Լրահոս
Օրվա լրահոսը

Սաշիկ Սարգսյանի որդին հրաժարվեց, որպեսզի իր հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվի վաղեմության ժամկետի լրանալու հիմքով

Դեկտեմբեր 12,2018 19:11

Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի (Սաշիկ Սարգսյան) որդիներից Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստն էր։ Հիշեցնենք, որ վերջերս նրա դեմ ցուցմունք էր տվել Դավիթ Սիմոնյանը, գործը վերաբացվել էր։ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 2007թ.-ին Դավիթ Սիմոնյանի հանդեպ սպանության փորձի կատարման համար։ Այսօրվա նիստում դատավորը մեղադրյալ Հայկ Սարգսյանին տեղեկացրեց, որ ենթադրյալ հանցագործության կատարման վաղեմության ժամկետը լրացել է (ըստ օրենքի` 10 տարի), ուստի նրա հանդեպ քրեական հետապնդումը կարող է դադարեցվել, եթե նա համաձայնի։

Հայկ Սարգսյանն իր պաշտպան Երեմ Սարգսյանի հետ խորհրդակցելուց հետո հայտարարեց, որ չի ցանկանում։ Երեմ Սարգսյանն էլ իր հերթին ասաց, որ մեղադրանքն ապօրինի է, քանի որ առաջադրվել է այն դեպքում, երբ վաղեմության ժամկետը լրացած է եղել։ Գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Աբգար Առաքելյանն առարկեց` ասելով, որ նախաքննության ընթացքում, երբ Հայկ Սարգսյանը կասկածյալի կարգավիճակում էր, հրաժարվում էր պատասխանել իրավապահների հարցերին, ուստի վաղեմության ժամկետի լրանալու հետ կապված եւս կարծիք չի հայտնել։

Կողմերն անցան դատաքննության փուլին։ Դատախազն ընթերցեց մեղադրական եզրակացությունը, համաձայն որի` 2007թ.-ին Հայկ Սարգսյանն իր բնակարանի նկուղային հարկում երկու ընկերների` Դավիթ Սիմոնյանի եւ Արթուր Սիմոնյանի հետ «Մարիխուանա» տեսակի թմրանյութ են ընդունել, ապա թմրանյութի հերթական չափաբաժնի առնչությամբ ծագած վիճաբանության ժամանակ Հայկ Սարգսյանն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակով  կրակել է Դավիթ Սիմոնյանի որովայնին, սակայն հանցագործությունն ակամայից ավարտին չի հասցրել, քանի որ Արթուր Սիմոնյանը նրա ձեռքից խլել է ատրճանակը։

Այս գործով հաջորդ նիստը նշանակվել է հունվարի 16-ին։

Հայկ Սարգսյանը վերջերս գրավի դիմաց ազատվել է կալանքից։ Նա իր եղբոր` Պրահայում օրերս «Ֆրանկլին Գոնսալես» անվամբ կեղծ անձնագրով հայտնաբերված  Նարեկ Սարգսյանի մասին լրագրողների հարցերին պատասխանել հրաժարվեց։

Ի դեպ, տուժող Դավիթ Սիմոնյանի հագուստը, որը նա կրել է 2007թ.-ին, «անհետացել» է։ Սիմոնյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դա գուցե քննչական խմբի անփութության հետևանք է, սակայն հագուստը կարեւոր է, քանի որ վրան եղել են Սիմոնյանի վնասվածքի հետքերը։

Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31