Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրօրինակ տարեդարձ Գյումրու թատրոնի բեմում․ Հրանտ Թոխատյանին անակնկալի բերեցին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հոկտեմբեր 08,2018 21:12

153-րդ թատերաշրջանը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում յուրօրինակ ձևով տոնվեց․ «Բայ բայ լեյդի» կատակերգության առաջնախաղը դիտելու եկած հանդիսատեսին թատրոնի ճեմասրահում` Շառ Ազնավուրի երգերի տակ դիմավորում էին նախորդ ներկայացումների՝«Լիր արքայի», «Մեսրոպ Մաշտոցի», «Անասնաֆերմայի», «Չար ոգու», «Երկնագույն շան աչքերի» հերոսները։ Անակնկալի եկած մարդիկ մինչև դահլիճ մտնելը լուսանկարվում էին որոշակի դրվագներ ցուցադրող հերոսների հետ, վայելում Մեծն Շանսիոնեի երգերը։

«Բայ բայ լեյդի» կատակերգությունը ներկայացված է ֆրանսիացի գրող Ալեն Ռեյնո-Ֆուրտոնի «Ամադեյի դասը» պիեսի հիման վրա։ Գլխավոր հերոսներին մարմնավորում են սիրված դերասաններ, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը և Ռոզի Ավետիսովան։ Բեմադրող ռեժիսորը Լյուդվիգ Հարությունյանն է։

Ամադեյը, որն իր ամբողջ կյանքում ֆրանսերեն է դասավանդել, սերունդներ կրթել, այժմ թոշակառու է, կնոջ մահից ապրում է միայնակ՝ միապաղաղ կյանքով, բայց մի գեղեցիկ օր, իր տանը նստած՝ հանկարծ փոխվում է իր կյանքի ընթացքն․ ակամա հայտնվում է «գիշերային թիթեռնիկների» շրջապատում ու ընկնում նրանց խելահեղ պատմությունների մեջ։ Անառակ կյանքով փող վաստակող աղջիկները, սակայն, շուտով ստանում են Ամադեի դասերը՝ լրջանալով ու վերջ տալով անբարո կյանքին։ Իհարկե, «թիթեռնիկներն» էլ որոշակի դասեր էին տալիս Ամադյին, նրան գցում փորձանքի մեջ, որի պատճառով ֆրանսերենի ուսուցիչը, երբեմն, վրդովվում էր, խնդրում հեռու մնալ իրենից, սակայն կարճ ժամանակ անց հասկանում, որ սեփական սխալները ընդունելու պատրաստ անբարոյականների ընկերակցությունը շատ ավելի լավ է միայնակությունից։ Եվ ամենակարևորը՝ որ տարիքում էլ լինի, մարդն ունակ է սիրելու, նոր կյանք սկսելու։

Ինչպես միշտ, թատրոնը լեփ-լեցուն էր, չնայած երեկոյան ժամերին Գյումրու քաղաքային տրանսպորտը գրեթե չի աշխատում, անգամ միջոցառումների օրերին վիճակը տխուր է, այդուհանդերձ թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանին ու գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանին հաջողվել էր տներից հանել ու թատրոն բերել տարբեր սերունդների ներկայացուցիչների։

Թատրոնի 700 տեղանոց դահլիճը դարձյալ բավարար չէր հանդիսատեսի համար, շատերը ստիպված էին միջանցքի հատակը որպես նստարան ծառայեցնելու։ Սա, ի դեպ, արդեն սովորույթ է դառնում Գյումրու թատրոնում; Հյուրեր կային նաև մայրաքաղաքից, մասնավորապես մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նշենք, որ պարոն Հովհաննիսյանին իր ընտանիքով հաճախակի կարելի է տեսնել Գյումրու թատրոնի ներկայացումներին։

Ներկայացման ավարտից հետո թատրոնի անձնակազմն անակնկալի բերեց սիրված դերասան Հրանտ Թախատյանին՝ հանդիսատեսի ներկայությամբ տորթ բարձրացնելով ու նրա 60-ամյա հոբելյանը հենց բեմում նշելով։ Դահլիճից ծափահարություններն ու շնորհավորանքները երկար ժամանակ չէին դադարում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031