Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգած բարձրագույն մշակույթը պահելու հիմքը դրվում է ուսանողական տարիներից»

Հոկտեմբեր 08,2018 12:30

Իտալացիները հիացած են հայ ուսանող երաժիշտներով

Մշակութային բուհերի երկկողմ համագործակցությունը, ինչը նախ նպաստում է երկու մշակույթների ճանաչելիությանը, ապահովում է ուսանողների, դասախոսների շարժունակությունը, ասել է թե՝ փոխադարձ վարպետության դասերի, դասախոսությունների իրականացում: Այս ամենում ամենակարեւորը դեռեւս ուսանողական տարիներից երիտասարդ, առաջին քայլերն անող ստեղծագործողների անմիջական շփումն է միմյանց հետ: Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա Իտալիայի Ուդինե քաղաքի Յակոպո Տոմադինիի անվան եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաների ուսանողների միացյալ նվագախմբի սիմֆոնիկ համերգը:

«Առավոտին» Երեւանի պետական կոնսերվատորիայի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Արկադի Ավանեսովն ասաց, որ երկկողմ համագործակցում են աշխարհի ավելի քան 20 կոնսերվատորիաների հետ, իսկ Յակոպո Տոմադինիի անվան կոնսերվատորիայի դեպքում համագործակցության շրջանակն ավելի մեծ է՝ վարպետության դասեր, դասախոսություններ եւ, ի վերջո, կայանալիք համերգը, որին պատրաստվելու համար հայ եւ իտալացի ուսանողներից պահանջվեց ընդամենը 4 փորձ (Իտալիայից ժամանել է 23 ուսանող-երաժիշտ): Նվագախումբը ղեկավարելու է ճանաչված կոմպոզիտոր, դիրիժոր, Յակոպո Տոմադինիի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարկո Սոմադոսին:

Մեզ հետ զրույցում կոմպոզիտոր, Յակոպո Տոմադինիի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Ջովանի Ալբինին ասաց. «Աշխարհը վերջին շրջանում շատ է փոքրացել, հետեւաբար հայ որոշ կոմպոզիտորների ստեղծագործությունները, օրինակ՝ Կոմիտաս, Խաչատրյան, Հարությունյան եւ այլն, ծանոթ են բոլորիս, բայց այն, ինչի ականատեսը եղա Երեւանում (նկատի ունի կոմպոզիցիայի բաժնի ուսանողներին), ինձ ծայրաստիճան զարմացրեց ու հիացրեց: Առանց վարանելու կարող եմ ասել, որ նրանցից յուրաքանչյուրը պարզապես անհատականություն է»: Հավելեց նաեւ, որ իրենց քաջածանոթ են մանավանդ հայկական վոկալ դպրոցի ներկայացուցիչները, այսինքն՝ Երեւանի կոնսերվատորիայում ուսում առած երգիչները, որոնք հիանալի կարիերա են անում աշխարհում: Նշեց, որ իրենց համար հայտնություն էր ծանոթությունը հայկական ժողովրդական նվագարանների հետ, ու հավելեց. «Հատուկ մեզ համար ելույթ ունեցավ կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների անսամբլը, որի ելույթը լսելուց հետո այլեւս զարմանալի չէր, այլ օրինաչափ էր, որ հայ ստեղծագործողների երկերը ոչ միայն իրենց մշտական տեղն ունեն համաշխարհային մեծության որոշ երաժիշտների, այլեւ համբավավոր նվագախմբերի նվագացանկում: Դուք ունեք հզոր ժառանգություն…»:

Զրույցին ներկա դիրիժոր Մարկո Սոմադոսին հիացական խոսքեր ուղղեց ոչ միայն հայ ուսանող-երաժիշտների հասցեին, այլեւ փոխանցեց հիացական տպավորությունները հայկական ճարտարապետության վերաբերյալ: Նա կարծիք ու ցանկություն հայտնեց, որ երկկողմ համագործակցությունը շարունակական կլինի՝ քանիցս կրկնելով, որ բոլոր ազգերի մոտ ժառանգած բարձրագույն մշակույթը պահել ու պահպանելու հիմքը դրվում է ուսանողական տարիներից:

Զրուցեցինք նաեւ իտալացի երաժիշտների հետ ժամանած Յակոպո Տոմադինիի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանող, կիսով չափ հայ Կամիլա Գարգինովայի հետ, որը Մոսկվայի Գնեսինների ակադեմիան ավարտելուց հետո երեք տարի է, ինչ սովորում է նշյալ բուհում: «Մայրական կողմի տատիկս հայ է, փոքրուց լսել եմ հայկական երաժշտություն: Ոչ միայն երաժշտությունը, այլեւ այն ամենը, ինչ տեսա ու զգացի այստեղ, ինձ կախարդել է: Այս համերգին, իհարկե, հայկական կամ որեւէ հայ կոմպոզիտորի երկ չեմ պատրաստել, բայց հաջորդ այցիս ընթացքում կերգեմ ոչ միայն հայերեն, այլեւ հայկական գործեր: Բացի բուհական ծրագրերից, մենք հանդիսատեսի կարգավիճակով ներկա ենք գտնվել մեկ-երկու երաժշտական երեկոների: Կուզեի առանձնացնել հատկապես այս օրերին Հայաստանում անցկացվող «Կոմիտաս» միջազգային փառատոնի շրջանակներում անցկացվող համերգը, որտեղ առաջին անգամ էինք լսում «Հովեր», Հայաստանի պետական եւ «Սպեղանի» կամերային երգչախմբերի կատարումները: Ոչ միայն ես, իտալացիները նույնպես հաճելիորեն զարմացած էին կատարումներից: Իսկապես՝ բրավո: Իսկ ես, քանի որ իտալացի ընկերներս գիտեն, որ երակներովս նաեւ հայի արյուն է հոսում, հպարտ էի»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Ջովանո Ալբինին, Արկադի Ավանեսովը, Կամիլա Գարգինովան եւ Մարկո Սոմադոսին:

«Առավոտ»

06.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031