Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Սարգսյան. «Աշոցքը հայկական Ֆինլանդիան է»

Դեկտեմբեր 12,2018 20:20

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ խոսեց նոր մեկնարկած մրցաշրջանի, ֆեդերացիայի կատարած աշխատանքների եւ ապագա ծրագրերի մասին:

«Մեր մարզաձեւի համար մրցաշրջանը մեկնարկել է հոկտեմբեր ամսից: Մասնավորապես, հոկտեմբերի 20-ից մեր առաջատար դահուկավազորդների թիմը մեկնել է Ֆինլանդիա: Մենք ավանդաբար մեր մարզիկների մարզումները կազմակերպում ենք Ֆինլանդիայի հիմնական դահուկուղիներում, ինչը արդյունք է տալիս: Այս օրերին մենք մի քանի հաջողություններ ունեցանք: Բացի այն, որ մինչեւ 20 տարեկանների մեջ ունեցանք Միքայել Միքայելյանի երեք մեդալները, նույն Միքայելը, Թադեւոս Պողոսյանը, Կատյա Գալստյանը լավացրին իրենց վարկանիշային միավորները: Դա հնարավորություն տվեց Թադեւոսին եւ Միքայելին ապահովել իրենց մասնակցությունը աշխարհի առաջնության եզրափակչին: Տեղեկացնեմ, որ վերջին 4-5 տարիներին միջազգային ֆեդերացիան բոլոր մարզաձեւերում դրել է որակավորման նոր հասկացությունը: Այսինքն, պետք է հաղթահարես որակավորման փուլը, որպեսզի իրավունք ստանաս մասնակցելու մյուս մեկնարկներին: Մենք այս խնդիրը լուծել ենք երկու մարզիկների մասով: Նման հաջողություն, որ միաժամանակ երկու մարզիկ հաղթահարեն որակավորման փուլը, դեռ չէինք ունեցել:

Միքայել Միքայելյանը պատրաստվում է մասնակցել նաեւ մինչեւ 20 տարեկան երիտասարդների աշխարհի առաջնությանը եւ նրանից լավագույն 10-յակում տեղ զբաղեցնելու սպասելիքներ ունենք:

Մեկնարկած մրցաշրջանը մեր ֆեդերացիայի համար բավականին հագեցած է լինելու թե տեղական մրցումներով ու միջոցառումներով, թե արտերկրներում մրցելույթներով: Մասնավորապես, դեկտեմբերի 21-23-ին, եթե ձյան պայմանները ներեն, Աշոցքում անցկացնելու ենք դահուկավազքի հանրապետության պատանիների եւ երիտասարդների առաջնությունը: Ամանորյա տոներից անմիջապես հետո՝ հունվարի 6-9-ին, նախատեսված է մեծահասակների առաջնությունը: Մի ուրախալի փաստ. մենք երկրորդ տարին է նույն Աշոցքում, Եվրամիության ներկայացուցչության հետ համատեղ անցկացնելու ենք դահուկավազքի փառատոն, որին նպատակ ունենք հետագայում միջազգային կարգավիճակ տալ: Ու եւս մի իրադարձություն. Եկող տարի հունվարի 20-ին դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան նշելու է միջազգային ձյան օրը, որի շրջանակներում կազմակերպելու ենք երկու միջոցառում, Աշոցքում՝ Եվրամիության փառատոնի շրջանակներում, իսկ Ծաղկաձորում անցկացնելու ենք փոքր տարիքի երեխաների մրցաշար: Նախատեսվում է նաեւ, որ հունվարի 19-ին կամ 20-ին կբացվի Աշոցքի դահուկային կենտրոնի բացումը: Այն կառուցում է Եվրամիության աջակցությամբ եւ միջոցներով: Ճիշտ է, չափերի առումով կենտրոնը փոքր է, սակայն լայն հեռանկարներ ունի: Այսինքն, փորձում ենք Աշոցքը դարձնել Հայաստանի դահուկային ուղղություններից մեկը: Դրա համար շատ հետաքրքիր ծրագրեր ունենք: Աշոցքը դառնալու է սպորտային, ձմեռային, արկածային, գյուղական տուրիզմի ուղղություններից մեկը: Հատկապես ձմեռային տուրիզմի հարցով Հայաստանը բավականին հետ է մնում: Ձմեռային տուրիզմ ասելով մենք միշտ պատկերացրել ենք Ծաղկաձորը որպես լեռնադահուկային կենտրոն: Այլ կերպ ասած, Աշոցքը դառնալու է Ծաղկաձորի այլընտրանք, որտեղ տարեցտարի ծառայությունները մեծանալու են: Ունենալու ենք բազմաթիվ դահուկային տուրեր: Էլ չեմ ասում, որ ցանկացած քաղաքացի գալով Աշոցք՝ ունենալու է ազատ դահուկային զբոսանքի հնարավորություն, որը, ցավոք, Հայաստանում բացակայում է:

Ծաղկաձորը հիմնականում լեռնադահուկային կենտրոն է: Այնտեղ նաեւ դահուկավազքի հրաշալի պայմաններ կան, բայց  ամբողջը պատկանում է ինչ-որ մարդկանց՝ սեփականաշնորհված է: Աշոցքում, որն անվանում ենք Հայկական Ֆինլանդիա,  հնարավորություններն ավելի մեծ են՝ ձյուն, անծայրածիր տարածք: Այդ տարածաշրջանը կարող է ծառայություններ մատուցել մարդկանց, որը Ծաղկաձորում չեք տեսնի: Ասեմ նաեւ, որ միջազգային ֆեդերացիան Աշոցքում անցած տարի պաշտոնապես ճանաչել է չորս դահուկուղի, որտեղ արդեն իսկ սկսել ենք անցկացնել միջազգային վարկանիշային մրցաշարեր: Ցանկացած մրցաշար, որը գրանցված է միջազգային ֆեդերացիայի օրացույցում, մարզիկներին վարկանիշային միավորներ վաստակելու հնարավորություն է տալիս: Մենք ունենալու ենք վարկանիշային չորս միջոցառում՝ Հայաստանի պատանիների  եւ մեծահասակների առաջնությունները, փետրվարի առաջին տասնօրյակում եւս մի վարկանիշային մրցաշար եւ մարտի հենց առաջին շաբաթը 2019 թվականի պատանիների եւ երիտասարդների առաջնությունները:

Ունենք նաեւ լեռնադահուկային առաջնություններ: Տեղեկացնեմ, որ միջազգային ֆեդերացիան այս մրցաշրջանում մեզ վստահել է անցկացնել զարգացող երկրների լեռնադահուկային սպորտի գավաթը: Սպասվում է շուրջ տասը երկրի ուժեղագույն լեռնադահուկորդների մասնակցություն: Դա Հայաստանում լինելու է լեռնադահուկային սպորտի այդ մասշտաբի առաջին միջոցառումը: Շատ կարեւոր եմ համարում եւս մի ձեռքբերում  մեր ֆեդերացիայի եւ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի համար: Անցած տարի մենք առաջին փորձը կատարեցինք պարալեռնադահուկային առաջնություն անցկացնելու, որից հետո այս տարի նույնպես ստացել ենք այդ իրավունքը թե միջազգային պարալիմպիկ կոմիտեի, թե դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի կողմից: Այսինքն, փորձում ենք Հայաստանում զարգացնել նաեւ հաշմանդամային դահուկային սպորտը: Մեծ հաշվով, Աշոցքը ծառայելու է նաեւ հաշմանդամություն ունեցող մարդկանց, ինչի համար մենք այնտեղ շենքային պայմաններն այնպես ենք ստեղծել, որ հարմար ու հասանելի լինի», – ասաց գագիկ Սարգսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31