երջանկությունը միախառնվեց ի շնորհիվ այդ տղայի։

Եվ երբ կան մարդիկ, ովքեր մեզ համար կյանք են զոհում, ովքեր պատերազմի դաշտում անհատույց բժշկում են վիրավորվածներին, ովքեր անաղմուկ բարեգործությամբ են զբաղվում  փրկելով կյանքեր, ինչքան ճղճիմ կլինի մեր կողմից և ինչ խղճով պետք է եսասիրությամբ ու նախանձով պատենք մեր երեխաներին՝ գիտակցելով, որ կյանքի ճանապարհին մի գուցե մի օր նրանք էլ օգնության կարիք են ունենալու և այն մեծահոգիները, ովքեր ձեռք պետք է մեկնեն՝ չկան, քանի որ նրանց մենք պետք է մեծացնեինք և այդպես էլ այդ պարտականությամբ չենք լծվել։

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031