Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Խարաջանյան. «Խաչատրյանի ստեղծագործություններն ունեն ազգային գույներ, որոնք վառ արտահայտված են նրա դաշնամուրային ստեղծագործություններում»

Հոկտեմբեր 26,2018 14:15

Հոկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հնչեցին Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունները։ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հայ մեծ կոմպոզիտորի դաշնամուրային գործերը ներկաների ունկնդրմանը ներկայացրին Խաչատրյանի անվան եռյակի դաշնակահարուհի, պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը և Լատվիայի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, Լատվիայի կոմպոզիտորների միության անդամ, արվեստագիտության դոկտոր, Լատվիայի վաստակավոր արտիստ Րաֆֆի Խարաջանյանը։

Արմինե Գրիգորյանը նշում է, որ Րաֆֆի Խարաջանյանի հետ վաղուց են համագործակցում, համատեղ հանդես են գալիս AR-RA դուետի շրջանակներում` ելույթ ունենալով տարբեր բեմերում։

Րաֆֆի Խարաջանյանը նշում է, որ ուրախ է հանդես գալ խաչատրյանական փառատոնի շրջանակներում։ Տեղեկացնենք, որ դաշնակահարը հեղինակել է «Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունները» աշխատությունը, որը լույս է տեսել 1973 թվականին։ «Երջանկություն եմ ունեցել հանդիպելու Արամ Խաչատրյանի հետ, միասին նայում էինք գրքի ձեռագիր տարբերակը, վարպետն ինձ օգնել է խորհուրդներով։ Խաչատրյանի ստեղծագործություններն ունեն ազգային գույներ, և դրանք վառ արտահայտված են նաև նրա դաշնամուրային ստեղծագործություններում։ Խաչատրյանը կարողանում է դաշնամուրային ֆակտուրայի միջոցով թառի, քանոնի, հարվածային գործիքների հնչողության պատրանք ստեղծել»,- ասում է Րաֆֆի Խարաջանյանը։

Կամերային համերգի ընթացքում Արմինե Գրիգորյանն ու Րաֆֆի Խարաջանյանը ներկայացրին դաշնամուրային զուգանվագ։ Րաֆֆի Խարաջանյանը նկատում է, որ Արմինե Գրիգորյանը վայրկենապես է հասկանում իր ստեղծագործական ցանկությունները, ինչն օգնում է երաժշտությունն ավելի ներդաշնակ հասցնելու ունկնդրին։

Խաչատրյանական երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի՝ Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործություններն ընդգրկող ձայնասկավառակի շնորհանդեսը:

Հիշեցնենք, որ այս օրերին անցկացվող Խաչատրյանի միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031