Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Սպարապետը մեզ բանակ տվեց». Վանաձորում նշվեց Հայոց բանակի օրը

Հունվար 28,2019 17:45

Վանաձորում Հայոց Բանակի կազմավորմանը նվիրված միջոցառումների շարքն ինչպես յուրաքանչյուր տարի, այսօր էլ մեկնարկեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանին ծաղիկներ խոնարհելով, մատուցվեց նաեւ հոգեհանգստի կարգ: Որից հետո մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հոգեւոր այրեր, զինվորականներ այցելեցին Վանաձորի զինվորական պանթեոն՝ ծաղիներ խոնարհելով նաեւ զոհված ազատամարտիկների շիրիմներին:

«Սպարապետը մեզ բանակ տվեց, կարողացավ օրհասական ժամին կազմավորված հանպատրաստի ջոկատներից ձեւավորել կանոնավոր բանակ: Իսկ դա մեծ բան է, մենք դարերով չենք ունեցել»,- խոսելով Վազգեն Սարգսյանի մասին, ասաց ԵԿՄ անդամ Ռազմիկ Մադարյանն ու իր շնորհավորանքի խոսքն ուղղեց տոնի կապակցությամբ. «Որ ասում ենք բանակ, հասկանում ենք՝ պետություն, ազգ, երկիր: Առանց բանակի մեր երկիրը ոչ մի բան է: Շնորհավորում եմ մեր հայ ժողովրդին, դիրքերում՝ Օմարի գլխին նստած զինվորից մինչեւ նախարար, մինչեւ գերագույն հրամանատար»:

Մարզկենտրոնում տոնական օրը շարունակվեց ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի N զորամասում: Այստեղ զինվորականները մեծ պատասխանատվությամբ ու սիրով էին պատրաստվել օրվան: Տեղի ունեցավ հանդիսավոր շքերթ, կատարվեց նաեւ զինվորական պարգեւների հանձնման արարողություն:

«Բանակի գլխավոր արժեքը երկրի ու ժողովրդի անվտանգությունն է, սահմանամերձ բնակավայրերի ազգաբնակչության խաղաղ գոյակցությունը: Սա պետականության կարեւորագույն հենասյունն է, եթե ոչ ամենից կարեւորագույնը: Որպես Հայոց բանակի զինվորական, ցանկանում եմ, որ մեր բոլոր զինվորականները՝ շարքային կազմից մինչեւ գերագույն հրամանատարը լինեն՝ առողջ, ուժեղ, կամային բարձր որակներով օժտված եւ լծվեն հայոց պետականության ամրապնդմանը»,-ասում է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը:

Ժամկետային զինծառայող Նարեկը կես տարուց կավարտի ծառայությունը: Ասում է՝ հպարտ է, որ Հայոց բանակի զինվոր է, միայն, թե երկիրը միշտ խաղաղ լինի. «Ավելի շատ հպարտություն եմ զգում, որ կարողանում եմ ինչ-որ բանով օգտակար լինեմ, եւ պաշտպանեմ մեր երկիրը: Մաղթում եմ անփորձանք ծառայություն, որ բոլորը բարով ծառայեն, ավարտեն եւ հասնեն իրենց ծնողներին»:

Համերգային ծրագրով օրն ավելի տոնական դարձրեցին «Հորովել» երգի-պարի համույթը եւ «Երգի թատրոնը»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031